Թէեւ ես գրում եմ անգլիերէն, եւ թէեւ ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող։
Իմ գործածած բառերը անգլիերէն են։
Միջավայրը, որի մասին ես գրում եմ, ամերիկեան է։
Ոգին, սակայն, որ մղում է ինձ գրելու, հայկական է։
Ուստի ես հայ գրող եմ։
Ես խորապէս սիրում եմ հայ գրողների մեծ ընտանիքին պատկանելու պատիւը։
Ես հպարտ եմ հայ ժողովրդի ազնուականութեամբ, արիութեամբ, իմացականութեամբ, ուժով, պարզութեամբ, սրամտութեամբ, նրա հանճարով ու խիզախութեամբ։
Այս բարեմասնութիւնները ժառանգութիւնն են բոլոր ճշմարիտ հայերի։
Նրանք սնուցել են իմ ոգին հէնց սկզբից, եւ ես երախտապարտ եմ։
Աշխարհ երբեք չի կարող պարտութեան մատնել մի ազնիւ ժողովուրդ։
Եթէ մենք զրկուած ենք մայրենի հողից, աշխա՛րհ կը լինի մեզ մայրենի հող։
Եթէ մենք զրկուած ենք մեր կառավարութիւնից, հայի ոգի՛ն կը դառնայ մեր կառավարութիւնը։
Ո՛չ մի քաղաքական ոյժ չի կարող դաւաճանել մեզ։
Վաստակաւոր կեանքով ապրելու տենչը հզօր է հայի մէջ։
Հայաստանի ոյժը թուերի մէջ չէ, այլ մարդ անհատի սրտի մէջ։ Սա՛ է միակ իրական ոյժը, որ մարդիկ, իբրեւ անհատներ, կարող են ունենալ։
Թուերի մէջ եղած ոյժը ստորադաս է եւ անարժէք։ Անասնակա՛ն ոյժ է։ Անարժան քաղաքակիրթ մարդ էակի համար։ Ինչ որ նա անում է, անարժէք է մարդու վայելուչ ու բարի զարգացման պատմութեան մէջ։
Գալիք տարիներին, նոյնիսկ երբ աշխարհ վայրագանայ, հայը պիտի լինի հաւատարիմ հոգեկան այն օրէնքներին, որոնք նրա ժառանգութիւնն են կազմում։
Մենք պիտի աճինք։ Ո՛չ թէ թուերով։ Ո՛չ թէ աշխարհը անիմաստ կերպով լեցնող մարդկային էակներով։ Այլ իրենք իրենց, իրենց ցեղը, իրենց ժառանգութիւնը, ազնուական ու բեղուն կեանքով ապրելու իրենց պարտականութիւնը գիտակցող անհատներով։ Մենք պիտի աճինք մարդկանցով, որոնք ժամանակի վատնում չեն աշխարհի համար։
Ազնիւ ծնած մարդիկ արժանի են աւելի լաւ աշխարհի, քան թէ այս աշխարհը։
Լաւ աշխարհը, սակայն, պէտք է ստեղծուի մարդկանց ձեռքով։
Հայի ոգին հզօր ոգի է։ Նա չէ պարտուած չար աշխարհից։ Ընդհակառակը, նա պարտութեան է մատնում չար աշխարհին։ Նա այդպէս է անում յայտնաբերելով այդ աշխարհը իրեն համար եւ մնալով անեղծ նրանից։
Ես հաւատում եմ մարդու բարութեան։ Ես հաւատում եմ, որ մարդու ճակատագիրը ազնուական ճակատագիր է։ ես ատում եմ այն ուժերը, որոնք ձգտում են կործանել մարդու ազնուականութիւնը։
Ես հայ եմ։
Ես գրող եմ։
Աշխարհի ապականուած ուժերի դէմ իմ զէնքերն են անաղարտ աչքը, պարկեշտ միտքը, մաքուր սիրտը, խանդակաթ ոգին, որոնք մղում են ինձ գրելու։
Թարգմ․ Սիմոն Վրացեան
5 սեպտ., 1939
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԻ ՖԲ էջից