Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

«Հիմար» մարդու տարօրինակ առանձնատունը

«Հիմար» մարդու տարօրինակ առանձնատունը
11.11.2025 | 11:51

Մանուֆակտուրայի մեծահարուստ վաճառական Արսենի Մորոզովը Ռուսաստանի հայտնի մեկենաս Սավվա Մորոզովի (Савва Морозов) մերձավոր ազգականն էր։ Բայց ինքը բիզնեսով չէր զբաղվում, «Տվերի մանուֆակտուրայի ընկերության» գործերը տնօրինում էին մայրը և ավագ եղբայրը։ Ինքը նախընտրում էր վարել շվայտ կյանք՝ կազմակերպել կերուխումներ ու ճամփորդել։ Եվրոպայով մեկ շրջելիս, նրա վրա հատկապես մեծ ազդեցություն էր գործել Պորտուգալիայի Սինտրա քաղաքի իսպանա-մավրական և մանուելինո ոճով կառուցված մի տուն-ամրոց։ Որոշեց, որ ինքն էլ պիտի այդպիսի առանձնատուն ունենա։

1897 թ․ Արսենիի մայրը, որդու ծննդյան 25-ամյակի կապակցությամբ, նրան հողակտոր նվիրեց Մոսկվայի կենտրոնում՝ Վոզդվիժենկա փողոցում։ Հենց այդտեղ էլ, ճարտարապետ Վ․ Մազիրինի նախագծով, սկսվեց տարօրինակ կառույցի շինարարությունը, որն ավարտվեց երեք տարի անց՝ 1899-ին։ Դա հարուցեց մոսկվացիների բուռն դժգոհությունը, քանզի ամենևին չէր համապատասխանում ընդունված պատկերացումներին, իսկ Արսենիի մայրն ասաց․ «Առաջ միայն ես գիտեի, որ դու հիմար ես, հիմա՝ ամբողջ Մոսկվան»։

Ա․ Մորոզովի կյանքն էլ տարօրինակ ավարտ ունեցավ։ 1908 թ․ մի օր նա գրազ բռնեց մեկի հետ, թե՝ կկրակի ոտքին ու ոչ մի ցավ չի զգա։ Կրակեց ու գրազը տարավ։ Բայց քանի որ վերքը չախտահանեց, չմշակեց՝ արյան վարակ ստացավ ու երեք օր անց մահացավ 35 տարեկան հասակում։

Երբ կտակը բացեցին, պարզվեց, որ կնոջն ու դստերը ոչինչ չի թողել, այլ ամբողջ ունեցվածքը, այդ թվում և առանձնատունը կտակել է․․․ սիրուհուն։ Սա էլ շինությունը, որ գնահատվում էր 3 մլն ռուբլի, տեղնուտեղը վաճառեց Լևոն Ալեքսանդրի Մանթաշյանցին։ Թե Լևոնը որքան վճարեց՝ չգիտեմ, բայց դա Մոսկվայում նրա առաջին առանձնատունն էր, դեռ մեկ ուրիշն էլ պիտի գներ։

Ժամանակը շատ հողմեր բերեց, մարդիկ հեռացան, կառույցը՝ մնաց։ Այսօր Մորոզովի առանձնատունը Ռուսաստանի Դաշնության կառավարության ընդունելությունների տունն է։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ