Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Միջանցքային տրամաբանությունը ջախջախող» պետական այրերն այսօր լուռ են

«Միջանցքային տրամաբանությունը ջախջախող» պետական այրերն այսօր լուռ են
14.07.2025 | 12:20

Մեր հարևան երկրներում անակընկալ և արմատական իրադարձություններն ու գործընթացները շարունակում են հաջորդել մեկը մյուսին: ՀՀ պետական ղեկավարները մանրակրկիտ հաշվարկներով անհրաժեշտ է, որ հաշի առնեն դրանց տարածաշրջանային հետևանքները: Որո՞նք են այդ կարևոր փոփոխությունները:

1. Քրդերը՝ նրանց ամենահզոր ապստամբական ռազմա-քաղաքական կառույցը՝ PKK-ն դադարեցնում է զինված պայքարը: Այս գործընթացի հաջող ավարտը Թուրքիային կբերի ներքաղաքական կայունության աճ, հնարավորություն ընձեռնելով առավել ակտիվություն ցուցաբերել մերձավորարևելյան և մյուս տարածաշրջաններում:

2. Էրդողանի սենսացիոն ելույթը թուրք-քրդական-արաբական միասնության անհրաժեշտության մասին, որը մասնագիտական շրջանակները որակում են պանթյուրքիզմի զուգակցումը պանիսլամիզմի հետ: Պարզ է, որ համաիսլամական համախմբումը թուրքերը հասկանում են սունի իսլամի հենքով: Այստեղ հարցական է ծնվում. տարածաշրջանի միակ շիական կրոնապետությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնելու. նկատի ունենք երկու հիմնական իսլամական ուղղությունների դարավոր պայքարը:

3. Արդյո՞ք Իսրայելի համար նոր անվտանգային խնդիրներ չեն առաջանա Սիրիայի նոր իշխանությունների հստակ ընդգծված թուրքամետ դիրքորոշման հետևանքով: Արդեն տեսնում ենք Աշ Շաարայի հանդիպումները Էրդողանի և Ալիևի հետ ինչ արձագանքներ են ունենում:

4. ՌԴ-Ադրբեջան լարվածության շարունակումը հանգեցնելու է Արևմուտք-Ադրբեջան մերձեցմանը հակառուսական հենքի վրա: Այս իրողությունների համատեքստում արևմտյան ուժային կենտրոնները ավելի ուժգին ճնշումներ են գործադրելու Հայաստանի վրա՝ Ադրբեջանի և Թուրքիայի օգտին զիջումներ կորզելու համար: Դրանով նրանք ձգտելու են խրախուսել թուրքական տանդեմի հակառուսականությունը, իհարկե ուկրաինական ճակատում Կրեմլի գործերը դժվարացնելու համար:

5. Եվրաինտեգրման մասին ՀՀ Աժ ընդունած օրենքը, նկատելի արևմտամետ դիրքորոշումները և ռուսական ուղղությամբ արտաքին քաղաքական անհաջողությունները վերոնշյալ գործընթացների հետևանքով կարող են Հայաստանի համար ստեղծել դիվանագիտական մեկուսացման իրավիճակ:

6. Կրեմլը Ալիևի վրա ունի տնտեսա-քաղաքական ուժեղ ազդեցության լծակներ և ինչ-որ պահի բացառված չէ, որ օգտագործի նաև հայկական խաղաքարտը: Ի՞նչ դիրքորոշում պետք է ունենալ այս դեպքում:

7. Դուբայի Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները չեն հանրայնացվել, բայց արդեն պարզ է, որ օրակարգում թիվ մեկ գործը միջանցքի բացման արագացումն է: Ժամանակին «միջանցքային տրամաբանությունը ջախջախող» պետական այրերն այսօր լուռ են կամ տարբեր տերմիններ են հնարում: Այժմ պարզ է, որ դա ռուսական վերահսկողության դեմ էր: Այժմ, երբ պարզ դառնա, որ ստիպված են միջանցքը տալ պատերազմից խուսափելու համար, ի՞նչ գործողությունների պետք է գնալ՝ ռուսական կողմի հետ անհետաձգելի խորհրդակցություններ սկսելով:

Երևի թե այլ կարևոր խնդիրներ ևս կան, բայց դե ներքին քաղաքական առճակատումներն ու անիմաստ քաշքշուկները երկրորդական հարցերի շուրջ բարձրացնում են անլրջության մակարդակը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ