Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Բայց»-երը շատ բացեր ունեն

«Բայց»-երը շատ բացեր ունեն
08.08.2026 | 12:17

Լսեցի Ազգային Ժողով անցած «ՈՒժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հարցազրույցը (հղումը՝ Հ․Գ․-ում)։

Մեկնաբանություններում հիմնականում Նարեկ Կարապետյանի հասցեին գովեստի խոսքեր կարդացի, հիացմունք, իսկ կառուցողական քննադատություն չկար։

Իսկ ինձ հետաքրքրեց, թե ինչու՞ են նա և իր ընտանիքը ներքաշվել քաղաքականություն, եթե միևնույն է պետք է Փաշինյանի օրակարգը շարունակեն, այդ թվում ԹՐԻՓ-ը և Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, հայ-թուրքական սահմանի բացման ակնկալիքով։

Մենք, անշուշտ գիտենք, որ Սամվել Կարապետյանը Եկեղեցին պաշտպանելու համար ներքաշվեց քաղաքական խաղերին, այնուամենայնիվ, անհասկանալի է Կարապետյանի ընտանիքի ստեղծած նոր ուժի այդքան քաղաքական լուրջ փորձի և գիտելիքների պակասը։

Այս հարցազրույցի բովանդակային վերլուծությունը թույլ է տալիս անել հետևյալ 5 առանցքային եզրահանգումները.

1. Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը ՔԱՂԱՔԱԿԱՆ փորձի լուրջ պակաս ունի, քանի որ բիզնես հաջողությունը մեխանիկորեն չի փոխարկվում քաղաքական արդյունավետության: Եվ հստակ քաղաքական դոկտրինի բացակայության պատճառով «ՈՒժեղ Հայաստանի» առաջնորդները հանդես են գալիս անշահավետ դիրքերից:

2. Նրանց մոտ կառավարման սխալ ընկալում է նկատվում, քանի որ պետությունը միայն բիզնես նախագիծ չէ: Երբ երկրի ապագան դիտարկվում է բացառապես տնտեսական պրիզմայով, բաց են մնում անվտանգային, արտաքին քաղաքական և ինքնության հիմնարար հարցերը: Դրանք «համաշխարհային հայտնի դեմքերով» չեն լրացվում, ինչպես մենք տեսանք նախընտրական փուլում Իսրայելից, օրինակ, բերված ռազմական հայտնի փորձագետով։

3. Իսկ, եթե «ՈՒժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանը նշում է, թե պատրաստ են շարունակել Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական գիծը (տարածաշրջանային պայմանավորվածություններ, հայ-թուրքական սահմանի բացում), ուրեմն կարող է ստեղծվել իրական ընդդիմության ճգնաժամ։ Այսինքն առանց սեփական հայեցակարգի՝ բովանդակային ընդդիմություն ձևավորել հնարավոր չէ:

4. Քաղաքական իդեոլոգիա չունենալու և ներկա իշխանության օրակարգից սկզբունքային տարբերվող մոտեցումներ չառաջարկելու դեպքում, ալտերնատիվի բացակայություն է արձանագրում և «ՈՒժեղ Հայաստանը» դառնում է գործող կուրսի «ավելի լավ կատարողի» թեկնածու, այլ ոչ թե իրական քաղաքական այլընտրանք:

5. Եվ ուրեմն, հենվելով միայն ֆինանսա-տնտեսական ռեսուրսների հմտությունների վրա՝ այս նոր քաղաքական ուժը բովանդակային վակուում է ստեղծել։ Իսկ գաղափարական սնանկությունը ձախողում է նրանց՝ որպես լուրջ և ինքնուրույն քաղաքական գործոն կայանալու հեռանկարը:

Այնուամենայնիվ, Հայաստանում բնակվողներս քաղաքական անարյուն պայքարի ձևաչափում հույս ունեինք, որ առնվազն ԱԺ-ում կունենանք լուրջ ու ինքնուրույն ընդդիմադիր ուժ, բա՞յց․․․ «բայց»-երը շատ բացեր ունեն և հույսը տեղափոխվելու է քաղաքական դաշտի վրա տոտալ անտարբերությամբ։ Ենթադրում եմ ․․․

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ․Գ․

Հղումը՝ https://www.youtube.com/watch?v=6CvwEaupI6Y

Դիտվել է՝ 2426

Մեկնաբանություններ