AP գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ը և Իրանը ակտիվորեն քննարկում են բանակցությունների նոր փուլի հնարավորությունը՝ փորձելով հասնել իրանական հակամարտության դադարեցմանը միտված համաձայնության։ Որպես հանդիպման վայր կրկին քննարկվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը, հնարավոր տարբերակ է դիտարկվում նաև Ժնևը։               
 

Յոթանասնականների սկզբներին մեր երկիրը հանգիստ կարելի էր կոչել ՀՍՍ Բրազիլական Հանրապետություն

Յոթանասնականների սկզբներին մեր երկիրը հանգիստ կարելի էր կոչել ՀՍՍ Բրազիլական Հանրապետություն
14.04.2026 | 18:18

«Արարատը» բոլորիս ֆուտբոլասեր էր դարձրել՝ կին, տղամարդ, մեծ, երեխա․․․ անգամ ութսուն-իննսուն տարեկան տատիկներն էին վանկարկում՝ «Արարա՛տ», հու՛պ տուր»․․․ Յոթանասնականների սկզբներին մեր երկիրը կարելի էր հանգիստ կոչել Հայաստանի Սովետական Սոցիալիստական Բրազիլական Հանրապետություն։ Մտածում էինք՝ եթե հրապարակի Լենինի արձանի պիջակը հանենք, շալվարն էլ կարճացնենք, կդառնա Իշտոյանը՝ բանակի քեֆից հետո։ Շալվարի կտրած փողքերից էլ կարելի էր գնդակ սարքել, դնել ոտքերի տակ։

Քանի դեռ հեռուստացույց չունեինք, ռադիոյով էինք լսում ֆուտբոլը։ Խաղերը Դանիելյանն էր մեկնաբանում՝ ֆանտաստիկ պրոֆեսիոնալ, որն էնքան պատկերավոր էր պատմում, որ թվում էր, թե մարզադաշտում նստած ես։ Խաղն ամբողջ ընտանիքով էինք լսում՝ ռադիոթատրոնի նման։ Էնքա՜ն հետաքրքիր, էնքա՜ն դրամատիկ էր ներկայացնում, որ ամեն մի խաղը մի իսկական արվեստի ստեղծագործություն էր դառնում։ Բայց Դանիելյանը վաղաժամ մեռավ. շատ էինք ցավում, շատ էինք ափսոսում, ասես մեծ դերասան էինք կորցրել։ Ասենք՝ հենց մեծ դերասան էր՝ բացառիկ տաղանդով, հայրենասեր, որ մեր ֆուտբոլով էր ապրում ու բոլորիս վարակում դրանով։

Հետո հեռուստացույց առանք ու սկսեցինք նայել խաղերը՝ մերոնք գոլ էին խփում, ուրախությունից ճչում էինք, պարտվում էին, լացում էինք։ Բակի տղամարդիկ, սովորաբար, թթի ծառի տակ նստած նարդի էին խաղում ու սպասում, որ խաղը սկսվի, գնան տներով ու նայեն։ Հեռուստացույցով խաղերը ֆուտբոլի հայտնի քայլերգով էին սկսվում։ Ուրեմն՝ Նորոն էդ քայլերգը մագնիտոֆոնի վրա ձայնագրել էր։ Խաղը սկսվելուց տասնհինգ րոպե առաջ լուսամուտը բացում էր ու թաքուն միացնում։ Տղամարդիկ իրար էին անցնում՝ յա՜, էս շուտ են սկսու՞մ․․․ Ափալ-թափալ նարդին հավաքում էին ու վազում տուն։ Մի երկու րոպեից նորից տնից շվարած դուրս էին գալիս՝ ա՜յ մարդ, էս ի՞նչ էր․․․ Մենք ծառի հետևը թաքնված ծիծաղից թուլանում էինք։

Ֆուտբոլային հանդես էին հրատարակում։ Ես բոլոր համարներն առնում էի ու ծերից ծեր կարդում։ Անգիր գիտեի բարձրագույն լիգայի բոլոր թիմերի բոլոր խաղացողներին, հանգամանորեն ուսումնասիրում էի առաջնության աղյուսակը՝ թե որ թիմը քանի միավոր ունի՝ քանի հաղթանակ, քանի պարտություն, քանի գոլ ա խփել և այլն։ Առաջին լիգայում էլ Լենինականի Շիրակն էր խաղում, իսկ երկրորդում՝ Աբովյանի Կոտայքը։ Նրանց միավորներն էլ էի ուսումնասիրում։ Ուրիշ հետաքրքիր բաներ էլ էին տպում էդ հանդեսում. բոլորը կարդում էի։

Երբ 1973 թվին «Արարատը» դարձավ չեմպիոն ու գավաթը շահեց, Հայաստանում մեծ տոն էր։ Ֆուտբոլիստները մեր հերոսներն էին, ամեն մեկը՝ մի լեգենդ։ Նրանք մեր պատիվը երկինք էին հանել՝ հասցրել աստղերին։ Էդ տարիներին Հայաստանում ամեն ինչ ֆուտբոլի մասին էր։ Գավաթը Պետական պատկերասրահի առաջին հարկում էին դրել, որ մարդիկ գան, տեսնեն։ Գնացի, տեսա բյուրեղապակյա սիրուն գավաթը, հասկացա, թե ինչ մեծ բան ենք շահել։ Հաղթանակը մեզ թևեր էր տվել, եթե ուզեինք, ամբողջ ազգով մինչև լուսին կհասնեինք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ