ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Հայրենազրկված ժողովուրդն իրավունք չունի լռելու

Հայրենազրկված ժողովուրդն իրավունք չունի լռելու
31.08.2025 | 14:45

2023-ի սեպտեմբերին մեր ժողովրդի մի ամբողջ հատված՝ արցախահայությունը, զրկվեց իր հողից։ Այդ օրը ոչ միայն Արցախը հայաթափվեց, այլ նաև Հայաստանը թուլացավ։ Բայց պատմությունն ավարտված չէ։ Արցախի վերադարձը հնարավոր է, բայց ոչ միայն աղոթքով կամ դրսի բարեկամի ողորմությամբ։ Վերադարձը հնարավոր է միայն հզոր Հայաստանի միջոցով։

Եվ այդ Հայաստանը պիտի կերտենք մենք, հենց հիմա՝ այստեղ՝ Երևանում, Սյունիքում, Գյումրիում, Արմավիրում…

Այս պահին մենք չունենք այդ Հայաստանը։ Ունենք իշխանություն, որը չի խոսում վերադարձից, չունի ազգային օրակարգ, չունի քաղաքական կամք։ Բայց ունենք ժողովուրդ, որն ապրում է այս հողի վրա, աշխատում է, կազմակերպվում է և կամաց-կամաց հասկանում՝ հզոր պետություն չի կառուցվում «հարմարվելով»։

Արցախահայությունը՝ իր պատմությամբ, փորձով ու կամքով, բազմիցս ապացուցել է, որ հայ ժողովրդի ամենամեծ ռազմավարական ռեսուրսներից մեկն է։ Բայց, ցավոք, նրանք այս իշխանությունների կողմից այսօր դիտարկվում են միայն որպես «տուժած», իսկ ավելի հաճախ՝ «բեռ»։ Իսկ իրականում, արցախահայությունը մերօրյա պայքարի նոր առաջամարտիկն է։

Պետք է մի կողմ դնենք խղճահարության լեզուն և խոսենք շիտակ։

Այո, պետությունն ունի պարտք արցախցու առաջ, բայց արցախցին էլ ունի պարտք Հայաստանի հանդեպ։ Այսօր արդեն արցախցին այստեղ է՝ Հայաստանի քաղաքացի, քաղաքական սուբյեկտ, տնտեսության մասնակից։ Նա կարևոր է ու իրավունք ունի խոսելու իշխանությունից, քաղաքականությունից, անվտանգությունից։ Ավելի ճիշտ՝ նրանք պարտավոր են խոսել, որովհետև հայրենազրկված ժողովուրդն իրավունք չունի լռելու։

Արցախ չենք վերադառնա թուլացած, աղքատ, ցրված Հայաստանով։ Բայց Արցախը կվերադառնա հային, եթե ունենանք վճռական, ուժեղ, ինքնիշխան պետություն՝ Հայաստանի Հանրապետություն։ Եվ դրա առանցքում պետք է լինեն նրանք, ովքեր սեփական մաշկի վրա զգացել են հայրենազրկման ողջ ծանրությունը, ովքեր զգացել են ապազգային իշխանության գործունեության արդյունքը։

Արցախը կորցրել ենք բոլորս։ Վերադարձնելը՝ մեր պարտքն է։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 2280

Մեկնաբանություններ