ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Ավարտական քննությունը` որպես ուսանողի տաղանդի և շնորհի դրսևորում

Ավարտական քննությունը` որպես ուսանողի տաղանդի և շնորհի դրսևորում
22.05.2014 | 14:25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ նկարիչների միությունում այսօր մասնակցել է Գեղարվեստի պետական ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը` «Համակարգչային նախագծում և կերամիկա» մասնագիտության գծով: Նախարարը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել շրջանավատների ավարտական աշխատանքներին, ինչպես նաև ներկա գտնվել ներկայացված աշխատանքների պաշտպանությանը: Քննությունից հետո նախարարը լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով` նշելով.

«Առաջին անգամ չէ, որ ես ներկա եմ գտնվում Գեղարվեստի ակադեմիայի քննություններին և կարող եմ ասել, որ ես միշտ մեծ հաճույքով եմ մասնակցում հենց այս բուհի քննություններին, քանի որ սա այն բացառիկ մասնագիտություններից մեկն է, որի քննությունն իսկապես շատ հաճելի է դիտել: Ակնհայտ է, որ այսօր մենք ունենք բազմաթիվ լավ ուսանողներ և շրջանավարտներ այս ոլորտում, և ակադեմիայի դասախոսական կազմի մասնագիտական և ուսանողների կրթության որակն իրավամբ մրցունակ է տարածաշրջանում: Այսօր մենք կարող ենք փաստել, որ ունենք բազմաթիվ բարձրորակ արվեստագետներ, մասնագետներ, նկարիչներ, քանդակագործներ, մի խոսքով` տաղանդավոր երիտասարդություն: Նրանք ժամանակակից են, բայց միաժամանակ ազգային, ստեղծարար են և արձագանքում են օրվա խնդրին, այդ օրվա նյարդով են ապրում` միաժամանակ գիտակցելով ավանդական, ազգային արժեքի նշանակությունը: Այս քննությունների ընթացքում, կարելի է ասել, ակադեմիայի շրջանավարտներն առիթից օգտվում են` իրենց շնորհը և տաղանդն ի ցույց դնելու համար: Նրանք մեր ազգային կրթական համակարգի, մեր ազգային մշակույթի արգասիքն են: Արվեստն ամենագլոբալիզացված և տրանսազգային ոլորտներից մեկն է. եթե այլ ոլորտներում սահմաններն էլի փլուզվել են, ապա արվեստի բնագավառը առհասարակ սահման չի ճանաչում: Այսօր բազմաթիվ հայ արվեստագետներ արարում են այլ երկրներում, բայց նրանք մեր մշակույթի մի մասն են: Այո, կարելի է վստահությամբ ասել, որ մենք մշակույթի նախարարությանն ենք փոխանցում շատ լավ, որակյալ մասնագետներ»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհի շրջանավարտների շատ անուններ արդեն հայտնի են հասարակությանը:
Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր հերթին նշել է, որ բուհի ավարտական պաշտպանություններն ըստ ավանդույթի անցնում են Նկարիչների միության դահլիճներում և ըստ բանախոսի` դրանք երբեմն այնքան շատ են, որ տեղ չեն գտնում ցուցասրահներում: «Ես շատ գոհ եմ մեր բուհի դասախոսների և ուսանողների աշխատանքից, որի արդյունքը երևում է հենց դիպլոմային աշխատանքի ժամանակ: Ես միշտ կրկնում եմ` եթե ուզում եք տեսնել բուհի դեմքը, տեսեք նրա ավարտական աշխատանքները և որակները»,-նշել է Ա. Իսաբեկյանը` հավելելով, որ պատահական չէ, որ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակները 90-ից ավելի տոկոսով հաղթում են Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները:

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ

ն հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am