Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

«Հայաստան. բաց դուռ»

«Հայաստան. բաց դուռ»
27.08.2026 | 10:53

Երևանում գտնվելուս օրերին այցելեցի մի ցուցահանդես, որ տակնուվրա արեց ինձ։ Թվում է, Մեծ հայրենադարձության, դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների ու երևույթների մասին ամեն ինչ կամ գոնե շատ բան գիտենք։ Մինչդեռ Մեծ հայրենադարձության ալիքն այնքան բազմաշերտ էր և այդ բազմաշերտությունը հետագայում այնքան սրբագրված և խմբագրված, որ մեր պատմության այդ ոչ հեռու ժամանակաշրջանը մենք ավելի շատ գիտենք աղճատված, կցկտուր տեղեկություններով, աղոտ պատկերացումներով։ Եվ դա այն դեպքում, որ Հայրենադարձության մեծ ալիքի, հայրենիքում հաստատվելու դժվարությունների, դրան հաջորդած ստալինյան -սովետական բռնաճնշումների հետևանքների կրողների գոնե զավակներն ու թոռները այսօր ողջ են և կրում են մեր պատմության մի կողմից՝ լուսավոր, մյուս կողմից՝ դառնություններով ու հիասթափություններով լեցուն այս առանձնահատուկ ժանանակաշրջանի ողջ ժառանգությունը՝ նախևառաջ հիշողության ու ապրումների տեսանկյունից։

Հայաստանի Պատմության թանգարանում բացված «Հայաստան. բաց դուռ» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին, այդ ապրումների ու հիշողության համադրումն է։ Ներկայացված լուսանկարներում, փաստաթղթերում, անձնական արխիվների պատառիկներում, կինոժապավենի բացառիկ կադրերում, օրագրերում, ձեռագրերում, ժամանակի մամուլի անդրադարձերում մեր պատմության մի բացառիկ դրամատիկ շրջանի վավերագրությունն է, որն իր ամբողջ հուզականությամբ կարելի է ասել նաև ասք է այն մասին, թե ինպես է հաղթահարվել անհնարինը, ինչպես է փշրված երազանքը դարձել ապրելու կամք։ Սա հայելի է, որտեղ երևում է մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ պատմական հայրենիքից մազապուրծ փրկություն, գաղթ, հետո օտար երկրներում վիրավոր ու անհույս սկսված զրոյից կյանք, հետո ներգաղթ՝ հայրենիքում ապրելու ու հայկական ինքնությանը վերագտնելու անհագ, անկառավարելի ծարավով, հետո հայրենիքում դառը իրականության հետ բախում, հիասթափություն, սով, աղքատություն, հետո մատնություններ, հաճախ Սիբիր ու հայրենիքի դավաճան, հետո արդեն շատերի համար երկրորդ գաղթ՝ նոր կյանքի երազանք՝ երկաթե վարագույրից անդին։

Հայրենադարձության այս բազմաշերտությունը մանրամասների մեջ է, և մեր գրականությունը, մեր կինոն, մեր գիտությունը՝ մարդաբանությունը, սոցիոլոգիան, լրագրությունը պիտի շերտ առ շերտ վերապրեն այն։ Որովհետև չափազանց կարևոր է, և հատկապես մեր օրերի տեսանկյունից, որ մենք շատ լավ պատկերացնենք, թե մեր Անկախությունը, այն երկըրը, որը մենք այսօր ունենք, ինչ փուլերի է հաջորդել և ինչու է նրա նվիրական գոյությունն այդքան անքննարկելի։ Որովհետև դժվարի ու դժվարագույնի հաղթահարումները մեզ հասցրել են արժանապատիվ տեղ, և մենք ճիշտ պահին ազգովի տեր ենք կանգնել մեր արժանապատվությանը։ Այս ամենը պիտի ճանաչենք, այս մասին պիտի պատմենք՝ առանձին մարդկանց ճակատագրերը ուսումնասիրելով, նրանց վերհիշելով, նրանց մասին պատմելով։

Անպայման այցելեք այս ցուցահանդեսը, քանի դեռ մի քանի օր ժամանակ կա։ Պատմության թանգարանի առաջին հարկում է։ Ի դեպ անմիջապես այս ցուցահանդեսից հետո անցեք կողքի սրահ՝ Արմինե Ջոհաննեսի «Անկախության ակնթարթները» լուսանկարների ցիւցահանդեսը նայելու։ Դուք չեք կարողանա խուսափել այս երկու ցուցահանդեսների բովանդակությունը համադրելուց և զուգահեռներ անցկացնելուց։ Կապրեք շատ հուզիչ, տակնուվրա անող, միևնույն ժամանակ հպարտություն ներշնչող շատ պահեր և ինքներդ ձեզ շատ հարցեր կտաք։

Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և «Ֆակտում» փաստագրական կենտրոնի համագործակցությամբ։ Այն գործելու է մինչև սեպտեմբերի 2-ը։ Ես գիտեմ, թե որքան ջանք են դրել այստեղ ցուցահանդեսի նախաձեռնողներ Տիգրան Պասկևիչյանն ու Սաթենիկ Ֆարամազյանը։ Տարիներ ի վեր նրանք Մեծ հայրենադարձության թեման և երևույթը ուսումնասիրել են՝ մեր ժողովրդի ապրած այս շրջանի արխիվացման ու թվայնացման, ինչպես նաև դրա հանրայնացման և հետազոտման ծանրակշիռ գործն իրենց ուսերին առնելով։ Շնորհակալությո’ւն։

Մերի ՄՈՒՍԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ