«… Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, ինչպես նաև ամենախաղաղ, ստեղծագործ ազգերից մեկը ողջ աշխարհում »:
Ֆրեդերիկ Շոպեն
Լեհ կոմպոզիտոր, դաշնակահար
Աշխարհում երբևէ ապրած հանճարեղ կոմպոզիտորներից մեկի այս խոսքերը պատմականորեն հաստատված ճշմարտություն են: Որքան էլ ծանր շրջափուլերում է հայտնվել մեր ազգը, այնուամենայնիվ, իր գոյաբանական մարտահրավերներին պատասխանել է մշակույթ ստեղծելով:
Այսօր մեր կողքին ապրում են արվեստագետներ, ովքեր Հայոց հողում իրենց ազգային արմատներն ունենալով՝ շարունակում են արարել ու երաժշտության լեզվով պատմել համամարդկային արժեքների մասին:
Եվ մեր մշակույթի պատմության էջերում, անկասկած, իր տեղն է ունենալու անվանի ջութակահար, մենակատար, մանկավարժ ՌՈՒԲԵՆ ԿՈՍԵՄՅԱՆԻ ստեղծագործական ժառանգությունը:
Աշխարհի որ հեղինակավոր բեմերում էլ նա լինի, ինչ ալբոմներ էլ թողարկի, նա չի մոռանում իր ակունքները:
Ռուբեն Կոսեմյանը բարձրացնում է մեր մշակութային ժառանգությունը՝ ռուս, եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին մշտապես հնչեցնելով Կոմիտաս, Արամ Խաչատրյան, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների գործեր:
Ռուբեն Կոսեմյան-արվեստագետի կատարած աշխատանքները ևս մեկ անգամ հաստատում են այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուր արվեստագետ, ասես, այն ոսկե բանալին է, ում միջոցով աշխարհն իր համար բացում է քաղաքակրթության ևս մի դուռ՝ կատարյալին ևս մի քայլով մոտենալու համար: ՈՒ ամեն արվեստագետ նաև ինքն է այն միջնորդը, ում շնորհիվ աշխարհը ճանաչում է իր ազգին:
Իսկ Ռուբեն Կոսեմյանի ազգային ինքնաճանաչողության, ինչպես նաև աշխարհաճանաչողության ճանապարհը սկսվել է հենց իր ընտանիքից:
Հայրը ալտահար, մենակատար, անսամբլիստ, սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմեյստեր, մանկավարժ, ՀՀ Վաստակավոր արտիստ Ալեքսանդր Կոսեմյանն է. նա եղել է Կոմիտասի անվան Լարային Քառյակի ալտահարը (1990 թվականից):
Ազգային ակունքները բազմաթիվ պայմաններից մեկն է ստեղծագործությունը համամարդկային շարքին դասելու համար,-այս սկզբունքով է առաջնորդվում արվեստագետը՝ լինելով տոհմիկ երաժիշտ:
Նշենք նաև, որ Ռուբեն Կոսեմյանը մասնակցել է վարպետության դասերի Լեոնիդ Կոգանի, Իգոր Օյստրախի, Տիբոր Վարգայի, Ռուբեն Ահարոնյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Իվան Մոնիգետիի, Դոմինիկ դը Վիլիենկուրի, Ռուջիերո Ռիչիի և Յաշա Հայֆեցի ուսանող Ադամ Հան-Գորսկու ղեկավարությամբ։
Ռուբեն Կոսեմյանը երկար տարիներ բնակվում է Կանադայում: Նրա անունը հայտնի է Ռուսաստանում, Եվրոպայում, աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Վրաստանից, Իրանից մինչև Մեքսիկա, Թայվան, Մալազիա:
Հանդես է գալիս որպես մենակատար տարբեր նվագախմբերի հետ՝ Կանադայում և աշխարհի բազմաթիվ երկրներում: Հարուստ է արվեստագետի սկավառակագրությունը. տարբեր երկրներում թողարկել է արժեքավոր ձայնասկավառակներ, եվրոպացի, ռուս հռչակավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին իր կատարմամբ ու նաև փոխադրումներով հնչում են հայ կոմպոզիտորների գործերը, որոնք արվեստագետի մեկնաբանությամբ աշխարհին ու գալիք սերունդներին հասցնելու են նաև հայ քաղաքակրթության լույսը՝ որպես համամարդկաին արժեք:
Անցնող տարվա ընթացքում արվեստագետի ստեղծագործական ժառանգության մեջ ավելացավ ևս մի ալբոմ, որտեղ տեղ են գտել մեծագույն կոմպոզիտորներ Անրի Վյոտանի, Կամիլ Սեն-Սանսի ստեղծագորությունները, ինչպես նաև Մորից Մաշկովսկու, Ալեքսանդր Սկրյաբինի, Սերգեյ Ռախմանինովի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների՝ Ռուբեն Կոսեմյանի հեղինակային փոխադրումները ջութակի և դաշնամուրի համար: Արդեն երկրորդ անգամ վերաթողարկվել է Ռուբեն Կոսեմյանի՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին նվիրված ձայնասկավառակը: Բոլորովին վերջերս փոխադրել է Ալեքսանդր Հարությունյանի ջութակի և դաշնամուրի համար գրված «Երեկոն Արարատյան դաշտավայրում» ստեղծագործությունը:
ԼԻՆԵԼ ՈՒ ՄՆԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆԸ
Ռուբեն Կոսեմյան-արվեստագետի հետ զրույցները կարևոր դասեր են, թե ինչպիսին պիտի լինի հայ արվեստագետը:
Իսկ նա ոչ թե ձգտում է ոչ թե անձնական փառքի, այլ իր նվաճած բարձուքները ծառայեցնում է ի՛ր ազգի հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելուն և նրա կերպարը տարբերվում է հե՛նց այս հատկանիշով:
- Հարգելի Մաեստրո, ուզում եմ մեր զրույցը սկսենք այն փաստից, որ Դուք տոհմիկ երաժիշտ եք, ծնվել ու մեծացել եք մեր ազգի մեծերից՝ Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահար, պրոֆեսոր մանկավարժ Ալեքսանդր Կոսեմյանի ընտանիքում։ Երաժիշտ է նաև Ձեր մայրը։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ նրանց ու Ձեր ուսուցիչներից ստացած մեծ դպրոցը։ Կարծում եմ՝ շատ կարևոր ուղերձ է ևս մեկ անգամ հիշել այն մեծերին, ովքեր հանդիպել են Ձեր ճանապարհին։
- Փոքր տարիքից շատ երաժիշտների հետ եմ շփվել, հյուր եղել, օրինակ Ֆիլհարմոնիայի, Ռադիոյի , Օպերայի նվագախմբերի երաժիշտներին, որոնց մի մասն, այսօր, ցավոք արդեն մեզ հետ չէ, մի մասն էլ՝ երկրում չէ: Բոլորին ճանաչում էի ու գիտեի՝ ով ինչպես է նվագում, ճանաչում էի բնավորությունը… բոլորը շատ տարբեր էին և հետաքրքիր էր լսել, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես է նվագում:
Հորս դասերին միշտ նստում ու հետևում էի, թե ինչպես է պարապում: Փոքր տարիքից գիտեի ամբողջ ռեպերտուարը և գիտեի՝ որ հատվածներն են դժվար: Հետաքրքիր էր, թե ով ինչպես է լուծում այդ խնդիրները: Իսկ դասախոսներից սովորելու հետ կապված ասեմ, որ շատ փորձառու, հեղինակավոր բեմերում նվագող մարդիկ են եղել և նրանցից յուրաքանչյուրն իր հետքն է թողել իմ կյանքում, որոնց երախտապարտ եմ:
- Դուք արդեն երկար տարիներ ապրում եք Կանադայում, աշխատում բազմաթիվ հեղինակավոր երաժշտական կոլեկտիվների ու ընկերությունների հետ։ Ինչպիսի՞ն է աշխարհը, Եվրոպան բացահայտում մեր մշակութային ժառանգությունը։
- Այո: Ես ծրագրերում մի՛շտ եմ ներառում հայ կոմպոզիտորների գործեր: Մարդիկ մի՛շտ էլ ընդունում ու ընկալում են բարձր արժեքը, նշանակություն չունի կոմպոզիտորի ազգությունը: Ինքս շատ եմ սիրում հայ մշակույթը, մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները, այդ պատճառով էլ միշտ ընդգրկում եմ իմ ծրագրերում և ալբոմներում:
- Հարգելի Մաեստրո, Դուք բազմաթիվ ձայնասկավառակներ եք թողարկել` Ձեր փոխադրումներով, որտեղ սկզբունքորեն միշտ ընդգրկում եք հայ կոմպոզիտորների գործերը։ Հիմա էլ հերթական ձայնասկավառակն է թողարկվել։ Կուզենայի խոսեք այդ աշխատանքների մասին։
- Բացի համաշխարհային կոմպոզիտորների գործերի փոխադրումներից նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ եմ փոխադրել: Թողարկված վերջին ձայնասկավառակում թողարկել եմ Առնո Բաբաջանյանի գործը: Հաջորդ ձայնասկավառակը, որը պատրաստվում է թողարկման, ներառում է նաև Կոմիտասի երկու գործ:
- Ես գիտեմ, որ Դուք աշխատել եք նաև 20-րդ դարի կոմպոզիտորներին նվիրված ալբոմի վրա, որտեղ նրանց ջութակի կոնցերտներն են ընդգրկված։Կուզենայի անդրադառնանք այս արժեքին ևս։ Ի՞նչ ստեղծագործություններ ընդգրկվեցին։
- Ձայնասկավառակում ընդգրկվել են հետևյալ ստեղծագործությունները. Հայրապետյանի Կրկնակի կոնցերտ ջութակի, ալտի և լարային նվագախմբի համար. ալտի պարտիան նվագել է Ալեքսանդր Կոսեմյանը: Ձայնասկավառակում համերգային ձայնագրությունն է:
Մյուս գործը Ղազարոս Սարյանի Ջութակի կոնցերտն է, որը նվագել եմ Կարեն Դուրգարյանի հետ, ինչպես նաև Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
- Դուք այն բացառիկ երաժիշտներից եք, ովքեր Եվրոպայում, աշխարհի մյուս մայրցամաքների բազմաթիվ երկրներում հասնելով բարձունքի` միշտ Ձեր դիրքն օգտագործել եք հայ մշակույթը, մեր ժառանգությունը հանրահռչակելու համար։ Արդյո՞ք Ձեր այս մոտեցումը, կերպարը չի գալիս հենց այն ընտանեկան միջավայրից, որտեղ ձևավորվել եք և որի շնորհիվ կապված եք մեր քաղաքակրթական ակունքներին, որը Ձեզ հետ տանում եք ամենուր` որպես փարոս։
- Ձեր հարցի մեջ նաև պատասխանը կար,- ասում է արվեստագետը:
Եվ այս՝ համեստորեն ասված խոսքի մեջ այնքա՜ն ակնածանք կա…Սա ասես Ռուբեն Կոսեմյանի խոնարհումի խոսքն էր ոչ միայն ծնողին և ուսուցչին. իր համար ծնող, իսկ ազգի համար կոմիտասյան ժառանգությունը պահպանած, հայ մշակույթի նվիրյալ Ալեքսանդր Կոսեմյան, ով բազում սերունդների առաջ է բացել համաշխարհային մշակույթի գանձարանը, որի մի մասն էլ մեր մշակույթն է՝ սկսած միջնադարյան հոգևոր երաժշտությունից մինչև Կոմիտաս, Խաչատրյան…Եվ պատահական չէր նաև Մաեստրոյին ուղղված հետյալ հարցը.
- Կոմիտաս Վարդապետը այսօրվա սերնդին համարում էր վաղվա ազգը և ուսուցիչներին հորդորում էր զգույշ վերաբերվել նրա դաստիարակությանը։ Որպես մանկավարժ` ո՞րն եք համարում այն ուղին, որով պիտի ընթանանք իբրև ազգ` այն աշխարհում, որտեղ վտանգված են ազգային մշակույթները։
- Չեմ կարծում, որ վտանգված է: Խնդիրն ավելի շուտ այն տարածելու և հանրահռչակելու մեջ է: Պետք է ոչ միայն թույլ չտալ մոռացության մատնել մեր արվեստն ու մշակույթը, այլ նաև պահպանել այն համաշխարհային մշակույթի ու արվեստի մեջ: Այսօր շատ են ստեղծվում գործեր, բայց բոլորը չէ, որ կուզեի կատարել: Ժամանակն է ցույց տալիս` ինչն է մնայուն արժեք…
…Նշենք, որ վերջին անցնող տարիները հոբելյանական են եղել նաև 20-րդ դարի մի քանի մեծանուն արվեստագետների համար. նշվել է նաև կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակը: Եվ այս առթիվ Ռուբեն Կոսեմյանը ևս մի աշխատանքի շնորհիվ իր խոնարհումը բերեց հայ մշակույթի մեծ երախտավորին, ով Արամ Խաչատրյանի դպրոցի շարունակողն էր մեր կողքին ապրած դասական:
- Վերջերս փոխադրեցի Էդվարդ Միրզոյանի գործերից մեկը, որը ներառելու եմ 20-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտորների 100-ամյակներին:
Նվագել եմ Բաբաջանյանի, Սարյանի, Բաղդասարյանի, Հովունցի, Կոմիտասի ջութակի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Վերջերս փոխադրեցի Ալեքսանդր Հարությունյանի «Երեկոն Արարատյան դաշտավայրում» պիեսը: Կձայնագրեմ, եթե դուր գա փոխադրումը մարդկանց , իրավունք կստանամ տպագրելու և ձայնասկավառակի մեջ ներառելու:
Անդրադառնալով մանկավարժությանը՝ կուզենայի ընդգծել, որ սերունդները պետք է շատ լսեն երաժշտություն, լսեն և լավ իմանան, ճանաչեն թե՛ հայ, և թե՛ համաշխարհային երաժշտությունը՝ անկախ նրանից, թե ինչ գործիքի վրա են նվագում: Նպատակը երաժիշտ դառնալն է, ոչ թե գործիքին տիրապետելը:
…Ռուբեն Կոսեմյանը արվեստագետ է, ով ապրելով Հայրենիքից հեռու, հաճախ է վերադառնում Հայաստան: Եվ ամեն անգամ վերադարձը առիթ է հանդիսանում, որպեսզի հանդիպումներ ունենա նաև ուսանողների հետ և նրանց փոխանցի վարպետության դասերը: Իսկ ինքը Ռուբեն Կոսեմյան-արվեստագետը մանկավարժի ու երաժիշտի այն տեսակն է, ով միասին է բարձրացնում ազգայինն ու համամարդկայինը: Եվ սա իր համար սկզբունքային մոտեցում է, որպեսզի հայ սերունդները չկորցնեն մշակույթի ժառանգականության շղթան, և մենք մշակութային ազգերի ընտանիքում պահենք –պահպանենք մեր տեղը՝ որպես աշխարհի հնագույն քաղաքակիրթ ազգերից մեկը:
Շարունակենք լսել Ռուբեն Կոսեմյանի խոհերը արվեստի ու երաժշտության մասին, որոնք, վստահ ենք, շատ են օգնելու երաժշտության տիեզերական աշխարհը ոտք դնող ապագա արվեստագետների համար:
- Հարգելի Մաեստրո, Արիստոտելը երաժշտությունը խոհափիլիսոփայորեն այսպես էր բնութագրում. «Երաժշտությունը միջնորդ է հոգևոր և զգայական կյանքի միջև»: Ի՞նչ է զգում երաժիշտը բեմում, բազմազգ ու բազմահազարանոց հանդիսատեսի առաջ, երբ ձեռքն առնելով իր գործիքը` դառնում է մարդկանց համար այդ միջնորդը Հոգևորի և մեր մոլորակի միջև, որտեղ կորչում են բազմաթիվ ազնվագույն արժեքներ։
- Երաժշտությունը էմոցիանեի, ազնվականության, արժանապատվության, մեղմության, սիրո արվեստն է. ասել է դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը: Եվ ես համամիտ եմ: Բեմի վրա, եթե երաժիշտը լավ պատրաստված է, հաճելի է:
- Հարգելի Մաեստրո, ուզում եմ հիշատակել մեծերից Ռոջեր Ֆրիի խոսքերը։ Ասում է. «Բախը գրեթե ստիպում է ինձ հավատալ Աստծուն»: Թեև արվեստում մեծերին չեն առանձնացնում, բայց կուզենայի հարցնել` Ձեզ ո՞ր կոմպոզիտորներն են օգնում հավատալ Աստծո գոյությանը և զրուցել Տիեզերքի հետ։
- Ցանկացած գործ, կոմպոզիցաիա (երաժշտական), ստեղծագործություն մարդկային լեզվի վեհ արտահայտությունն են,
և կատարողների խնդիրը այդ «չգրված» բառերը, տեքստը հանդիսատեսին հասցնելն է:
- «Արվեստի մեծությունը առավել հստակ դրսևորվում է երաժշտության մեջ»,- սա էլ Շեքսպիրն է ասում: Որպես երաժիշտ, ով ապրում է արվեստում և աշխարհի բեմերում արվեստ է արարում՝ իր կատարումներով, ի՞նչ բանաձև կտաք այս՝ իսկապես մեծագույն արվեստին, եթե հարցնեն, թե ի՞նչ է երաժշտությունը Ձեզ համար:
- «Արվեստը մեզ տրված է, որպեսզի չմեռնենք ճշմարտությունից»,-ասում է Նիցշեն: Ահա ինձ սրտամոտ բնութագրումներից մեկը երաժշտության մասին:
- Երաժիշտը, արվեստագետը իր ազգի դեսպանն է աշխարհում։ Ի՞նչն է հայ երաժիշտներին, ըստ Ձեզ, առանձնացնում արվեստի մեծ աշխարհում։ Ո՞րն է Ձեզ համար մեր մեծերից ստացած դպրոցի առանձնահատկությունը։
- Հայ երաժիշտները մեծ վարպետներ են, և նրանց առանձահատկությունը ամենից առաջ մեծամտության բացակայությունն է: Իմաստության դասը, որ փոխանցել են մեր մեծ երաժիշտները՝ աշխատասիրությունն է և գործը մինչև վերջ ավարտին հասցնելն է, ինչը դյուրին չէ:
- Ի՞նչ խոսք կուզենաք ասել մեր ժողովրդին։ Ինչպե՞ս շարունակել մեր ուղին, որ նորից հառնի մեր երկիրը։ Ձեր պատգամը բոլորիս ու հատկապես նոր սերնդին։
- Եթե իրոք սիրում են երաժշտությունը և ընդունակ են, պետք է համառ լինել և չհուսահատվել: Պետք է ուսումնասիրեն և շատ լավ իմանան ամբողջ դասական երաժշտությունը:
…Մաեստրո Ռուբեն Կոսեմյանի համոզմամբ ՝ երաժիշտը նաև Մշակույթի զինվոր է: Նա շարունակում է աշխարհի բեմերում համամարդկային արժեքների և մեր ազգի մասին պատմել երաժշտության լեզվով: Լինելով տոհմիկ երաժիշտ՝ շարունակում է ծառայել վեհագույն արվեստներից մեկին՝ Երաժշտությանը, Հայոց Հողում խոր արմատներ ունենալով՝ գիտի աշխարհին նայել իր ազգի աչքերով՝ թիկունքին զգալով մեր հնամենի քաղաքակրթությունը և մեծ նախնիներին.
- Ամեն գործ պետք է հասցնել լավագույն կատարողական վիճակին,- այս բանաձևով է ապրում արվեստագետը: Եվ սրա դրսևորումը նրա աշխատանքներն են:
Զրույցը`
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻ