Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սպիտակցիների աշխատանքի վերջին հույսը խլում-տանում են»

«Սպիտակցիների աշխատանքի վերջին հույսը խլում-տանում են»
21.07.2017 | 01:11

Սպիտակի վերելակների գործարանը քանդում են: Բնակիչների դժգոհության ձայնին քաղաքի պատասխանատուներն ականջալուր չեն լինում: Այս մասին «Իրատեսին» տեղեկացրեց ՆՈՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, ում մտահոգում են և՛ անտեղի քանդվող շինությունը, և՛ աշխատանքի հույսը կորցրած սպիտակցիների ճակատագիրը:

«Ես 76 տարեկան եմ, ամբողջ կյանքում արդյունաբերությունում եմ աշխատել, շատ լավ գիտեմ, որ կառուցածը չի կարելի քանդել, իսկ վերելակների գործարանը լավագույն ձևով է կառուցված, 9-բալանոց սեյսմակայունություն ունի: Խորհրդային Միության վերջին թարմ կառույցն է: Շահագործելու փոխարեն սպիտակցիների աշխատանքի վերջին հույսը խլում-տանում են»:
Վերելակների գործարանը երկար պատմություն ունի: Մինչև երկրաշարժը վերելակներով ապահովել է հանրապետությունը, Կովկասը, Ռուսաստանը: Նորիկ Մուրադյանը եղել է գործարանի հիմնադիրներից մեկը: 88-ին Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղարն էր: Պատմում է, որ Սպիտակի երկրաշարժից հետո չի թույլատրվել նույն տեղում գործարան կառուցել, ստիպված է եղել սպիտակցիների համար կառուցած մարզահամալիրի տարածքը տրամադրել: Այն ժամանակ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Նորիկ Մուրադյանը, օգտագործելով իր կապերը, Բելառուսից նոր սարքավորումներ է բերել, ամենակարևորը` նոր գործարանը կառուցվել է 9-բալանոց սեյսմակայունություն ունեցող կառուցվածքներով: Վերելակի գործարանը երկար կյանք չունեցավ: Երկիրը քանդվում էր, սեփականաշնորհման հանկարծահաս ալիքը պետական ենթակայության ոչինչ չէր թողնում, ու, քանի որ գործարանը «բոլորինն» էր, ով ինչ կարող էր, պոկում, տանում էր: Շենքը տարբեր սեփականատերեր է ունեցել, 2010-ին այն գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը։ Թե ում սեփականությունն է հիմա, հայտնի չէ:


Մեր զրուցակիցը վրդովված է. «Սպիտակցիների համար աշխատատեղեր ստեղծելու փոխարեն բարձր սեյսմակայունություն ունեցող շենքը քանդում են, սյուները, կոնստրուկցիաները` պոկում-տանում: Սկզբում մաս-մաս էին քանդում, հիմա արդեն` բացահայտ ու անխնա: Ամենասեյսմիկ վայրը Սպիտակն է համարվում, այդքան տուժած ժողովրդից կարելի՞ է ինչ-որ բան խլել-տանել ու բիզնես անել»:


Ստեղծված վիճակն աննախադեպ չէ: Մեր զրուցակցի տեղեկացմամբ` Սպիտակում 10-ից ավելի գործարան է նույն ճակատագրին արժանացել: Նորիկ Մուրադյանը խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում. վերելակների գործարանի շենքի համար ճանաչված գիտնական Վահան Համազասպյանն արևային կայանների արտադրություն հիմնելու նախագիծ է ներկայացրել, որը կարող է ապահովել 5 հազար աշխատատեղ, նաև երկրի համար արևային էներգիայի աղբյուր դառնալ: «Կառավարությանն ենք դիմել: Պատասխան չկա: Մեկը մյուսի վրա են գցում»,- արդարացիորեն դժգոհում է Նորիկ Մուրադյանը:
Իսկ պատասխան տալ պետք է։ Եվ իհարկե` պետական մակարդակով։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ