ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Մութ սենյակում սև կատու ենք փնտրում, չտեսնելով դռանը նստած վագրին»

«Մութ սենյակում սև կատու ենք փնտրում, չտեսնելով դռանը նստած վագրին»
11.06.2013 | 00:44

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ


-Ձեր կարծիքով` ընտրությունների մեծ ցիկլի ավարտից հետո ընտրողն իր ակնկալածին հասա՞վ:
-Իհարկե ոչ: Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակում անհնարին է, որ ժողովուրդը հասնի իր նպատակներին, որովհետև քաղաքական դաշտը կայացած չէ և չի կատարում պահանջված գործառնությունները:
-Երկու տասնամյակը բավարար ժամանակ չէ՞ր կայանալու համար:
-Քաղաքական ուժերը կայանում են ընտրական գործընթացում` սեփական գաղափարները ներկայացնելով և այդ գաղափարների միջոցով համախոհներ ու համակիրներ ներգրավելով: Սա է քաղաքական գործընթացի կայացման դասական ձևը: Որո՞նք են հիմա Հայաստանի ուժեղ ու ազդեցիկ քաղաքական ուժերը: Նրանք, որոնք շատ փող ու մեծ բիզնես ունեն: Բիզնեսի քաղաքականություն ներթափանցման հետևանքով հասարակության համար արդեն բնական է դարձել, որ ամենահարուստ մարդիկ պարտավոր են երկրում ամենաուժեղ քաղաքական դեմքերը լինել: Հետևաբար ելքը մեկն է` եթե ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն առողջացնել, շատ պարզ քայլեր պետք է անենք: Պետք է տարանջատվեն գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները, բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից: ՈՒ Հայաստանում ամեն ինչ իր տեղը կընկնի: Անկախ շրջափակումից: Ղարաբաղի հարցի լուծումից:
-Ես համաձայն եմ, որ դա այբուբենն է, ու ամեն ինչ սկսվում է այդտեղ, բայց Հայաստանում ամեն ինչ այդտեղ էլ ավարտվում է։ Ինչո՞ւ:
-Որովհետև ընտրությունների հիմքում ոչ թե ծրագրերի ու գաղափարների մրցակցությունն է, այլ նյութական միջոցների: Վճարում են և ստանում են կուսակիցներ, վճարում են և ստանում են իշխանություն: Վճարում են, և ստանում են արդարություն: Եթե մարդը կարող է կաշառք բաժանելով պատգամավոր ու նախագահ ընտրվել, ինչո՞ւ բժիշկը չի կարող կաշառք վերցնել վիրահատության համար, ինչո՞ւ իրավապահը չի կարող հանցագործին արդարացնել կամ անմեղին դատապարտել: Օրենքը չի գործում, հարգանք չկա պետական կառույցների նկատմամբ, հավատ չկա: Քաղաքացին հարկեր է վճարում, իսկ նրա վճարած հարկերով ապրող պետությունը գործում է նրա դեմ:
-Չինական պարիսպն էլ անցուղիներ ունի, հնարավոր չէ՞ վիճակ փոխել:
-Ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է, հակառակ դեպքում պետությունն ինքն իրեն ոչնչացնելու է, Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունենա` թե՛ ժողովրդագրական, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով: Նախկինում մենք ապրում էինք սովետական մեծ ընտանիքում իր բոլոր դրական և բացասական երևույթներով, հետո անցանք երկրորդ փուլին` անկախացանք և ընտրեցինք ժողովրդավարության ճանապարհը: Բայց մի քանի տարում ժողովրդավարությունը լճանալով` վերածվեց կեղծ ժողովրդավարության. ընտրությունների իմիտացիայի միջոցով պաշտոնները կա՛մ ամեն գնով պահվում են, կա՛մ փոխանցվում իրավահաջորդին: Վաղուց արդեն ժամանակն է երրորդ փուլի` անցում կեղծ ժողովրդավարությունից իրական ժողովրդավարության։ Այլ անցուղի հայկական քաղաքական պարիսպը չունի:
-2008-ը ավարտվեց մարտի 1-ով, 2013-ին բարևեցին-հեռացան, 2018-ին հնարավո՞ր է, որ փակ շրջանակից դուրս գանք:
-2008-ի ընդդիմադիր առաջնորդներին մեղադրում են, որ մարդկանց տարան կրակի բերան, 2013-ի ընդդիմադիր առաջնորդին մեղադրում են, որ առճակատման չգնաց, ո՞րն է լուծումը: Եթե հստակ է, որ գործող իշխանությունն ինքն իրեն ավելի է սիրում, քան երկիրը, մտադիր չէ ոչինչ փոխել, միակ միջոցը հասարակական լայն զանգվածների փողոց դուրս գալն է դառնում: Եվ դա, ի տարբերություն նախորդ ընտրությունների, պետք է արվի ոչ թե հետընտրական փուլում, երբ ամբողջ աշխարհը հորդորում է ընդդիմությանը դատական ճանապարհով լուծել խնդիրը, այլ նախընտրական: Ընդդիմությունը պետք է ճիշտ ախտորոշի իրավիճակը և հստակ ներկայացնի բուժման ճանապարհներն ու լուծումները: Ամենակարևորը այս պարագայում քաղաքական կամքն է, բոլոր խոսքերն արդեն ասված են` լավ կամ վատ. գործել է պետք:
-Քաղաքական էլիտայի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
-21-րդ դարը քաղաքականությամբ զբաղվելու նոր մեխանիզմներ չի ստեղծել: Քաղաքականությունը գործընթաց է, հարափոփոխ գործընթաց, քաղաքական դեմքերն էլ ժամանակի մեջ փոխվում են: Բայց միանգամից ոչինչ չի լինում: Ճանապարհ պիտի անցնես, պայքարի փորձ պիտի ունենաս, դո՛ւ պիտի ճանաչես, քե՛զ պիտի ճանաչեն: Քաղաքական դաշտի փոփոխությունը պիտի որոնել ոչ թե անհատների, այլ ստեղծված իրավիճակներից դուրս գալու առաջարկվող լուծումների մեջ: Նոր գաղափարների, հին հարցերի նոր լուծումների: Խնդիրը ոչ թե էլիտայի փոփոխությունն է, այլ գործընթացների ծրագրումը և իրագործումը:
-Հայաստանի Հանրապետությունը սովորաբար իր ներքին հարցերը լուծում է արտաքին ներգործություններով: Արտաքին ազդեցությունները երկիրը դեպի ո՞ւր են տանում:
-Նայած ինչ նկատի ունեք: Ակնհայտ է, որ հետխորհրդային պետություններում կառավարման այս ձևն արդեն կորցնում է իր հենարանը: Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Իլհամ Ալիևը մնալու են կեղծ ժողովրդավարությունից իրական ժողովրդավարության անցման փուլում: Նրանք չեն կարողանալու իրենց իրավահաջորդներն ունենալ:
-Ասվածը վերաբերում է նաև Ռուսաստանի՞ն:
-Ռուսաստանին ևս: Ռուսաստանը թե՛ զգուշանում, թե՛ վախենում է ժողովրդի կամքով կատարված որևէ փոփոխությունից, ուստի միշտ աջակցում ու աջակցելու է գործող վարչակարգերի ղեկավարներին: Բավական է, որ տարածաշրջանի որևէ ժողովուրդ իր սեփական կամքը կարողանա արտահայտել և պարտադրել իշխանությանը, որպեսզի Ռուսաստանում նորից կայծից հրդեհ բռնկի, ինչպես արդեն եղել է: Արևմտյան ուժերը տարածաշրջանում ունեն քաղաքական, տնտեսական շահեր, գումարներ են ներդրել և ուզում են շահ ստանալ, նրանց հենց այդ պատճառով պետք է ոչ թե ռիսկային, այլ խաղաղ ու զարգացող տարածաշրջան: Մեզ էլ ձեռնտու է հնարավորինս մեծ գումարներ ներգրավել, որոնք կվերածվեն աշխատատեղերի, նոր ձեռնարկությունների, աղքատության նվազման: Այս առումով տնտեսական-սոցիալական իրավիճակը փոխելու Եվրոպայի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները համընկնում են, ժողովրդավարության նրանց մոդելը նախընտրելի է և, իմ կարծիքով, Հայաստանի համար այլընտրանք չունի: ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրումով ՀՀ իշխանությունների պարտավորություններն ավելի կխստանան, այդ համաձայնագրի շրջանակներում տնտեսությունը կարող է ավելի ազատականացվել` իրականորեն, և մոնոպոլիաները դաշտից դուրս մղել: Այս շրջանակում մեր ուժերով կարող ենք մեծացնել մեր ռազմական ներուժը, գնելով նոր և արդիական զինտեխնիկա: Այլ երկրներից սեփական քաղաքական նպատակների համար ՀՀ բերված ռազմական հզորությունը որքան անվտանգություն է ապահովում, նույնքան վտանգ է ստեղծում: Տեսեք` ռուսական «Իսկանդեր» հրթիռները Հայաստանում տեղակայող ռուսական իշխանությունները ասում են, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, այլ ուղղված է Թուրքիայի դեմ` իբրև ՆԱՏՕ-ի անդամ երկրի: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան Հայաստանի մեջ տեսնելու է իրական վտանգ: Մեզ համար ո՞րն է նախընտրելի:
-ՀՀ իշխանությունները պնդում են, որ համագործակցելու են և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական միության հետ, ընտրության խնդիր դրված չէ: Մինչդեռ Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակի հավակնող ՈՒկրաինային ԵՄ-ն անմիջապես առաջարկեց իր գերակայությունը ճշտել:
-Ես զարմանում եմ ՀՀ իշխանությունների վրա, որ ուզում են ցանկությունը համոզմունք դարձնել, երբեմն այնքան են համոզում, որ հավատում ու հավատացնում են: Համոզում են, որ արտագաղթի տեմպերը վտանգավոր չեն, որ Հայաստանը ակտիվ տնտեսական կյանքով է ապրում, գյուղատնտեսությունը վերելքի մեջ է (կարկուտը չհաշված), բարեկեցությունն աճում է օրեցօր, որ խնդիրը ոչ թե կամ-կամ է, այլ` և-և, գուցե դեռ մեկ այլ միության մեջ էլ կարող են ներգրավվել Աֆրիկայում կամ Ավստրալիայում: Իրականությունը բոլորովին այլ է: Երբ կարդում ես ռուսական որոշ վերլուծական կենտրոնների, պետական պաշտոնյաների վերլուծություններն ու ելույթները Հայաստանի Հանրապետության ու հայերի մասին, համոզվում ես, որ Հայաստանին վերաբերվում են իբրև երրորդ-չորրորդական երկրի, կցորդի, որի կարծիքն առանձնապես կարևոր էլ չէ, կհրամայվի` կկատարվի: Ընտրության խնդիր չկա: Եվրասիական միությունը մեզ ակնհայտ պարտադրում են: Եվրամիություն մենք ենք ուզում մտնել, որովհետև անդամակցելուց հետո մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական վիճակը կարող է բարելավվել:
-Նոյեմբերին ստորագրվելո՞ւ է ասոցիացման համաձայնագիրը, թե՞ հերթական անգամ հետաձգվելու է:
-Ես կողմնակից եմ համաձայնագրի ստորագրմանը, բայց համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրելու: Ես տեսնում եմ, թե ռուսական կայսրությունն ինչ ազդեցություն ունի Հայաստանի վրա, դա միայն տնտեսական ու ռազմական չէ, նաև քաղաքական է: Տեսեք` քաղաքական դաշտում ինչ ուժեր են ջատագովում Եվրասիական միությունը: Այդ ուժերն ունեն նյութական ու ֆինանսական լուրջ ռեսուրսներ (օրինակ` ԲՀԿ-ն), ոմանք նաև ընդդիմադիր համբավ (մասնավորապես` ՀԱԿ-ը), նաև ազգայնական հենք (օրինակ` ՀՅԴ-ն): Փաստացի` ներքաղաքական ազդեցիկ ներուժ ունի ռուսական կայսրությունը Հայաստանում: Այն ուժերը, որոնք կողմնակից են ասոցիացման համաձայնագրին, խաչաձև հարվածների տակ են` թե՛ իշխանության, թե՛ թվարկածս ուժերի կողմից: Նաև այս հանգամանքը հաշվի առնելով` Սերժ Սարգսյանը, եթե նույնիսկ ցանկանա էլ ստորագրել, որին խորապես կասկածում եմ, չեմ հավատում, որ կստորագրի համաձայնագիրը:
-Եվրոպան, որ տարածաշրջանում ունի իր շահերը, թեև մշակել ու իրագործում է Արևելյան հարևանության քաղաքականությունը, պիտի ընդունի՞ իր հետ «տունտունիկ» խաղալը:
-Իհարկե չեն հանդուրժելու: Թե՛ Եվրոպան, թե՛ ԱՄՆ-ը հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն վաղուց արդեն դուրս է եկել «տունտունիկի» տարիքից և քաղաքական առումով դրան այլ անվանում են տալիս:
-Իսկ ի՞նչ կարող են անել:
-Նրանք ունեն երկու ճանապարհ. առաջին` քաղաքակիրթ աշխարհը իր հիմնական արժեք համարվող ժողովրդավարությունը պիտի աշխատի գերադասել առանձին պետական և որոշ դեպքերում նույնիսկ անձնական շահերից: Ակնհայտ է, որ անզեն, սեփական իրավունքների համար պայքարող ժողովրդին միշտ էլ հնարավոր է ճնշել ինքնաձիգներով ու տանկերով: Ոչ վաղ անցյալում նույն միջազգային հանրությունը համապատասխան իրավիճակներում համապատասխան քաղաքական խողովակներով, ուղղակի և անուղղակի հասկացնում էր տվյալ երկրի իշխանություններին և ուժային կառույցներին, որ ժողովրդավարության դեմ ուժ կիրառողները վերջ ի վերջո պատասխան են տալու առաջադեմ մարդկության ստեղծած միջազգային դատարաններում, ինչի արդյունքում ուժայինները տրված հրամանը չէին կատարում: Օրինակ` մեր հարևան Վրաստանը: Կա երկրորդ տարբերակը. սեփական շահերից ելնելով` աչք փակել քաղաքական գործընթացների վրա, ինչի հետևանքով վերջին ընտրություններում ընդդիմադիր դաշտն էլ, ընտրողն էլ արդեն տեսակետների առումով իրարից չէին տարբերում ԱՊՀ և եվրոպացի դիտորդներին: Իսկ ժողովրդին այլ բան չի մնում, քան արյունալի ապստամբությունը: Օրինակը` այսօրվա Սիրիան:
-Գուցե Եվրոպան ինքնապահպանման այնքան խնդիրներ ունի, որ մենք արդեն «գլոբուսից դո՞ւրս» ենք:
-Իր բազմամյա փորձով Եվրոպան գիտի, որ աշխարհը մի երկար փողոց է, և այդ փողոցում պետք է պահպանել բնակության, երթևեկության, առևտրի, անվտանգության կանոններն ու հավասարակշռությունը: Առճակատմամբ լուծումը որևէ երկրի ձեռնտու չէ: Խնդիրը միայն Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները չեն: Պիտի լինի լուծում, որը չի կարող բոլորին բավարարել, բայց ամեն մեկը տարածաշրջանում այդ լուծման համար պետք է վճարի` տեսնելով իր շահը: Տարածաշրջանային կոնֆլիկտներն են, որ Եվրոպայի վերաբերմունքը այլ տարածաշրջաններից տարբերում են: Եթե Վրաստանն ունենար Ադրբեջանի հետ նույն կոնֆլիկտը, ինչ Հայաստանը, Վրաստանում «վարդերի հեղափոխություն» չէր լինի, բայց եթե տարածաշրջանը կեղծ ժողովրդավարությունից չանցնի իրական ժողովրդավարության, չլուծված կոնֆլիկտները ցանկացած պահի կարող են պայթյունի վերածվել:
-«Հանրապետություն» կուսակցությունը ո՞րն է համարում իր անելիքը այս իրավիճակում:
-«Հանրապետություն» կուսակցությունը, անկախ տարբեր գնահատականներից, իր ստեղծման օրից քաղաքական բոլոր գործընթացների ակտիվ մասնակիցն է եղել և հիմնական տոն տվողը, իսկ որտեղ չի եղել, իր բացակայությունը զգացվել է: «Հանրապետություն» կուսակցությունը հասկանում է, որ ինչքան շուտ դուրս գանք այս վիճակից, այնքան լավ երկրի համար: Հասկանում է նաև, որ այս վիճակից դուրս գալու հնարավորությունները, ժամանակից շուտ օգտագործվելու դեպքում, կարող են վարկաբեկվել: Ինչպես վարկաբեկվեց հեղափոխության գաղափարը, վարկաբեկվեց ընդդիմադիր լինելու գաղափարը, կուսակցության ու կուսակցականության գաղափարը: Թվում է` երկրի դժբախտությունը քաղաքական կուսակցություններն են, եթե կուսակցությունները չլինեն, ամեն ինչ իր տեղը կընկնի` քաղաքացիական հասարակության ուժերով: Մութ սենյակում սև կատու ենք փնտրում, չտեսնելով դռանը նստած վագրին: «Հանրապետություն» կուսակցությունը այսուհետ էլ վարելու է բաց, շիտակ քաղաքականություն, քաղաքական ասպարեզում իր խնդիրը համարելով բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, համակարգային փոփոխությունը, անկախ պետության ամրապնդումը, ժողովրդավարության կայացումը, մարդու` իբրև բարձրագույն արժեքի գիտակցության արմատավորումը: Մեր ռազմավարությունն ու մարտավարությունը ներդաշնակ են, մենք բաց ենք համագործակցության համար այլ քաղաքական ուժերի հետ, իսկ մեր հիմնական դաշնակից տեսնում ենք ժողովրդին: Մենք համոզված ենք, ուզում ենք, պարտավոր ենք և կարող ենք 21-րդ դարը մերը դարձնել:

Զրուցեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ