Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչումը Բաքվում բավական նյարդային արձագանքի է արժանանում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեկ երեկոյան հանդես եկավ հայտարարությամբ` պնդելով, թե Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը «կթաղի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափը»:«Նման քայլից հետո բանակցությունների շարունակությունը որևէ իմաստ չի ունենա, և Մինսկի խումբը կկորցնի իր մանդատը»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ռուսական «Говорит Москва» ռադիոկայանի երեկոյան եթերում ակնարկում էր, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կհանգեցնի նոր պատերազմի:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը որպես այդպիսին սադրանք է: Թեև ադրբեջանական տարածքի գնդակոծությունները շարունակվում են, Ադրբեջանն այսօր էլ պատրաստ է խաղաղ բանակցությունների շարունակմանը: Եթե [Լեռնային Ղարաբաղի ճանաչումը] տեղի ունենա, կնշանակի, որ խախտվել են միջազգային իրավունքի բոլոր նորմերը` այդ թվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերը, ԵԽԽՎ-ի և մի շարք եվրոպական պետությունների որոշումները: Ավելին, դա զրոյին կհավասարեցնի Մինսկի խմբի ներկայացրած բազմաթիվ առաջարկները: Ռուսաստանը, ի դեպ, այդ խմբի համանախագահներից մեկն է, և ես կարծում եմ, որ միջնորդները պետք է հստակ կերպով արտահայտվեն այդ թեմայով»,- պնդում էր Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը:
«Կարծում եմ, որ նման որոշում կայացնելու դեպքում ողջ պատասխանատվությունը լինելու է հայաստանցի պատգամավորների և Հայաստանի ներկայիս ղեկավարության ուսերին: Հետևանքները շատ բացասական կլինեն»: Փոլադ Բյուլբյուլօղլին նաև կրկնեց ապրիլի սկզբին հնչեցրած թեզը, թե Ադրբեջանը չի կարող անվերջ սպասել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: «Եթե այս հարցը չհանգուցալուծվի, մենք պատրաստ ենք նաև խնդրի ռազմական լուծմանը: Իհարկե, ցանկալի չէր լինի, որ մարդիկ զոհվեն, դագաղներ ուղարկվեն [ռազմաճակատից], չէինք ուզի, որ հողն այրվեր, բայց մեզ այլ ելք չեն թողնում»,- հայտարարում է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը:
«Հայկական կողմի հերթական սադրանք»՝ այսպես է բնութագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրինագծի մուտքը Հայաստանի կառավարության օրակարգ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: «Հայկական կողմը մեկ անգամ ևս ապացուցում է, որ միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, բանակցային գործընթացը իր համար ոչ մի նշանակություն չունեն: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահները անպայման պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն այս խնդրին»,- նշում էր Մամեդովը: