Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կա´մ իշխող կուսակցություն, կա´մ «բիրդան աղա»

Կա´մ իշխող կուսակցություն, կա´մ «բիրդան աղա»
21.03.2013 | 17:44

Երևանի ավագանու ընտրությունները հայտնվել են գրեթե բոլոր քաղաքական ուժերի ուշադրության կիզակետում, բացառությամբ մեկ-երկուսի, որոնք, ի սկզբանե թերահավատություն հայտնելով ընտրությունների օրինականության առնչությամբ, հրաժարվել են մասնակցել դրանց: Եթե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը հրաժարվել էին մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին, ապա դա չխանգարեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ներկայացնեն մասնակցության հայտ. ընդ որում, ՀԱԿ-ը` դաշինքից կուսակցության վերափոխված տեսքով: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է, թե ովքեր են գլխավորելու այս կամ այն կուսակցության ցուցակը, ովքեր են ընդգրկված այդ ցուցակներում՝ երիտասարդնե՞ր, թե՞ փորձառուներ: Ակնհայտ է, որ կուսակցությունների ներկայացրած ցուցակներում ընդգրկվում են այն անձինք, ովքեր ամենաշատն են նվիրվածություն ցուցաբերում տվյալ քաղաքական ուժի լիդերների նկատմամբ կամ էլ քաղաքական դաշտում ունեն որոշակի կշիռ, կապեր ու ազդեցություններ: Եվ բոլորվին էական չէ՝ այդ ցուցակը վերաբերում է Երևանի ավագանո՞ւ, թե՞ ԱԺ ընտրություններին: Ասենք, որ չի քննարկվում, թե Երևանում որքան-որքան կուտակված խնդիրներ կան, և ավագանու անդամը ինչպես պետք է պայքարի ապօրինի շինությունները, անթույլատրելի վայրերում կառուցված զվարճանքի օբյեկտները, սաունաները, ավտոտնակները ապամոնտաժելու դեմ: Ի՞նչ մեթոդներով են պայքարելու այդ բոլոր ապօրինությունների դեմ, երբ դրանց տերերի հետևում կա´մ իշխող կուսակցություն է կանգնած, կա´մ էլ որևէ «բիրդան աղա»: Տարիներ շարունակ տեսել ենք, որ Երևանի ավագանիում տեղ են գտել արվեստագետներ, հայտնի մարդիկ, որոնք ոչ մի ազդեցություն չեն ունեցել կայացվող որոշումների վրա: Եվ ավելի արժանապատիվ կլիներ, որ այդ մարդիկ ուղղակի թողնեին Երևանի ավագանու պաշտոնը, քան մեղսակից դառնային կայացվող ապօրինի որոշումներին: Հիմա, եթե նորից խոսվում է ընտրակեղծիքների մասին, և եթե նորից ՀՀԿ-ն պետք է այս մի ընտրություններում էլ մեծամասնություն կազմի ու Երևանը վերցնի իր տիրապետության տակ, ի՞նչ են անելու մյուս քաղաքական ուժերը, ինչպե՞ս են ջարդելու ՀՀԿ-ի այս մի մենաշնորհը ևս: Չէ՞ որ ամեն անգամ լսում ենք՝ այսինչ քաղաքական ուժը հզոր է, այնինչ քաղաքական ուժը պատրաստ է պայքարել մինչև վերջ, սակայն բարձրագոչ հայտարարությունների փոխարեն ցանկալի չէ՞ր լինի, որ նույն այդ քաղաքական ուժերը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեին մայրաքաղաքը խեղդող ապօրինությունների մասին: Ոչ թե դեպքից դեպք, այլ՝ հետևողականություն ցուցաբերելով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ