ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Վանաձորում ոգեկոչվեց Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակը

Վանաձորում ոգեկոչվեց Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակը
03.09.2025 | 11:55

Օգոստոսի 31-ին, ժամը 12:30-ին, Վանաձորում հայորդիները հավաքվել էին նշելու հայ և բուլղար ժողովուրդների ազգային հերոս, Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն»-ի շքանշանակիր Մեծն Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակի օրը։

Միջոցառումը վարեց ասմունքող-դերասան Ջիվան Սարգսյանը։ Հիշատակի արարողությունը բացեց և ուղերձով հանդես եկավ ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Իրենց սրտի խոսքն ասացին «Նիդերլանդականան Օրագրի խմբագիր» Ա.Կնյազյանը, գրող, գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը ։ Միջոցառման ընթացքում հուշարձանին խոնարհվեցին ծաղկեպսակներ։

Ա․ Կնյազյանը իր խոսքում ընդգծեց, որ հավաքվածները եկել են խոնարհվելու ոչ միայն Զորավար Անդրանիկի անմահ հիշատակի առջև, այլև այն անսասան ուժի ու ոգու, որ նա թողեց որպես հավերժական ժառանգություն․

«Նա միայն զորավար չէր․ նա մեր ժողովրդի բաբախող սիրտն էր, այն ճառագայթող լույսը, որ փարոս դարձավ մեր ամենամութ օրերին։ Երբ վտանգված էր հայի գոյությունը, նա վեր էր բարձրանում անձնականից և դառնում մեր ամբողջ ժողովրդի զենքն ու վահանը։ Նա կռվեց ոչ թե փառքի կամ պատվի համար, այլ՝ հայի ազատության և արժանապատիվ ապագայի։ Այդ պատճառով էլ նրա անունը գրված չէ միայն պատմության էջերին․ այն ապրում է մեր հոգիներում ու մեր հավատքի մեջ»։

Նիդերլանդներից ժամանած հյուրը շեշտեց, որ Անդրանիկի կերպարը հայության ազգային ինքնության անբաժան մասն է, և նրա պատգամը սերունդ առ սերունդ պիտի շարունակվի։ «Որքան միասնական է հայությունը, այնքան անպարտելի է նրա ոգին»,– նշեց նա։

Իր հերթին Կարո Վարդանյանը հիշեցրեց, որ շատ թե քիչ Անդրանիկին պարբերաբար հիշում են Վանաձորում, մինչդեռ նա մեր ժողովրդի հիշողությունն է:

Անգամ օտարները հիացմունքով են խոսել քաջարի զորավարի մասին։ Մասնավորապես՝ 1919 թ․ հոկտեմբերին բրիտանական Blackwoods Magazine-ում հրապարակված հոդվածում անգլիացի հազարապետ Վիլյամ Գիբոնը, որ 1918-ի ձմռանը Գորիսում հանդիպել էր Անդրանիկին, զորավարին նկարագրել է որպես խիստ, բայց խորապես մտազբաղ ու ժողովրդի ճակատագրով տարված մարդ։ Գիբոնը վկայում էր․

«Ոտքի վրա կանգնած, ճակտի երակները ուռած, աչքերեն կրակ ցայտող, ցնցվող մարմնով նա կը պոռար իր անվստահությունը իր ցեղը խոշտանգողներու հասցեին»։

Վարդանյանը հավելեց, որ Անդրանիկի կերպարը միշտ կմնա ոգեշնչող, քանի որ նրա պայքարն ու վառ կերպարը դուրս էին անհատական շահերից և ուղղված էին բացառապես հայ ժողովրդի ազատությանը։

Հավաքվածները ևս մեկ անգամ հավաստեցին, որ Մեծն Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակն ու պատգամը հավերժ են և կմնան որպես հայության միասնականության ու արժանապատիվ ապագայի խորհրդանիշ։

Միջոցառումը, որին մասնակցում էին նաև արտերկրից ժամանած հյուրեր, կազմակերպել էր ԻՆՏԵՐԿԱՊ բարեգործական հասարակական կազմակերպությունը։

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Վանաձոր

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ

Իներ­ցիա­յի ու­ժով