ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Անհրաժեշտ է հասարակական դիմադրություն և համախմբում՝ սեփական արտաքին ու ներքին քաղաքականությունը վերակառուցելու նպատակով

Անհրաժեշտ է հասարակական դիմադրություն և համախմբում՝ սեփական արտաքին ու ներքին քաղաքականությունը վերակառուցելու նպատակով
19.09.2025 | 13:45

ՈՒշագրավ փաստ. Թուրքիան և Ադրբեջանը տոնակատարություններ են անցկացնում հայոց կոտորածների առիթով և փառաբանում դրանց ոճրագործ կազմակերպիչներին, մինչդեռ Հայաստանում վախենում են ոգեկոչել հայոց ինքնապաշտպանական հերոսամարտերը և նրանց հերոսներին։

Օրինակնե՞ր։ Խնդրեմ։ Երեկ՝ 2025 թ. սեպտեմբերի 18-ին, Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը, համագործակցելով թուրք ազգայնական կազմակերպությունների հետ, կազմակերպել է «Կովկասյան իսլամական բանակ և Էնվեր փաշա» խորագրով հիշատակի միջոցառում։ Թեման 1918 թ. սեպտեմբերին օսմանյան բանակի և նրան կից բաշիբոզուկների Բաքու ներխուժումն էր, որն ուղեկցվել է հայերի զանգվածային կոտորածներով։ Միջոցառման օրակարգում եղել են պետական օրհներգերի կատարումներ, Ղուրանի ընթերցումներ, պաշտոնական ելույթներ, կինոցուցադրումներ, ինչպես նաև նրա ինչ-որ համատեղ «ժառանգությունը» գովերգող ցուցահանդես։

Նույնատիպ միջոցառումներ այս օրերին կազմակերպվում են Բաքվում, որտեղ քաղաքի «ազատագրման» (լռելյայն՝ նաև հայերի կոտորածի) առթիվ ժամանել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն՝ անձամբ մասնակցելու համար «տոնակատարություններին»։

Իսկ հիմա շրջվենք դեպի պաշտոնական Երևան։ Անցյալ տարի այս օրերին լրացավ Երևանի հերոսամարտի 300-ամյակը։ Հայաստանի մայրաքաղաքի պաշտպանությունը տևել է 1724 թ. հունիսի 24-ից մինչև սեպտեմբերի 23-ը։ Օսմանյան զավթիչ բանակի դեմ համառ կռիվներում քաջաբար զոհվել է 11,500 հայ աշխարհազորային՝ թշնամուն պատճառելով կրկնակի ավելի մեծ կորուստներ։ Եվ ի՞նչ։ Հայաստանում այդ մեծ իրադարձությունը մատնվեց լիակատար լռության պետական մարմինների ու նրանց հլու-հնազանդ ակադեմիական և բուհական հաստատությունների կողմից։ Միակ բացառությունը՝ անհատական և հասարակական մակարդակով կազմակերպված իմ «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության հրատարակությունն ու նրա շնորհանդեսն էր:

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Եթե Անկարան ու Բաքուն պաշտոնական մակարդակով բացեիբաց տոնում են հայերի դեմ իրագործված կոտորածները և փառաբանում դրանց կազմակերպիչներին, իսկ փաշինյանական կառավարությունը ծպտուն չի հանում հայոց ինքնապաշտպանական պայքարի, մեր հերոսների և անմեղ նահատակների մասին, ապա միակ հնարավոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր ինքնիշխանության վերջին նշույլները և առայժմ ոչ պաշտոնապես հայտնվել է թուրք-ադրբեջանական ճնշող վերահսկողության ու թելադրանքի տակ։ Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում է օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ։ Իսկ սա կործանարար զարգացում է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակներն այսքանով չեն բավարարվելու։ Նրանց նպատակը եղել և մնում է Հայաստանի ոչնչացումը, հայերի արտաքսումը կամ թուրքացումը։

Հայաստանի Հանրապետությունը փաստացի զրկվում է անգամ ներպետական հարցերում քաղաքականություն ձևավորելու ազատությունից։ Իսկ երբ ինքնիշխանությունը քայքայված է, ազգային անվտանգության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Այս կործանարար իրավիճակից դուրս պարզ կարգախոսներ չկան։ Ակնհայտ է մեկ բան՝ ժամանակը գրեթե սպառվել է։ Անհրաժեշտ է հասարակական դիմադրություն և համախմբում՝ սեփական արտաքին ու ներքին քաղաքականությունը վերակառուցելու նպատակով։

Դիմադրությունն ընդդեմ Հայաստանի հետագա թուրքացման այլընտրանք չունի։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 309

Մեկնաբանություններ