«Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով
Հին ու նոր, սև-սպիտակ, նախկին-ներկա, իրական-պատմական հասկացությունները իրենց հարցազրույցներում մերժող և ժողովրդի միասնությունն ու համախմբումը որպես իրենց քաղաքական ցանկություն և քաղաքական կուրս ներկայացնողներին երկու կարճ քաղաքական և մասնագիտական անվճար խորհուրդ:
Քաղաքական խորհուրդ
«Նոր» լինելը խոշոր հաշվով ռեալ պոլիտիկում ոչինչ չի նշանակում: Երբ դուք մերժում եք սև-սպիտակը, նախկին-ներկա բաժանումը, որպես քաղաքական կատեգորիա, բայց երկու նախադասություն հետո ինքներդ եք ընկնում թակարդը, երբ ստիպված սկսում եք հերքել նախկինների հետ ասոցացիան և համագործակցության հնարավորությունը, հիշեք մեկ հանգամանք: Նախ՝ քաղաքականության մեջ ոչինչ մի մերժեք, եթե դա ձեր սկզբունքային և կատեգորիկ մերժման հորիզոնականներում չէ: Դուք օբյեկտիվորեն առայժմ չեք հասկանում քաղաքականությունից և չունեք այդքան քաղաքական փորձ, որքան՝ նախկինները:
Մի վստահեք «սոցիոլոգիային» առավել, քան ռեալ պոլիտիկին: Իրական սոցիոլոգիաները չեն հրապարակվում, դրանք բացառապես աշխատանքային են մնում, հրապարակվում են PR նշանակություն ունեցողները: Մի վախեցեք նախկինների հետ չափավոր և օբյեկտիվ ասոցացումից, որովհետև՝ դե էն «սոցիոլոգիան» նախկիններին իբր ցածր ցուցանիշ է տվել, մեզ չկպնի, մենք նոր ենք: Առհասարակ, եթե ձեզանից որևէ բան ներկայացնում եք ուրեմն եղել եք, աշխատել և արարել եք նաև նախկինում, ինչը նորմալ է, լավ է, ոչ թե ծնվել եք 2018-ից հետո և «նոր» եք:
Մի վախեցեք, դա ակներև է, վերջապես, ավելի լավ, ազնիվ, ճիշտ և առաքինի կլինի ոչ թե օգտվել փաշինյանական նախկինաֆոբիայի արդյունքներից, որ դա հանկարծ ձեզ էլ չդիպչի, այլ ամեն բան կոչեք հնարավորինս իրենց անունով, եթե դա ձեզ է վերաբերելի:
Անվճար մասնագիտական խորհուրդ
Հանեք ձեր մտահորիզոնից, աշխարհընկալումից, բառապաշարից «ապաքաղաքական» բառը: Ձևավորեք «risk assessment» ձեր խոսույթի և դիրքավորումների համար, որ հանրային առումով ավելի վստահելի և համոզիչ լինեք:
Մի օգտվեք Փաշինյանի սերմանած նախկինաֆոբիայից, բայց միաժամանակ բաժանարար գծերի, սև-սպիտակի, նախկին-ներկայի մերժում ու անընդունելիություն արեք: Դա ձեր վարժությունը չէ, դա Փաշինյանի մենաշնորհն է, դա ձեզ բացարձակ դիվիդենտ չի բերելու, որովհետև դրա ծրագրային ապահովումը Փաշինյանինն է, ոչ ձերը: Էս ժողովուրդը շատ լավ է զգում՝ ո՛ր հարցի պատասխանը ունեք, որինը չունեք, որտեղ եք խաբում, որտեղ խուսափում, որտեղ եք ուզում դուր գալ և որտեղ եք բացարձակ անպատրաստ և անփորձ: Դիվիդենտահավաքությունը արեք բացառապես ձեր հաշվին, ոչ թե նախկինների կամ ներկաների:
Պատրաստվեք վերջնախաղի և ոչ արդյունքների: Վերջնախաղում նախկին-ներկա նոր ապագա չկա, ոչ էլ թիվ կա: Կա հարց լուծող և հարց չլուծող:
P.S. Հայաստանում կա մեկ քաղաքական հարց և վերջ: Դուք Հայաստանի Երրորդ Հանրապետության պահապա՞ն եք, թե՞ Փաշինյանի անվան Չորրորդ հանրապետության լոյալ ընդդիմություն: Այդ հարցի պատասխանը սկզունքային է և ոչ մի ճկունություն, խոսափում չի ենթադրում:
Թե բա՝ սոցիոլոգիան...
Բարևներս՝ Պլատոններին...
Նախկին քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ: «Նոր» քաղաքական գիտությունների դոկտոր
Վլադիմիր Մարտիրոսյան