«Իրատեսի» հյուրն է ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ:
Այս տարի նա հոբելյար է, ինչի առթիվ շնորհավորում ենք ջերմորեն՝ մաղթելով անձնական և ստեղծագործական երջանկություն:
«ԲԱՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ՄԵՐ ԷՍՕՐՎԱ ԿՅԱՆՔՈՒՄ»
-Պարոն Դավոյան, Ձեզ ներկայացնելիս դժվար է թվարկել բոլոր այն պարգևներն ու կոչումները, որոնց արժանացել եք Ձեր բազմամյա գրական և հասարակական գործունեության ընթացքում: ՀՀ պետական մրցանակներ, ՀՀ պետական առաջին կարգի մրցանակ, «Մեսրոպ Մաշտոց», Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներ և այլն, և այլն: Այս ընդգրկուն տիրույթում ի՞նչ տեղ է զբաղեցնում բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
-Մրցանակները, անշուշտ, ժամանակակիցների գնահատականներն են, որ անիմաստ չեն: Դրանք անպայման ինչ-որ ներգործություն, ինչ-որ նշանակություն ունեն: Բայց ես այն տիրույթում եմ, որտեղ մրցանակներ չկան. էդ տիրույթը գտնվում է հայոց պատմության խորքերում: Հիսունհինգ տարի մտածելուց-երազելուց հետո ես բոլորովին վերջերս վերականգնեցի մեր հայոց հնագույն, նախապատմական էպոսը՝ «Ծովինարը»: Ա՛յ էդ տիրույթում եմ ես:
-Այդ մասին լսում եմ արդեն երկրորդ անգամ, առաջինը շաբաթներ առաջ էր՝ Վահան Արծրունու հոբելյանական համերգաշարի՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած համերգի ժամանակ, երբ հնչում էին Ձեր բանաստեղծությունների հիման վրա Վահանի գրած երգերը: Դուք խոսեցիք «Ծովինար» էպոսի մասին բեմից, և ես լրագրողական իմ հետաքրքրասիրությունը չէի կարող գործի դնել ու հարցեր տալ: Հիմա վերջապես հարցնեմ՝ ինչո՞ւ հատկապես Ծովինար, և ոչ թե, ասենք, Սանասար կամ Մհեր:
-Ինչո՞ւ Ծովինար: Որովհետև շատ բաներ կարող եք առասպել, լեգենդ ու հեքիաթ համարել, բայց բաներ կան, որոնք գալիս են նախապատմական ժամանակներից և գործածության մեջ են մեր էսօրվա կյանքում: Օրինակ՝ Ծովինարը, Սանասարը, Մհերը: Աստված Ծովինարին ստեղծել է նախորդ աշխարհակերտման ժամանակ, և Ծովինարը համարվում է Աստծո մեծագույն զինակիցը նրա բոլոր ձեռնարկումներում. այս մասին վկայում է նաև Հին կտակարանը: Մհերը Մեծ հայրն է՝ առաջին Ծովինարի առաջին Սանասար որդու միակ զավակը, որին Աստծու կողմից հանձնարարված էր կառավարել մարդկանց ներդաշնակ կյանքը՝ իր զավակների միջոցով: Այդ բազում զավակներն այն աստվածներն են, որոնք եղել են հայոց դիցարանում: Բոլոր ժողովուրդներն իրենց աստվածներն ունեն, և ուրիշ ժողովուրդներ ավելի շուտ սկսեցին զբաղվել իրենց վիպասքերով, գրեցին դրանց մասին: Եթե 17-18-րդ դարերում համապատասխան մարդիկ զբաղվում էին վիպասքերով, և ամեն ժողովուրդ իր էպոսն էր շարադրում, մերոնք (որքան էլ որ չէի ուզենա ասել, այդուհանդերձ պիտի ասեմ) մեր պատմության ոտքերը կտրեցին: Կտրեցին շատ էական տեղում: Մերոնք 19-րդ դարի երկրորդ կեսին միայն, այն էլ՝ ոչ լիարժեք, սկսեցին զբաղվել մեր ազգային էպոսով: Դուք ինձ առաջարկում եք, որ ինքս ինձ մերկացնեմ՝ ասելով, թե որ տիրույթում եմ: Այն տիրույթում եմ, որտեղից սկսվում է մեր հնագույն պատմությունը: Գոյություն չունի Առաջին ջրհեղեղի ժամանակագրություն, հայտնի չէ, թե Ադամին ստեղծելուց քանի միլիոն տարի հետո է արել այն Աստված: Կա ամենագլխավորը. երկագնդի վրա պահպանվել են բազում հետքեր, որոնց ծագումը գիտությունը չի կարողանում պարզել: Օրինակ՝ ինչպես վերացան հրեշավոր խոշոր կենդանիները՝ մամոնտները, դինոզավրերը, իխտիոզավրերը, կիկլոպները, մյուսները: Ես այս ուղղությամբ բազում ուսումնասիրություններ եմ արել ինքս, ինչպես նաև հետևել եմ աշխարհի խոշորագույն գիտնականների ուսումնասիրություններին: Կան խոսակցություններ այն մասին, թե եղել են բազում քաղաքակրթություններ երկրագնդի վրա, թե դրանք ոչնչացել են տարբեր ժամանակներում, տարբեր ձևերով: Ամենահզոր և միակ վկայությունն Աստվածաշնչում է. համաձայն այդ վկայության՝ Աստված ջրհեղեղով կենդանազերծեց երկիրը, միայն Նոյին թողեց՝ արդար մարդուն, որից պիտի վերսկսվեր մարդկության կյանքը՝ արդար մարդկության: Միլիարդավոր ֆունտեր, եվրոներ ու դոլարներ են ծախսում՝ գտնելու համար, թե ինչպես ոչնչացան երկրագնդի վրայից էն կենդանիները, որոնց մնացորդները սփռված են աշխարհով մեկ, այդ թվում և՝ Հայոց լեռնաշխարհում: Եվ փոխանակ ուղղակիորեն հետ հայացք գցելու ու նայելու, թե որտեղից են գալիս և ուր են գնում այդ հետքերը, ուսումնասիրողները՝ որպես ամենահավանական վարկած, ասում են, թե 60-65 մլն տարի առաջ երկրագնդին հարվածել է Հիմալայների ծավալի մի երկնաքար, որն առաջացրել է հրդեհ և բնաջնջել ամբողջ կենդանական ու բուսական աշխարհը: Եվ փնտրում են էն խառնարանը, որտեղ եղել է էդ հարվածը: Իսկ էդպիսի խառնարան գոյություն չունի: Իրենց ամբողջ պատկերացումը կապված է երկրագնդի մակերեսի վրա գոյություն չունեցող մի նյութի հետ, որն ափիս չափ է: Էդ նյութը վերցրած՝ ընկել են այստեղ-այնտեղ, փնտրում են դրա ծագման վայրը: Էդ նյութը երկրագնդի վրա չկա, բայց կա տասը կիլոմետր խորության վրա: Եվ՝ շատ կա: Սա էլ գիտեն, սա էլ է հայտնի ճշմարտություն: Եվ փոխանակ անդրադառնալու, որ երկրագնդի կենդանազերծումը ջրհեղեղով արեց Աստված, ընկել են գոյություն չունեցող բաների հետևից: Եվ չպետք է բացառել մեկ ուրիշ բան ևս. գուցե մինչև նոր աշխարհաստեղծումը մեկ ուրիշ աշխարհ է՞լ է ունեցել Աստված, և գուցե այն նո՞ւյնպես կենդանազերծել է մեծ ջրհեղեղով: Այսինքն՝ Աստծո գործողությունների հիմնական գործիքը ջուրն է: Ջուրն էլ կյանքի սկիզբն է: Ջրերի աստվածուհի միայն մենք ունենք՝ Ծովինարը: Բացառված չէ, որ մեկ ուրիշ փաստ գտնեն և ինձ համոզեն դրանում, որի համար ես շատ կուրախանամ: Բայց առայժմ այդ ուրիշ փաստը չկա: Ծովինարը գալիս է նախորդ աշխարհաստեղծման ժամանակներից: Էդ խոշոր կենդանիները, որ հզորագույն ուժ և չափազանց պստիկ խելք են ունեցել կամ չեն ունեցել բոլորովին (թեև ես հակված եմ մտածելու, որ ունեցել են, այնուամենայնիվ), բազմաթիվ հետքեր են թողել երկրագնդի տարբեր հատվածների վրա: Հարավային Ամերիկայի ջունգլիներում հիմա քաղաքներ են հայտնաբերվում, որ չեն պատկերացնում, թե ով կարող է սարքած լինել: Աստված, ջուրը դիտելով իբրև իր հիմնական գործիքը, նաև ինքնուրույն պտղաբերելու կարողություն էր տվել ջրին, ինչը կա նաև մեր շատ նորագույն էպոսում՝ «Սասնա ծռերում»:
«ԵԹԵ ԵՍ ՄԻ ԲԱՆ ՀԻՄՆԱՎՈՐ ՉԻՄԱՆԱՄ, ՉԵՄ ԱՍԻ»
-Ասել է, թե Ծովինարի՝ մեկ լիքը բուռ և մեկ կիսատ բուռ ջուր խմելու արդյունքում հղիանալու և Սանասարին ու Բաղդասարին լույս աշխարհ բերելու ավանդապատումն ավելի հնո՞ւց եկող իրողություն է:
-Այո՛: Ծովինարը, որ երկու բուռ ջուր է խմում ու ծնում Սանասարին և Բաղդասարին, է՜ն նախամայր Ծովինարի ժառանգներից է: Մեկ ուրիշ բան ասեմ, որն ապշեցրել է մեր մեծագույն բանասեր Հովսեփ Օրբելուն, և որին անդրադարձել է նաև Գարեգին Սրվանձտյանցը: Ասելիքս հետևյալն է. Ասորեստանի Սենեքերիմ թագավորը գրավել էր ամբողջ տարածաշրջանը, էդ թվում նաև՝ Հայաստանը, բացի հայկական մեկ տիրույթից, որը հետագայում կոչվեց Վան-Վասպուրական: Այստեղ է եղել Արարադի երկիրը, այստեղ է Հայկը ամրոցներ, քաղաքներ սարքել՝ Բելից ազատվելու համար: Եվ մեր առաջին մայրաքաղաքը եղել է Հայկաշենը, որ քաղաքատիպ ավան էր: Հայկը կառուցել է այն, իր զավակներին թողել այդտեղ՝ իբրև գլխավոր կարգելով իր ավագ որդուն՝ Արամանյակին: Ինքը շարժվել է դեպի հյուսիս՝ դեպի Արարատ լեռը, որի ստորոտում հիմնել է մի հսկայական տերություն: Եվ այլն, և այլն: Հիմա չեմ ուզում ամբողջը պատմել: Դա ճիշտ էլ չի լինի:
-Բայց Սենեքերիմին հիշելը պատահական չէր, չէ՞:
-Չէ՛: Համառոտ ասեմ. Սենեքերիմը պաշարել էր Երուսաղեմը, և Երուսաղեմի Եզեկիել թագավորը իր սրբատանն աղոթում էր՝ խնդրելով ազատել իրեն Սենեքերիմի ձեռքից: Երեմիա մարգարեն ասում է, որ նստել-ողորմություն խնդրել պետք չէ, պետք է ձայն բարձրացնել, օգնություն կանչել: Մյուս մարգարեն՝ Եսային, ասում է, որ էդ օգնությունը Հյուսիսից է գալու: Այս մասին գրված է Հին կտակարանում: Իսկ Երեմիան ասում է, որ օգնության կանչի Արարադի թագավորությունը, Ասքանազյան գունդը և Միննիի թագավորությունը: Սրանք պատմական ճշմարտություններ են, ինպես և այն, որ Ասորեստանը մեկ անգամ չէ, որ գրավել ենք: Մենք մի քանի անգամ Ասորեստանն ենք գրավել, քաղդեացիների երկիրն ենք գրավել, Հունաստանն ենք գրավել, Պարսկաստանն ենք գրավել, բայց հետագայում բոլոր թագավորությունները կորցրել ենք: Հետագայում մեծ թագավորություն է ստեղծել Արշակ Մեծը. նա իր եղբայր Վաղարշակին է ուղարկել Հայաստան՝ ստեղծելու մեր թագավորությունը: Էսքան դես-դեն եմ գնում, որ պատկերացնես, թե ինչի մասին եմ խոսում:
-Եվ ուրեմն, Եզեկիելին օգնեցին հայե՞րը:
-Աստծո հրեշտակն իջավ, Եզեկիելին հուսադրեց, հուշեց, թե որտեղից պիտի կանչի օգնություն, բայց ասաց, որ այդ գիշեր Աստծո մարտական հրեշտակը պիտի իջնի և 185 հազար մարդ կոտորի Սենեքերիմի բանակում: Իսկապես պատահում է դա, և Սենեքերիմը, լալով-ողբալով, փախչում է Նինվե: Գնում է իր Նեսրաքա կուռքի կռատուն և փրկություն խնդրում: Օգնության փոխարեն էլ խոստանում է զոհաբերել իր երկու զավակներին՝ Սանասարին ու Ադրամելիքին: ՈՒրեմն, մ.թ.ա. 9-րդ դարում Սանասար ու Բաղդասար (Ադրամելիք) կային, որոնց Սենեքերիմը խոստանում է զոհաբերել իր աստծուն: Հիմա գանք մեր «Սասնա ծռեր» էպոսին: 10-րդ դարում Գագիկ թագավորի աղջիկ Ծովինարի երկու զավակները խալիֆին մորթեցին: Խալիֆն էլ գիտեր, որ դրանք իր որդիները չեն և պատրաստվում էր մորթելու նրանց: Բայց նրանք մորթեցին խալիֆին, իրենց մորն առան-փախան Հայաստան: Սա Հին կտակարանի բովանդակությունն է: Իսկ ի՞նչ եղավ Սենեքերիմի դեպքում: Տղաները լսում են իրենց հոր խոստումը Աստծուն, մտնում են կռատուն, մորթում Սենեքերիմին ու փախչում Հայաստան: Խորենացին էլ հաստատում է սա: Իսկ Հայաստանում այդ ժամանակ թագավորում էր Պարույր Հայկազնը՝ մեր ամենազորավոր թագավորներից մեկը: Նա Սանասարին կարգում է Տավրոսյան լեռնաշխարհի տիրակալ: Սանասանյայք բոլորը Սանասարի հետնորդներն են: Պարսկաստանի Սասանյան դինաստիան էլի այստեղից է սերում: Հիմա անդրադառնանք Աբեղյանին: Աբեղյանն ասում է, որ եթե Աստվածաշնչում եղած այդ կտորը դեն նետենք, ուրիշ ընդհանրություն չենք գտնի մեր էպոսի հետ: Բայց դա մտել է այդտեղ, որովհետև աստվածաշնչյան լեգենդները ուրիշ ժողովուրդներ էլ են գործածում: Էդքան մեծ գիտնական լինել ու էդպիսի ոչ խորաթափանց բան ասե՞լ: Մի խոսքով, մտել եմ էդ նյութի մեջ և շատ դժվար է դրանից դուրս գալն ինձ համար: Հարցրիր, թե ինչ տիրույթում է գտնվում բանաստեղծը, ես էլ փորձում եմ պատասխանել: Գրել եմ այդ պատմությունը և՛ չափածո, և՛ արձակ շարադրանքով: Բայց այն սկսվում է պատմական համառոտ ակնարկով, որը ես շատ կարևոր եմ համարում: Ակնարկը շարադրվում է իրատեսական կռահումների ճանապարհով, որպեսզի ոչ մեկը չկարողանա իմ ասելիքը կասկածի տակ դնել, ինձ տարակուսանք առաջացնող հարցեր տալ, ինչպես մեր եկեղեցու այրերից մեկը փորձեց կասկածել, բայց սթափվեց ընդամենը իմ խեթ հայացքից: Եթե ես մի բան հիմնավոր չիմանամ, չեմ ասի:
(շարունակելի)
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ