Մարդկանց կյանքի ռացիոնալ կազմակերպման գործում և պետական ու աշխարհաքաղաքական մակարդակի գործերում, ինչպես նաև անհամեմատ ավելի պարզ սոցիալական մակարդակի գործերում կառավարողների գիտելիքներով զինված լինելու հանգամանքն ու նրանց ընդհանուր հասկացողության և սիստեմային մտածողության մակարդակներն ունեն վճռական նշանակություն երկրի անվտանգության ու կյանքի որակի ապահովման համար։
Չհասկացող կառավարողը իր երկրի ու իր գործի առաջին թշնամին է։
Այստեղ անհասկացող լինելու ամենավտանգավոր հետևանքն այն է, որ նման մարդկանցից որևէ մեկն իրեն անհասկացող չի համարում ու անտեղյակի վճռականությամբ կարող է կատարել անմիտ ու չհիմնավորված քայլեր։
Եվ ինչքան բարձր է նման մարդկանց դիրքը քաղաքական, տնտեսական, ֆինանսական ու բիզնես ոլորտներում, այնքան ավելի կործանարար են նրանց արած սխալների հետևանքները։
Այս ուղղությամբ ռիսկերի աղբյուրները հասկանալու և հնարավորինս դրանք չեզոքացնելու բարդ գործում կա մի շատ կարևոր հանգամանք ևս։
Այն կայանում է նրանում, որ հասկացողություն և միջավայր հասկացությունները իմաստ ունեն միասին, այսինքն, մարդը հասկացող կարող է լինել միայն տվյալ միջավայրի կամ պարադիգմի կանոնների սահմաններում և անհասկացող՝ դրանից դուրս պայմաններում։
Եվ, եթե հասկացող մարդն ապրում է պարադիգմային անցումների պայմաններում, ապա նա, իրենից անկախ, հայտնվելով նոր պարադիգմի պայմաններում և իներցիայով իրեն անսխալական համարելով, որոշումներ կայացնելիս առաջնորդվի հին պարադիգմի կանոններով, ապա կանի սխալ սխալի հետևից։
Ներկա վիճակում ամբողջ աշխարհը գտնվում է միաբևեռ աշխարհակարգից դուրս գալու իներցիոն վիճակում, որի պատճառով և՛ բարձրացող հասարակությունները, և՛ մասնակիորեն իրենց տեղը բարձարացողներին զիջող վայրեջք կատարողները հայտնվել են իրենց համար անծանոթ ու անսովոր իրավիճակներում։
Իսկ հայտնի է, որ մրցակցին հաղթելու պայմաններից մեկը նրան իր համար անսովոր վիճակի մեջ դնելն է, որում նա դժվար է կողմնորոշվում, և այդ իրավիճակում նրա կողմից լուրջ սխալներ կատարելու հավանականությունը զգալիորեն մեծանում է։
Ճիշտ այդպես, մենք և շատ ուրիշները հայտնվեցինք կեղծ դեմոկրատիայի պայմաններում և անում ենք սխալ սխալի հետևից, իսկ աշխարհն էլ, դուրս գալով միաբևեռ պարադիգմից և դեռ հասած չլինելով հաջորդ պարադիգմին, նույնպես գտնվում է անսովոր պայմաններում և մարդկության համար ներկայի ամենակարևոր խնդիրը չափից դուրս շատ մեծ սխալ չանելն է, մինչև բոլորը կհաշտվեն նոր ու անհայտներով լի պարադիգմի պայմանների հետ։
Պավել Բարսեղյան