Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«ԴիջիԹեքի» շնորհիվ ՀՀ-ն աշխարհին ներկայանում է որպես բարձր տեխնոլոգիական երկիր

«ԴիջիԹեքի» շնորհիվ ՀՀ-ն աշխարհին ներկայանում է որպես բարձր տեխնոլոգիական երկիր
15.09.2012 | 11:46

Հոկտեմբերի 5-7-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում կանցկացվի ամենամյա տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո։

«ԴիջիԹեքի» նպատակների, ձեռքբերումների մասին զրուցում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ ՆԱԻՐԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ։
-Այս տարի անցկացվում է արդեն 8-րդ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Ըստ Ձեզ, ի՞նչ է տալիս այն Հայաստանի տնտեսությանը։
-«Դիջիթեք» տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսն ավանդական դարձած, ամենամյա միջազգային միջոցառում է։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՀՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև, ներգրավել հասարակությանը ՏՀՏ ոլորտ, ընդլայնել միջազգային համագործակցությունը, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր։ Այն էապես նպաստում է Հայաստանի տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, Հայաստանի՝ որպես ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը, միջազգային շուկաներում «Հայկական ՏՏ ապրանքային նշանի» ճանաչմանը։ Հատկանշական է, որ տարեցտարի աճում է ցուցահանդեսի այցելուների թիվը։ Եթե 2005 թվականին ցուցահանդես այցելել է 5000 մարդ, ապա 2011-ին այցելուների թիվը հասավ շուրջ 18000-ի։
-Ի՞նչ դեր է խաղում «ԴիջիԹեք» ցուցահանդեսը Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման գործում։
-Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս։ «ԴիջիԹեք» էքսպոն մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ՝ Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել։ Ցուցահանդեսն ունի նաև կրթական նպատակ. այն մարդկանց ցույց է տալիս, որ տեխնոլոգիական զարգացումն ապագա ունի։
-Շատ մասնագետներ նշում են, որ մեզ մոտ կա ՏՏ ոլորտի աշխատուժի լուրջ պահանջարկ։ Ի՞նչ է արվում ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման համակարգն արդիականացնելու և կատարելագործելու ուղղությամբ։
-Բազմաթիվ աշխատանքներ են տարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական ուսուցման, ճարտարագիտական կրթության բեկումնային զարգացման, տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացման ուղղությամբ։ Մասնավորապես, իրականացվում են այնպիսի խոշորածավալ ծրագրեր, ինչպիսիք են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, Սիսկո տարածաշրջանային ակադեմիայի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրերը և այլն։ Բացի այդ, Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մասնագետների պատրաստման և վերապատրաստման բազմաթիվ այլ ծրագրեր։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ներքո ստեղծվելիք Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ծրագրի իրականացման արդյունքում ևս կապահովվի ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը։
-Ի՞նչ ծրագրեր կան կամ գուցե նախատեսվում են տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների աջակցման համար։
-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր ընկերությունների ձևավորման ուղղությամբ ևս ակտիվ ջանքեր են գործադրվում։ Մասնավորապես, իրականացվում են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի ՏՏ ծրագրերի փոքր դրամաշնորհների, Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի շրջանակում Բիզնես համագործակցության աջակցության դրամաշնորհների, Գյումրու տեխնոպարկի ծրագրի շրջանակում ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների բիզնես գաղափարների և այլ մրցույթներ։ Վերը նշված մրցույթների և ծրագրերի շրջանակներում թիմերի ձևավորման միջոցով ստեղծվում են սկսնակ կազմակերպություններ և նոր աշխատատեղեր։ Բացի այդ, Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Վենչուրային կապիտալի/սկսնակ ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի ստեղծման, գաղափարների ձևավորման փոքր դրամաշնորհների, նորարարության խթանման նպատակով համաֆինանսավորմամբ դրամաշնորհների ծրագրերը։ Սրանք ևս կնպաստեն տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների ձևավորմանը։
-Կառավարությունն ի՞նչ է անում մարզերում ՏՀՏ բնագավառի զարգացման ուղղությամբ։
-Տարածքային համաչափ զարգացման և երկրի ընդհանուր մրցունակության բարձրացման տեսանկյունից ՀՀ կառավարության կողմից դեռևս 2008 թվականին նախաձեռնվել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագիրը, որի նպատակն է նպաստել Գյումրի քաղաքի զարգացմանը` վերածելով այն ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու։ Այստեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։ Ծրագիրն էական նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից։ Այն կխթանի հանրապետության երկրորդ քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացումը` հնարավորություն ընձեռելով արտադրական գործընթացներում ընդգրկելու Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին: Արդեն իսկ մեկնարկել են Գյումրու տեխնոպարկի հիմնական շենքի շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնց արդյունքում 2 տարվա ընթացքում կստեղծվի շուրջ 6300 քմ մակերեսով ամբողջական համալիր: Այն կներառի տեխնոլոգիական ընկերությունների համար ժամանակակից, բարձրորակ ենթակառուցվածքներով հագեցած գրասենյակային և ընդհանուր օգտագործման տարածքներ, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ ու լսարաններ, վարձակալների համար հանրային սննդի մատակարարման կետ և փոքր հյուրանոցային մաս: Բացի այդ, «Դ-Լինկ» միջազգային ընկերության կողմից կայացվել է որոշում Գյումրիում ստեղծել «Դ-Լինկ» ընկերության հետազոտությունների և թեստավորման կենտրոն, որը հնարավորություն կտա մշակելու և թեստավորելու ցանցային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում միջազգային շուկայի պահանջներին համապատասխան նորարարական արտադրանք: Ներկայումս բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի հետ՝ Գյումրու տեխնոպարկի մոդելով Վանաձորում ևս տեխնոլոգիական կենտրոն հիմնելու ուղղությամբ:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 9080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ