Երևանի փողոցներում ու մեծ ճանապարհների վրա երևացող տեղերում դրված մեր մեծերի ու «մեծերի» դիմանկարները ազգի ճակատագրով ապրող մարդկանց մոտ տարբեր խոհեր են առաջացնում՝ առաջին հերթին հպարտություն մեր մեծերի արած մեծամեծ գործերով, որոնք հաճախ արվել են ոչ նպաստավոր նյութական ու ոչ նյութական պայմաններում և տարակուսանք, թե ովքե՞ր են ներկա իրականության կողմից այն «մեծ» հորջորջվածները, որոնց անունն անգամ անհայտ է լայն հասարակայնությանը, որոնց մեծադիր նկարները համառորեն մատուցվում են մեր մարդկանց որպես ազգի մեծեր՝ ծանոթության կարգով, մասնավոր շահագրգռվածությամբ, թե տգիտության պատճառով, արդեն կարևոր չէ։
Այս հարցը մեզ համար կարևոր է մի շարք առումներով, որոնցից առաջիններից մեկն այն է, որ մեծ զավակին ադեկվատորեն գնահատելու համար հանրությունն ինքը պետք է լինի հզոր ու մեծ, իսկ մենք նման հանրություն չունենք ու չենք էլ կարողանում ստեղծել, որն էլ մեր դժբախտությունների անվերջ շղթայի հիմնական պատճառներից մեկն է։
Դրանից բացի, մեծ ու հզոր գործիչները ծնվում են այնտեղ, որտեղ մեծ գործեր են կատարվում, իսկ փոքր ու աննշան գործերով ապրող դուքանային մակարդակի միջավայրերում առաջանում են դուքանային բնույթի «մեծեր»։
Մասնավորապես, դա է պատճառը, որ մեր հիրավի մեծերը օտար ու հզոր այլ միջավայրերի ծնունդ են, իսկ մենք չունենք նման հզոր մտավոր միջավայր մեծեր ծնելու և մեր մեծերին գնահատելու համար, բայց ունենք բոլոր կարողությունները նրանց նույնիսկ չնկատելու և, ծայրահեղ դեպքերում էլ, նրանց հալածելու համար։
Այս հարցում կա նաև մի ուրիշ հանգամանք ևս, որը կապված է մարդու արած գործի տաղանդավորության ու կարևորության չափի և դրա հետևանքների ու հասարակական հնչեղության պրոբլեմի հետ։
Թումանյանի ու Չարենցի նման ստեղծագործողները իրենց մտավոր հզորությամբ և արած գործով լիովին կարող են համարժեք լինել աշխարհի ճանաչված մեծերին, բայց աշխարհում ըստ արժանվույն ճանաչված չլինել միմիայն այն պատճառով, որ նրանք թույլ ու աննշան միջավայրերի զավակներ են։
Նույն պատճառով էլ թույլ ու աննշան հասարակական միջավայրը կարող է հալածական դարձնել իր լավագույն զավակներին, որոնց օրինակները շատ են։
Կոմիտասը միջազգայնորեն ճանաչված երաժիշտ դարձավ Եվրոպայի շնորհիվ միայն, որից հետո էլ, հալածական դառնալով Էջմիածնում, գնաց Ստամբուլ։
Հայաստանից հալածված Արմեն Թախտաջյանը համաշխարհային անունով Թախտաջյան դարձավ Լենինգրադում միայն։
Արդեն մեծ անուն ունեցող Մերգելյանը Հայաստանում հալածական դարձավ և այլն։
Մեր դժբախտությունն այն է, որ նախանձի ու էգոիզմի մթնոլորտում, չուզենալով տեսնել ուրիշի հաջողությունը և չկարողանալով գնահատել և ծառայեցնել այն հանրության օգտին, մեր պառակտվածությունն ու դրա արդյունք թուլությունը բնական օրենքով ծնում են ավելի մեծ պառակտվածություն ու թուլություն։
Բացի դրանից, կա հասարակության հզորության մի կրիտիկական մակարդակ, որից վերև նա իր դրական իմաստով հզոր զավակներին է մղում դեպի ղեկավար պոստեր, իսկ դրանից ներքև էլ, դեպի նույն պոստերն է մղում բացասական իմաստով իր ունակ զավակներին, որոնց էլ, նույն բնական օրենքով, հաջորդում են իրենց ավելի վատ տեսակները։
Որպես կանոն, նման պրոցեսն էլ ավարտվում է օտարի միջամտությամբ, որն էլ ունի երկու ելք՝ փրկություն կամ կործանում: Պատմության պրոցեսում հենց այս ճանապարհով են գտել իրենց կործանումը կամ էլ փրկությունն ու ձուլվելը հզորի հետ շատ շատերը։
Մեր նմաններն էլ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, հասել են մեր օրերը։
Պավել Բարսեղյան