Թե՛ քաղաքական, թե տնտեսական դաշտում շաբաթվա «սենսացիան» Միհրան Պողոսյանի հրաժարականն էր, որը պայմանավորված է օֆշորի մեջ «թաթախված» լինելով։ Օֆշորը՝ օֆշոր, հրաժարականը՝ հրաժարական, սակայն մեզ հետաքրքրեց էկոնոմիկայի նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ կարծիքը, թե ինչքանո՞վ են օֆշորային ընկերությունները ազդեցություն ունենում Հայաստանի տնտեսության վրա։
-Եթե խոսքը վերաբերում է ստվերային եկամուտներին, որոնք չեն երևում տնտեսության մեջ, իհարկե, բացասաբար են ազդում տնտեսության վրա,- զրույցի սկզբում ասաց նախարարը։
-Ի՞նչ եք կարծում, ԴԱՀԿ-ի նախկին ղեկավարի, և ոչ միայն նրա, օֆշորային եկամուտները Հայաստանի տնտեսության մեջ ներգրավվա՞ծ են։
-Ես նման տեղեկություն չունեմ, իսկ հարցին պատասխանելու համար պետք է լիարժեք տեղեկացված լինել։
-Անդրադառնանք, ուրեմն, Ձեր ղեկավարած ոլորտին։ Տնտեսության զարգացման համար այս պահին, ըստ Ձեզ, ո՞ր ոլորտների վրա պետք է շեշտը դրվի։ Եվ արդյո՞ք գիտահետազոտական ինստիտուտները, որոնք վերացվեցին և որոնց ներուժն աշխատեցնելու էր մեր տնտեսությունը, բարձիթողի վիճակում չեն։
-Տեխնոլոգիական նորարարությունների և գիտական արդյունքի առևտրայնացման հարցում փորձում ենք համագործակցել ոչ միայն մեր, այլև արտերկրի համապատասխան ընկերությունների հետ։ Օրինակ, ապրիլի 20-ին Սինգապուրի առևտրի և արդյունաբերության նախարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք իրենց «Սպրինտ» նորարարությունների համակարգի և մեր նորարարությունների կենտրոնի միջև կնքելու համաձայնագիր, ըստ որի, նախատեսվում է միջազգային ասպարեզում ներկայացնել և առևտրայնացնել հայկական նորարարությունները։ Սա գործնականում կխթանի մեր գիտնականների մասնակցությունը միջազգային տնտեսական գործընթացին, և ֆինանսների առկայության դեպքում դրանք կներդրվեն Հայաստանում։ Նման շատ ծրագրեր են նախատեսված։ Շատ կարևոր է, որ գիտական արդյունքը վերածվի արտադրանքի՝ արտադրության։ Մենք ունենք շատ լավ գիտնականներ, որոնք հաջողությամբ համագործակցում են մեզ հետ, սակայն կան նաև առանձին գիտնականներ, որոնք իրենց գյուտերը պահում են և դրանց իրականացման համար ցանկանում են գումարներ ստանալ անձնապես։ Այստեղ բացատրական աշխատանքի անհրաժեշտություն կա։
-Այս պահին շատ ձեռնարկություններ սեփականաշնորհումից ի վեր չեն աշխատում։ Օրինակ, անգործության է մատնված փամփուշտ արտադրող մի ձեռնարկություն ևս։ Ի՞նչ եք կարծում, արդյոք ժամանակը չէ՞ խիստ մոտեցում ցուցաբերելու այս խնդրին։
-Այդ խնդիրը կարելի է լուծել երեք տարբեր մեխանիզմներով։ Առաջինը հարկային մեխանիզմն է, երկրորդը՝ սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրի շրջանակներում պատասխանատվության ենթարկելը, երրորդը, որը, կարծում եմ, այս պահին ամենադժվար իրագործելին է, սեփականատիրոջ հետ բանակցությունների միջոցով անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է, ինչը բարդանում է ֆինանսների սղության պատճառով։ Այսօր խնդիր ունենք այն ձեռնարկությունների հետ, որոնք աշխատել են և պարտքեր կուտակել։ Պարտքի բեռան տակ գտնվող ձեռնարկությունների հարցը մենք քննարկում ենք ոչ միայն նախարարության ներսում, այլև բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ։ Փորձում ենք հնարավորություն ստեղծել նրանց համար թոթափելու այդ բեռը, ինչը կարող է իրականացվել և՛ պարտքի վերակառուցման, և՛ արժեթղթավորման, և՛ ճգնաժամային կառավարիչների ներգրավման մեխանիզմներով։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ