Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Հերմինե Նաղդալյանը ԵԺԿ կին պատգամավորներին ներկայացրել է ադրբեջանցի զինյալների վայրագությունների փաստերն ապացուցող նյութեր

Հերմինե Նաղդալյանը ԵԺԿ կին պատգամավորներին ներկայացրել է ադրբեջանցի զինյալների վայրագությունների փաստերն ապացուցող նյութեր
12.04.2016 | 10:57

Ապրիլի 9-ին Պրահայում տեղի է ունեցել ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստը և «Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի կին կուսակցական գործիչների ուշադրությունն է հրավիրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացրած լայնածավալ մարտական գործողությունների, բազմաթիվ զոհերի ու բռնությունների, այդ թվում` քաղաքացիական անձանց, երեխաների գնդակահարման, բնակավայրերի հրետակոծման փաստի վրա: Նա ԵԺԿ կուսակցական կանանց, որոնց մեծ մասը Եվրախորհրդարանի անդամներ են, տրամադրել է ադրբեջանցի զինյալների վայրագությունների փաստերն ապացուցող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ, միջազգային մամուլի անդրադարձեր:
Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներով, Ժնևյան և բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաների կոպիտ ոտնահարումով, մինչդեռ 1994-ին ստորագրած եռակողմ զինադադարի պահպանումը Ադրբեջանի պարտավորությունն է:
Հերմինե Նաղդալյանը շեշտել է, որ, թեև վերջին օրերին հնչել են բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ, դրանք արդյունավետ չեն կարող լինել, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն արտահայտում հստակ գնահատական:
Տիկին Նաղդալյանը եվրոպացի կին գործընկերներին է փոխանցել իր մտահոգությունը սահմանում տիրող կրակի դադարեցման շուրջ ներկայիս պայմանավորվածության մասին, որը խիստ անկայուն է և անընդմեջ խախտվում է Ադրբեջանի կողմից, և հույս հայտնել, որ իր մտահոգությունները եվրոպական առաջատար կուսակցությունների կին ներկայացուցիչները կհասցնեն իրենց պետություններին` հանուն համընդհանուր եվրոպական արժեքների և խաղաղության պահպանման:

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ