Ալիևի ցորենի բլեֆը
Ցորենը Հայաստան է մտել ոչ թե Ադրբեջանից՝ հայ-ադրբեջանական սահմանով, այլ՝ Ղազախստանից Ադրբեջան, այնտեղից՝ Վրաստան, հետո նոր՝ Հայաստան:
Բացառված չէ, որ նախկինում ցանկացած ապրանք կարող էր որևէ երկրից մտնել Ադրբեջան, հետո՝ Վրաստան, այնուհետ՝ Հայաստան: Ընդամենը Ադրբեջան մտնելիս այն պիտի ձևակերպվեր որպես Վրաստանի համար նախատեսված բեռ, հետո Վրաստանից, ասենք, վրացական ձեռնարկության կամ հայ-վրացական ձեռնարկության անունից՝ դեպի Հայաստան: Սխեմաներ շատ կան, տեղյակները կիմանան:
Խոսքը մի քանի տոկոս ավել կամ պակաս մաքսատուրքերի մասին է, եթե հարցը վերաբերում է ԵԱՏՄ ին. եթե ապրանքը այլ երկրից պիտի գար Հայաստան, այդ մի քանի տոկոսի հարցն էլ է վերանում: Ավելին, գաղտնիք չէ, որ հատկապես 2020-ից առաջ Ադրբեջանում ազատ վաճառվում էին հայկական ապրանքներ, կոնյակ և այլն: Բազմիցս մամուլը գրել է հայկական շուկայում վաճառվող ադրբեջանական ապրանքների մասին: Որտեղի՞ց էին այդ ապրանքները մտնում Հայաստան ու Ադրբեջան, իհարկե՝ Վրաստանից:
Այժմ Ալիևի հայտարարությունը այն մասին, որ դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով տրանզիտի սահմանափակումները վերացել են՝ մեծ նշանակություն չունի: Կարևոր է, թե ինչ է ասել Ալիևը այդ հայտարարությունից հետո: Նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պիտի բացվի 2028 ին: Այո, հայկական կողմը ուրախություն հայտնեց «տրանզիտի բացման» վերաբերյալ և էլ չարձագանքեց «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությանը: TRIP հապավումը ոչ ոք չի գործածում, դա «Զանգեզուրի» լեգիտիմացիան էր: Իշխանության սազանդարները ինչքան էլ փորձեն թեման ցորենով լղոզել ու աչք փակել 2028-ին բացվելիք «միջանցքի» վրա, միևնույն է, դրանից բան չի փոխվում:
Անունը կդրվի TRIP, թե «Զանգեզրուր», էական չէ, էականը այն է, որ Ադրբեջանը Հայաստանի շրջափակումը վերացնելու, այն է՝ հայ-ադրբեջանական սահմանի բացման մասին որևէ խոսք չի ասում, խոսում է միայն «միջանցքի» մասին, դա է իրենց պատկերացրած հայ-ադրբեջանական սահմանը: Ուզում եք ազատ հաղորդակցվե՞նք, հոգ չէ, Տավուշից ու Երևանից իջեք Մեղրի, այնտեղով անարգել մտեք Ադրբեջան: Նույնը Թուրքիայի պարագայում է: Դեռևս 2020-ից առաջ թուրքերն առաջարկում էին սահմանը բացել ազատագրված 1-2 շրջանների վերադարձի դեպքում, հետո 1-2 շրջանի փոխարեն 7 շրջանների վերադարձի պահանջ դրվեց, հետո՝ «Զանգեզուրի միջանցքի» պահանջ: Արդյունքում տվել ենք 7 շրջան, ողջ Ղարաբաղը և ՀՀ տարածքի մի մասը, միջանցքն էլ TRIP անվան տակ ձևակերպված է, բայց հայ-թուրքական սահմանը փակ է:
Ղազախստանից Կասպից ծովով Ադրբեջան-Վրաստան ճանապարհով ներկրվող ցորենի ինքնարժեքը Փոթիով ներկրվող ցորենի ինքնարժեքից դժվար թե ցածր լինի: Սա պարզապես թաքնված շանտաժ է՝ գեղեցիկ փաթեթավորմամբ: Մինչև 2026-ի ընտրությունները դեռ նման բլեֆների շատ ենք ականատես լինելու, բացառված չէ, որ ձևականորեն, բանտախցի պատուհանի պես, նույնիսկ մի քանի անգամ սահմանի որևէ անցակետ բացեն-փակեն: Բայց Ադրբեջանն ու Թուրքիան թույլ Հայաստանի շրջափակումը չեն վերացնելու, մինչև վերջնականապես ուժասպառ չանեն:
Իրավիճակը կարող է փոխվել միայն ուժեղ, կենսունակ, ազատ ու արդար Հայաստանի պարագայում:
Ամոթ է, Ալիևը դարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի ծանրակշիռ դերակատար...
Երկու օր է անցել՝ հայ մամուլում գեթ մեկ պրոֆեսիոնալ կարծիք այս կապակցությամբ չկա: Ընդդիմադիրներն էլ վայնասուն են դրել, թե բա՝ ցորենը կարող են Ադրբեջանով անցնելիս թունավորվել: Իրոք ողբալի վիճակ է:
Արա Արայան