Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Կրթական դիվերսիա. էսսեն՝ որպես գիտելիքի կամայականության գործիք

Կրթական դիվերսիա. էսսեն՝ որպես գիտելիքի կամայականության գործիք
28.04.2026 | 11:07

Իրականում գոյություն ունի մի երևույթ, երբ մարդը, քաղաքական ուժը, ինչ-որ կառույց սխալ է գործում, խաբում, մանիպուլացնում շրջապատին, ներքուստ հասկանում իր արածը, բայց կեղծ փառասիրությունը թույլ չի տալիս խոստովանել, և արածը ծածկելու և քողարկելու համար գործում է նորանոր սխալներ և այնքան խորանում դրանց մեջ, որ սկսում է հավատալ իր ստերին ու կեղծիքին և կորցնում է լույսը, ետդարձի ճշմարիտ ճանապարհը: Այսօր այդ կարգավիճակում է քպ-ական իշխանությունը իր կառույցներով, իրեն սատարող խաբված մարդկանցով: Խոսենք ԿԳՄՍ - ի մասին:

Դարձյալ էսսեների թեման

Մեկ սխալ գործելուց հետո, այս կառույցը գործում է հաջորդ սխալը:

Կայացվել է որոշում գրականության և պատմության ինտեգրված քննական էսսեում հաշվի չառնել լեզվական, քերականական, ոճային սխալները:

Խելքի աշեցեք....

ԿԳՄՍ- ում կարծում են, որ հայ գրականության էսսեն կարելի սխալներով ներկայացնել... սա կրթական դիվերսիա Է։

Այն, ինչ այսօր կատարվում է 9-րդ դասարանի ավարտական քննությունների շուրջ, այլ կերպ, քան «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» անվանել հնարավոր չէ:

ԿԳՄՍ նախարարության որոշումը՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաները միավորել մեկ՝ էսսեի ձևաչափի մեջ, այն էլ՝ առանց լեզվական սխալները հաշվի առնելու, մեր կրթական համակարգի վերջին հենասյուների փլուզումն է:

Ինչո՞ւ է սա կործանարար

1․ Գիտելիքի փոխարինումը «բառապտույտով»

Պատմությունը փաստերի, ժամանակագրության և պատճառահետևանքային կապերի ճշգրիտ գիտություն է: Գրականությունը՝ հեղինակային ոճի, կերպարների և տեքստի խորքային իմացություն:

Էսսեն, իր ազատ ձևաչափով, թույլ է տալիս աշակերտին «ջուր ծեծել»՝ առանց կոնկրետ գիտելիք ցուցադրելու:

Մենք ստանում ենք մի սերունդ, որը սովորում է ոչ թե իմանալ, այլ խոսել չիմացածի մասին:

2․ Լեզվական անգրագիտության պետական վավերացումը

Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, որտեղ հայ երեխան քննություն է հանձնում հայոց պատմությունից ու գրականությունից, բայց նրան թույլատրվում է գրել խայտառակ սխալներով: Սա ուղղակի ծաղր է մեր լեզվի հանդեպ: Եթե մենք աշակերտից չենք պահանջում գրագետ խոսք մայրենի լեզվի և պատմության քննության ժամանակ, ապա որտե՞ղ պետք է պահանջենք: Սա անգրագիտությանը տրված «կանաչ լույս» է:

3․ Անհասկանալի «ինտեգրում»

Ինտեգրումը չպետք է լինի առարկաների հաշվին: Պատմությունն ու գրականությունը տարբեր մեթոդաբանություն ունեն: Դրանք մեկ կաթսայի մեջ լցնելով՝ մենք չենք զարգացնում քննադատական մտածողություն, մենք ուղղակի փոշիացնում ենք ակադեմիական պատասխանատվությունը:

4․ Արհեստական բանականության «հաղթանակը»

Մի դարաշրջանում, երբ աշակերտը կարող է ցանկացած էսսե պատվիրել չատ-բոտերին, գրավոր քննության այս ձևաչափը դառնում է անվերահսկելի: Բանավոր քննությունն էր այն միակ ֆիլտրը, որտեղ երևում էր աշակերտի իրական պաշարը, կարդացած գրքերի քանակը և բառապաշարը:

Պահանջում եմ և հորդորում

ա) Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երեխաները դառնան փորձաճագարներ՝ չմտածված «բարեփոխումների» ձեռքում:

բ) Վերադարձնել բանավոր քննությունները հումանիտար առարկաների համար:

գ) Խստագույնս հաշվի առնել լեզվական գրագիտությունը ցանկացած գրավոր աշխատանքում:

դ) Դադարեցնել առարկաների մեխանիկական միավորումը, որը միայն մակերեսայնություն է ծնում:

Կրթությունը զվարճանք չէ, այն պետական անվտանգության հարց է:

Անգրագետ սերունդը չի կարող տեր կանգնել ո՜չ իր պատմությանը, ո՜չ էլ իր պետությանը։

Արմինե ՎԱՂՐԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4002

Մեկնաբանություններ