ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հայտարարությունը
28.10.2025 | 11:05

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ուշադրությամբ է հետևում Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դրա ներկայացուցիչներին։

Մենք նշում ենք մեր անհանգստությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործընթացների և իրավապահ մարմինների կողմից իրականացված քննչական գործողությունների առնչությամբ։ Մենք հույս ենք հայտնում, որ այս գործընթացները կիրականացվեն օրենքի և արդարադատության սկզբունքներին համապատասխան, թափանցիկ և անկողմնակալ ձևով։ Նաև արձանագրում ենք Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալությունն ու կալանավորումը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձի՝ ներառյալ հոգևորականների, նկատմամբ կիրառվող իրավական միջոցները պետք է հիմնված լինեն հստակ և համարժեք ապացույցների վրա՝ պահպանելով բոլոր իրավական երաշխիքները։

Մենք գիտակցում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի պատմության, մշակույթի և ինքնության պահպանման գործում։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Մենք կարևորում ենք, որ ցանկացած իրավական գործընթաց իրականացվի այնպես, որ չվնասի հասարակական միասնությանը և պահպանի վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։ Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանի իշխանությունները կապահովեն արդար, անկախ և թափանցիկ դատավարություն, որը կհարգի բոլոր կողմերի իրավունքները և կնպաստի հասարակական համերաշխությանը։ Մենք շարունակելու ենք հետևել իրադարձություններին և մնում ենք հավատարիմ արդարության, օրինականության և ազգային միասնության արժեքներին։

27.10.2025

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ