Միջազգային հանրության ջանքերը պետք է առաջին հերթին ուղղվեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման չեզոքացմանը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ի դերի մասին հարցին՝ նախարարը նշեց, որ այդ մասին բազմիցս նշվել է, մասնավորապես՝ արտահայտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցությամբ, բացի այդ, ԵՄ-ն հայտարարել է կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծման և ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին:
«Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանը սարսափելի հարված հասցրեց այդ վստահությանը: Միջազգային հանրության ջանքերը պետք է առաջին հերթին ուղղվեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման չեզոքացմանը: Դրանից հետո միայն մենք կարող ենք խոսել վստահությանն ուղղված քայլերի մասին»,- ասաց ԼՂՀ ԱԳ նախարարը: