Սկիզբը՝ այստեղ
Ադրբեջանի արտգործնախարարությանը և Մարդու իրավանքների հանձնակատարին
ՄԱՍՆ Բ
Ստորև կշարադրենք մի ցեղասպանության պատմություն, որ իրականացրել են ադրբեջանցիներն ու թուրքերը, որը արևմտահայոց ցեղասպանության ուղղակի շարունակությունն էր և որը չունի ոչ չակերտներ, ոչ վաղեմության ժամկետ։
Մարտի 31-ին Անդրկովկասյան սեյմի նիստում դրվեց Թուրքիայի դեմ պատերազմը շարունակելու-չշարունակելու հարցը: Ելույթ ունեցավ նաև Կովկասի Հայոց բարեգործական ընկերության խորհրդի նախագահ Սամսոն Հարությունյանը։ Այն, ինչ նա ասաց, մոգական կանխատեսումներ էին, որոնք իրենց արդիականությունը չեն կորցրել մինչ օրս։ Մեջբերեմ մի քանի հատված․ «Նրանք (թուրքերը - Խ.Դ.) մեզ ասում են` ընդունեք Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, այսինքն` տվեք երեք սանջակները, և ակամայից հարց է ծագում` կբավարարվի՞, արդյոք, այդ պետությունը երեք սանջակով, թե՞ առաջ կշարժվի և կիրականացնի իր վաղեմի երազանքը` Կոստանդնուպոլիսը Բաքվի հետ մուսուլմանական համատարած զանգվածով միավորելու ծրագիրը, մի ծրագիր, որը նա կատարել է բազում դարերի ընթացքում, վերջին հարյուրամյակների ընթացքում` քայլ առ քայլ, օրեցօր, րոպե առ րոպե:
Ովքե՞ր են մնացել այդ տարածության մեջ, որոնք խանգարում են այդ պետությանը վերջնականապես կատարելու իր ծրագիրը: Մնացել են երկու փոքր ժողովուրդ` վրաց և հայ ժողովուրդները ու չնչին քանակությամբ ասորիներ: Համատարած մուսուլմանական ծովին այս ժողովուրդների հախից գալը հեշտ է, հատկապես այնպիսի պետության համար, որի պայքարի կերպը կոտորածն է, որը կարող է սրի քաշել ամբողջ ազգություններ:
...Նա առաջ կշարժվի, նա վստահ է հայտնի ներքին տարրի աջակցության հարցում: Եվ հենվելով այդ տարրի, սեփական կազմակերպված ուժերի վրա, դիմացն ունենալով ապակազմակերպված զորամիավորումներ՝ նա մտածում է, որ վերջնականապես կարող է հասնել ուզածին` հասնել Բաքու և մեկընդմիշտ խնդիրը լուծել այնպես, ինչպես հարկ է համարում թուրքական պետությունը:
...Այս պետության ամբողջ կյանքը բաղկացած է ավերածություններից, և եթե վերջին հարյուրամյակի ընթացքում ռուսների ու ռուսական մշակույթի օգնությամբ մեզ հաջողվել է ինչ-որ բարեկեցություն ստեղծել Կովկասում, ապա այդ ամենը մենք կկորցնենք` հենց որ թուրք պաշտոնյայի, թուրք զինվորի ու սպայի ոտքը դիպչի մեր հողին:
...Եթե մեզ վիճակված է պարտվել և եթե մեզ վիճակված է մեռնել, ապա մենք` հայերս, կմեռնենք զենքը ձեռքներիս»:
Ապրիլի 9-ի սեյմի նիստում պաշտոնապես հռչակվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (Անդրֆեդերացիա) ստեղծումը:
Ապրիլի 14-ին թուրքերը գրավեցին Բաթումը, իսկ 25-ին` Կարսը, մայիսի 13-ին՝ Ալեքսանդրապոլը, ուր զինաթափեցին բոլոր տղամարդկանց և կոտորած իրակացրեցին։ Մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատը, և եթե այդ օրհասական պահին չլիներ հայոց միակամությունը` ժողովրդի ճակատագիրը վճռված կլիներ: Սարդարապատի հերոսամարտը, Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտերը ոչ միայն կանխեցին Երևանի, Արևելյան Հայաստանի զավթումը, այլև խանգարեցին Թուրքիայի հիմնական ծրագրի իրականացմանը` հասնել Բաքու, տապալել խորհրդային իշխանությունը և ձեռնամուխ լինել Մեծ Թուրան գաղափարի իրագործմանը:
Հունիսի 4-ին Բաթումում Թուրքիան «խաղաղության և բարեկամության» պայմանագրեր ստորագրեց Հայաստանի ու Վրաստանի հետ, որոնցով, բացի Կարսի, Արդահանի, Բաթումի մարզերից, Թուրքիային էին անցնում Ախալքալաքի գավառը և
Ախալցխայի գավառի մի մասը, Սուրմալուի գավառը և Ալեքսանդրապոլի, Շարուրի, Էջմիածնի ու Երևանի գավառների մասերը: Այդ պահից մրցավազք սկսվեց Թուրքիայի ու նրա դաշնակից Գերմանիայի միջև, թե ով ավելի շուտ կհասնի Բաքու` Անդրկովկասում ռազմական գործողությունների հիմնական նպատակակետին: Դրա «բնական» իրավունքը պատկանում էր թուրքերին և ադրբեջանցիներին: Բաքուն գրավելուց, նավթին տիրանալուց հետո նրանք կոչնչացնեին թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ արևելահայությանը:
Բաքվի գրավումը դրվեց «Կովկասի մուսուլմանական բանակի» (մոտ 13 հազար մարդ ու 40 հրանոթ) և մուսավաթական զորքերի (մոտ 5 հազար մարդ և 10 հրանոթ) վրա: Հունիսի 10-ին թուրք-ադրբեջանական զորքն արշավեց երեք ուղղություններով. հյուսիս-արևելք` դեպի Շամախ, կենտրոնական`
Անդրկովկասյան երկաթուղու երկայնքով դեպի Քյուրդամիր կայարան, հարավ-արևելք` դեպի Մուղան:
Բաքվի կոմունան ընդհանուր առմամբ ուներ շուրջ 18 հազար զինվոր ու սպա, 19 հրանոթ, 3 զրահագնացք, մի քանի ինքնաթիռ և 7 նավ: Դրանից 13 հազարը կռվելու
էր բուն Բաքվի մատույցներում: Խորհրդային Ռուսաստանը հունիսին Բաքու ուղարկեց 4 զրահամեքենա, 13 ինքնաթիռ, զենք ու զինամթերք, իսկ հուլիսին` 800-հոգանոց ջոկատ:
Հուլիսի 31-ին «Կովկասի մուսուլմանական բանակը»` արևմտահայության դահիճ Իսմայիլ Էնվեր փաշայի զարմիկ, Բաքվի ու Ելիզավետպոլի նահանգների հայության դահիճ Նուրի փաշայի հրամանատարությամբ, անցավ լայնածավալ հարձակման: Նույն օրը տապալվեց Բաքվի ինտերնացիոնալ բոլշևիկյան կոմունան և ձևավորվեց նոր իշխանություն` 11 մենշևիկներից, աջ էսէռներից, դաշնակցականներից կազմված «Ցենտրոկասպյան դիկտատուրան», որի գլխավոր խնդիրը քաղաքի ինքնապաշտպանությունն էր:
Սակայն կար մեկ առանձնահատկություն՝ Բաքվի բնակչության շուրջ 45%-ը կազմող ադրբեջանցիները: Ռազմաճակատի գիծը նրանց բաժանել և «պաշտպանում» էր իրենց իսկ ցեղակիցներից: Ըստ էության, Բաքվի ինքնապաշտպանական ուժերը կռվելու էին առանց թիկունքի, ավելի ճիշտ` թիկունքում ունենալով չպայթած ական, որը հարմար պահի գործի կդրվեր և մահ ու ավեր կսփռեր:
Սկզբում դավաճանեցին բոլշևիկները: Օգոստոսի 10-ին նրանք կոնֆերանսում որոշում կայացրին և օգոստոսի 14-ին իրենց ջոկատներով բարձրացան 16 շոգենավերի վրա ու դուրս եկան բաց ծով` նպատակ ունենալով հասնել Աստրախան: Նրանք չէին ուզում մասնակցել մի կռվի, որի մեջ ներգրավված էին, մի կողմից, իրենց ներքին հակառակորդները` մենշևիկները, էսէռները, դաշնակցականները, մուսավաթականները, մյուս կողմից` արտաքին թշնամիները` թուրքերն ու անգլիացիները: Սա էր բոլշևիկյան տրամաբանությունը, նրանց մտապատկերում այդպես էր անցնում ռազմաճակատի գիծը:
Բաքվի Հայոց ազգային Ազգային խորհրդի պատվավոր նախագահն էր Շամախվո և Բաքվի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանը, Խորհրդի նախագահը՝ չորս հայտնի նավթարդյունաբերողներ եղբայրներից Հակոբ Ղուկասյանը, իսկ քարտուղարը՝ խորհրդին առընթեր հարցաթերթիկային
հանձնաժողովի նախագահ Բախշի Իշխանյան։ Այս շուշեցին բարձրակարգ վիճակագիր էր, ավարտել էր Լայպցիգի Առևտրային ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետ-վիճակագրի որակավորում։ Բաքվի անկման օրը և երեք օր շարունակ՝ սեպտեմբերի 15-17-ը, Բ․ Իշխանյանը քաղաքում էր։ Նա, ծպտված, շրջեց բոլոր հայաբնակ թաղամասերում ու փողոցներում և տեղեկություններ գրանցեց հայ բնակչության թվաքանակի, սպանությունների, բանտարկվածների, գերեվարվածների, անհետացածների, կողոպտվածների, բռնաբարվածների, փախստականների, ֆինանսական ու գույքային կորուստների մասին։ Ապա այդ ամենն ի մի բերեց և 1920 թ. Թիֆլիսում հայերեն ու ռուսերեն հրատարակեց «Բագուի մեծ սարսափները: Անկետային ուսումնասիրութիւն սեպտեմբերեան անցքերի 1918 թ.» վիճակագրությունը (հայերեն՝ http://haygirk.nla.am/.../1901-1940/bagui_sarsap1920.pdf , ռուսերեն՝ https://araspel.files.wordpress.com/.../b-ishkhanyan-b1.pdf Ցավոք, այդ ոչ-ծավալուն գրքերն առ այսօր չեն վերահրատարակվել)։
Մեջբերեմ մի հատված այդ գրքից․ «Սեպտեմբերի 15-ին առաւօտւանից քաղաքը անտէր աւարի նման փռւած էր արդէն թշնամու ոտքերի տակ:
...Երեք օր շարունակ` սեպտեմբերի 15-ից (առաւօտուանից) մինչև 17-ը (երեկոյեան), կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերը, քաղաքի դրութեան նոր տէրերը համարւում էին կազմակերպուած մարդասպանների, աւազակների, թալանչիների բազմաթիւ և բազմատեսակ բանդաները, բաղկացած տաճկական կանոնաւոր զօրքից և Բագուի ու շրջակայ գիւղերի թաթարական տարրից: ...Քաղաքի տէրերը սանձակոծ և արիւնարբու պօգրօմշչիկներն էին: Նուրի և Մուրսէլ փաշաներին մի կողմից, Խոյսկի և Ջեվանշիր խաներին միւս կողմից հաճելի է եղել չափած-ձևած նախահաշիւներով, որ երեք օր շարունակ և անդադար Բագու քաղաքի և նրա շրջանի ողջ հայկական էլեմենտի կեանքն ու գոյքը յանձնուի բանդաների և պօգրօմշչիկների խնամքին:
Որքան կարող են թող կոտորեն ու ջարդեն, յափշտակեն ու բռնաբարեն, կողոպտեն ու թալանեն դա թոյլատրւում է նրանց. դա թողնւում է նրանց ոյժին, եռանդին և ընդունակութեան:
Միայն հայ անպաշտպան և անզէն ժողովուրդն էր Բագու քաղաքում, որ բիւրաւոր զոհեր տուաւ իրենից` առանց սեռի ու հասակի խտրութեան - տղամարդիկ ու կանայք, ծերունիներ ու երեխաներ, առողջներ ու հիւանդներ, անգամ ծծկեր մանուկներ, հայ ժողովուրդն էր միայն, որ մինչև վերջին թելը կողոպտուեց ու թալանուեց, բռնաբարուեց ու ոտնահարուեց իր ընտանեկան սրբութեան և մարդկային տարրական իրաւունքների սահմաններում, գերուեց, անյայտութեան մէջ հազարաւոր մարդիկ կորցրեց, բանտարկուեց, ստրուկի նման աշխատեցրուեց, գրաստի նման սայլերին լծուեց, մահամերձ ծեծուեց մարդ-հրէշների ձեռքով, հայհոյուեց, թքուեց ու մրոտուեց, սովալլուկ մեռցրուեց, որպէս իլոտներ, որպէս անբան արարածներ:
Բագուի սեպտեմբերեան ողբերգութիւնը - հայկական ողբերգութիւն էր` իր ողջ ծաւալով ու խորութեամբ: Հայ լինելը ինքնին վերցրած յանցանք էր տաճկի և թաթարի աչքում. և, իր ցեղային պատկանելիութեան համար, «յանցագործ» հայը արժանի էր վիրաւորանքների, զրկանքների, տանջանքների այն բոլոր տեսակներին, որոնց յղացման ընդունակ է եղել երբևիցէ արևելեան բռնակալութիւնը և որոնց ամենայն հետևողականութեամբ ու սիստեմատիկորէն գործադրել են հայերի դէմ Սուլթանների ու Չինգիզ-խաների հազարերորդ շառաւիղները 20-րդ դարում»:
Սակայն կոտորածները չավարտվեցին երեք օրով. բաքվահայության եղեռնը տևեց 2 ամիս և 2 օր, մինչև նոյեմբերի 17-ը: Անդրկովկաս ներխուժած թուրքական զորամիավորման հրամանատար, Ղարաբաղի (Շուշվա) հայոց կոտորածի կազմակերպիչ Հալիլ փաշային Բաքու ուղեկցած գերմանացի սպաներից մեկը արդեն սեպտեմբերի 21-ին Թիֆլիսի կայարանում ՀՀ դիվանագիտական հավատարմատար Ա․ Ջամալյանին ասել էր՝ նկատի ունենալով բաքվահայության սպանդը. «Ո՛չ, լինել քրիստոնյա ու եվրոպացի և ստիպված լինել այդպիսի խժդժություններ տեսնել ու լռել՝ իմ ուժերից վեր բան է և ես այս երեկո ևեթ պետք է հրաժարական տամ»։
Եվ այսպես, մինչև Բաքվի անկումը հայ բնակչությունը կազմել է 88.673 հոգի (22.622 ընտանիք), որոնք բնակվել էին 81 փողոցներում` 80.644 հոգի և Բալախան, Բիբի-Հեյբաթ, Հայկավան, Հայոց-Քիշլի, Սև քաղաք, Սպիտակ քաղաք արվարձաններում` 8029 մարդ: Կոտորածի պատկերը հետևյալն է. միայն երեք օրվա ընթացքում 57.380 մարդուց սպանվել էր 5248-ը, ընդ որում` մի քանի ամսական ծծկեր երեխաներից մինչև 85 տարեկան ծերունիներ ու տարեց կանայք, անհետ կորածներ՝ 3572, գերեվարվածներ՝ 3396, բանտարկվածներ՝ 253, բռնաբարված հայուհիներ՝ 288, առևանգված հայուհիներ՝ 571։
Կրկնեմ, այս ստույգ, գիտականորեն ճշգրիտ տվյալները վերաբերում են ընդամենը երեք օրվան։ Իսկ Բաքվում գտնվող թուրքերի ողջ տիրապետության շրջանում՝ ընդամենը երկու ամսում, ՑԵՂԱՍՊԱՆՎԵՑ 30 ՀԱԶԱՐ ՀԱՅ․․․
Որ 1918 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բաքվում կատարվածը ցեղասպանություն էր` կասկածից վեր է: Թուրքերը 1915 թվականը կրկնեցին Բաքվում` ադրբեջանցիներին հաղորդելով իրենց «հարուստ» փորձը, և հայի արյան գնով ստեղծեցին երկրորդ թուրքական պետական կազմավորումը` Ադրբեջանի «Ժողովրդավարական» Հանրապետությունը:
Թուրքերն ու ադրբեջանցիներն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ բաքվահայության բնաջնջումը պատճառաբանում են մարտ ամսվա դեպքերով և դա ներկայացնում են որպես պատասխան վրեժխնդրության «հատուցման գործողություն»: Դա կատարյալ անհեթեթություն է: Մարտ ամսին միմյանց դեմ կռվել են երկու զինված ուժ` Բաքվի բոլշևիկյան կոմունան և Մուսուլմանական ազգային խորհուրդը, իսկ Հայոց ազգային խորհուրդը փրկեց 20.000 ադրբեջանցու:
Առայժմ՝ այսքանը։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
Փորձենք հասկանալ, թե ո՞րն է Ադրբեջանի երկու պետական, պաշտոնական մարմինների՝ Հայաստանին ներկայացված Հայցի նպատակը։ Հայաստանի ներկայիս վարչախմբակի պարագլուխը հայտարարում է, որ «խաղաղություն» է հաստատել։ Նա կատարել է Ադրբեջանի (և Թուրքիայի) գրեթե բոլոր պահանջները՝ հանձնել է Արցախը և համաձայնվել արցախահայության բռնի տեղահանության հետ, հրաժարվել է հայոց Ցեղասպանությունից, փակել է «Ղարաբաղյան շարժման» էջը, տարանջատվել է Սփյուռքից, պատրաստ է փոխել ՀՀ Սահմանադրությունը, ընդունել 300 հազար ադրբեջանցու, կռիվ է տալիս Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ՝ սպառնալով գահընկեց անել Վեհափառ Հայրապետին, զիջել է ՀՀ ինքնիշխան տարածքներ, փորձում է ստեղծել նոր «Հայաստանի չորրորդ հանրապետություն»՝ հրաժարվելով իրենից առաջ եղած ամեն ինչից, ոտնահարել պատմական ավանդույթներն ու ձեռքբերումները, և նրանց, ովքեր համաձայն չեն իր հետ՝ ձերբակալում ու կալանավորում է։ Կատարել է ամեն պահանջ և ավելին, իսկ ինչ դեռ չի կատարել՝ խոստանում է վերարտադրվելուց հետո։ Եվ այս ամենը փաթեթավորում է «խաղաղության» կոնֆետի պսպսղուն փայլաթղթով։
Պարագլխի միակ նպատակը հունիսին վերընտրվելն է, և դրա համար նա պատրաստ է ամեն ինչի, անգամ՝ Հայաստանը «անտէր աւարի նման փռւած» թողնելով թշնամու ոտքերի տակ։
Ամիսներ առաջ Ադրբեջանը (և Թուրքիան) հրապարակավ հայտարարեց, որ ընտրություններում սատարելու է պարագլխին, այնինչ նրա ներկայացրած Հայցը վկայում է մեկ բան՝ ով էլ ղեկավարի Հայաստանը, ինքը չի հրաժարվելու հայատյաց քաղաքականությունից։
Հ․Գ․ Պարագլուխն իրեն հատուկ անզսպությամբ բղավեց, որ եթե ինքը չվերընտրվի՝ սեպտեմբերին պատերազմ է սկսվելու, «աղետալի» պատերազմ։ Սեպտեմբերի ո՞ր օրը, գուցե 15-ի՞ն, երբ 1918 թ․ թուրքերը մտան Բաքու։ Հո պատահական չէ, որ պարագլուխը իշխանության է անցել 100 տարի անց՝ 2018-ին․․․
Խաչատուր Դադայան