Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եղիշե Առաքյալի վանք

Եղիշե Առաքյալի վանք
13.04.2025 | 15:46

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ, Գ. ՄԱՏԱՂԻՍ

Սբ. Եղիշե Առաքյալի վանքը հայկական ամենահին վանքերից է:

Դատելով Մ. Կաղանկատվացու հաղորդումներից, վանքը գտնվել է հնագույն սրբավայրում և նախքան Թադեոս Առաքյալի աշակերտ Եղիշեի նահատակվելը և այստեղ թաղվելը սրբավայրը կոչվել է Ներսմիհրի սուրբ ուխտ:

Համաձայն պատմիչ Մովսես Կաղանկատվացու V դարի երկրորդ կեսին Արևելից կողմանց հայոց արքա Վաչագան Բարեպաշտ արքան ձեռք բերեց Եղիշե Առաքյալի մասունքները, տեղափոխեց դրանք Արցախ, թաղեց բարձր լեռան վրա և գերեզմանի վրա մատուռ -դամբարան կառուցեց, որտեղ էլ վախճանվելուց հետո թաղվել է: Քրիստոնեության ընդունումից հետո սրբավայրը դարձավ քրիստոնեական և կոչվեց Ջրվշտիկ` վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ ջրվեժի անունով:

Եղիշե Առաքյալ վանքը եղել է կաթողիկոսանիստ, եպիսկոպոսարան, իսկ վերջին դարերում հայտնի էր իր հերոս վանականներով (Ավագ վարդապետ, Դալի Մահրասա):

Եղիշե Առաքյալ վանքային համալիրը կազմված է եկեղեցուց, գավիթից, սեղանատնից, 7 մատուռներից, վանական և առաջնորդական շինություններից և մի շարք բնակելի ու տնտեսական նշանակություն ունեցող շինություններից, շրջափակված պարիսպներով:

Վանքի գլխավոր եկեղեցին, որն իրենից ներկայացնում է թաղածածկ դահլիճ, կառուցվել է XII-XIII դդ.: Իր երկար պատմության ընթացքում եկեղեցին բազմիցս վերակառուցվել է, ինչի մասին վկայում են քարակառույցում օգտագործված ավելի հին քարեր, որոնց վրա պահպանվել են արխաիկ ճարտարապետական էլեմենտներ: Եկեղեցին ունի երկու մուտք` հարավից և արևմուտքից:

1284 թ. կառուցվել է եկեղեցու գավիթը` ընդհանուր ճարտարապետությանը համապատասխան: Գավիթը քառակուսի դահլիճ է, երկու քանդակազարդ սյուներով:

Ըստ դռան բարավորի վրայի արձանագրության, այն կառուցվել է 1264 թվականին, Խաչատուր շինարարի կողմից: Տանիքին 1323թ. կառուցվել է քառասյուն զանգաշտարակը:

1286 թ. Վաչագան Բարեպաշտի գերեզմանի վրա վանահայր Սիմեոնը կառուցել է եկեղեցի: Գլխավոր եկեղեցու երկու կողմում գտնվում են մատուռներ` երեքը հարավային մասում և չորսը հյուսիսային, որոնք միաժամանակ ծառայել են նաև որպես դամբարաններ: Վանքի հարավային մասում են գտնվում խցերը և սեղանատունը: Նրանց շարքում իր ճարտարապետությամբ առանձնանում է վանահորը պատկանող երկհարկանի շինությունը (1552 թ.):

XVI դարում վանքը պարսպապատվել է, կառուցվել են երկու կամարակապ դարպասները: Վանքի շուրջ սփռված են բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր և գերեզմանաքարեր, որոնք թվագրվում են XIII-XVIII դդ.:

Միջնադարում Եղիշե Առաքյալ վանքը եղել է Արցախի մշակույթի և դպրության կենտրոն: Այստեղ պահվել են բազմաթիվ ձեռագրեր, կրոնական և աշխարհիկ փաստաթղթեր, եկեղեցական սպասք: 1899 թվականին գտնվել են վանքի VII-VIII դարերի բրոզե բուրվառները, որոնցից մեկը զարդարված է Տերունական սրբապատկերով: Բուրվառները նվիրաբերվել են Էջմիածնի Մայր տաճարի թանգարանին:

XVIII դ. վանքը հայ ազատագրական պայքարի կենտրոններից մեկն էր: Այդ ժամանակաշրջանում մեծ համբավ է ունեցել վանքի միաբան, քաջակորով Ավագ վարդապետը, իսկ մենաստանը վայելել է Արցախի մելիքների հոգածությունը, որոնցից գահերեց, Ջրաբերդի Մելիք Ադամի աճյունը ամփոփվել է Ջրվշտիկ վանքի բակում, Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցու մոտ:

Ժողովրդական ավանդազրույցը Վաչագան թագավորի և Անահիտ թագուհու անունների հետ է կապում Ջրվշտիկ վանքի արևմտյան կողմում գտնվող աղբյուրը, իսկ վանքի բակի խաչաքանդակ տապանքարը համարվում է Անահիտի գերեզմանը:

Վանքի շրջակայքում պահպանվել են մեծ թվով հուշարձաններ, հատկապես խաչքարեր, տապանաքարեր, որոնց արձանագրությունները վկայում են XIII և հետագա դարերի իրադարձությունների մասին:

Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009 թ., 411 էջ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5770

Մեկնաբանություններ