ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Ինքնախոստովանություն, որ բացահայտում է պետական քաղաքականության վտանգավոր ձախողումը

Ինքնախոստովանություն, որ բացահայտում է պետական քաղաքականության վտանգավոր ձախողումը
21.10.2025 | 10:57

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ DW-ին տված վերջին հարցազրույցը, որտեղ նա նշում է, որ Ադրբեջանը փորձել է Սյունիքի տարածքով ստեղծել արտատարածքային միջանցք և նույնիսկ պահանջել ռուսական զորքերի տեղակայումը երկաթուղու ողջ երկայնքով, իրականում շատ ավելի խորքային իմաստ ունի, քան սովորական դիվանագիտական հայտարարությունը։

Այն վկայում է պետական քաղաքականության համակարգային ձախողման մասին՝ թե՛ բանակցային, թե՛ ռազմավարական մակարդակներում։

Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ որպես արձագանքող ու պաշտպանվող պետություն։

Եթե 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ ամրագրված էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները, ապա հետագայում Բաքվի նոր պահանջները՝ երրորդ երկրի զինուժի տեղակայումից մինչև իրավական կարգավիճակի փոփոխություն, պարզապես ի հայտ չէին գա, եթե Հայաստանը բանակցային սեղանին ունենար ամուր և համակարգված ռազմավարություն։

Միրզոյանի հայտարարությունը փաստացի ընդունում է, որ Հայաստանը գիտակցաբար չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։

Այս հանգամանքը կարող է դիտարկվել որպես Արցախի պետականության կործանման կարևորագույն պատճառներից մեկը։

Դա լրացնում է նաև Փաշինյանի՝ Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ արված ուղերձը, որտեղ նա

բաց տեքստով ընդունեց, որ Արցախի կորուստը եղել է քաղաքական հաշվարկի հետևանք։

Միրզոյանի հայտարարությունը, սակայն, նաև ապագայի մասին է:

2025-ի օգոստոսի 8-ի՝ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո ուժային հավասարակշռությունը տարածաշրջանում ավելի է խեղվել ի վնաս Հայաստանի։

Սա նշանակում է, որ Բաքուն TRIPP միջանցքի շուրջ հանդես է գալու առնվազն նույնքան կոշտ, եթե ոչ ավելի կոշտ պայմաններով, քան նախկինում։

Եթե Հայաստանը չկարողանա վերականգնել սուբյեկտային դիրքերը, ապա որևէ գործիքակազմ չի ունենա այդ ճնշմանը դիմակայելու համար։

Այս ամենը հանգեցնում է մեկ անխուսափելի եզրակացության․ Հայաստանը ոչ միայն չի օգտագործել իր հնարավորությունները, այլև հետևողականորեն նահանջել է ռազմավարական հարցերում։

Եթե այս քաղաքականությունը չփոխվի և Երևանը չդառնա լիարժեք խաղացող, ապա Արցախի ողբերգությունից հետո նույն ճակատագիրը կարող է սպասել նաև Սյունիքին։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ