Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞վ է նկատելու ադրբեջանական գազը Եվրոպայում

Ո՞վ է նկատելու ադրբեջանական գազը Եվրոպայում
31.05.2018 | 09:42

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պտտեց բանալին, որ խորհրդանշում է գազի հոսքը` այսպես սկսվեց Տրանսանատոլիական գազատարի (TANAP) կյանքը «Հարավային գազային միջանցքում: Հունիսի 12-ին Էսկիշեխիրում Ալիևն ու Էրդողանը միասին հանդիսավորապես կգործարկեն TANAP-ը: «Հարավային գազային միջանցքը» ներառում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի ընդլայնում, Թուրքիայում Տրանսանատոլիական և Տրանսադրիատիկ խողովակաշարերի կառուցում: Նախագծի շրջանակներում գազը Եվրոպա կհասնի 3500- կիլոմետրանոց խողովակաշարով, որ անցնում է Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, Հունաստանով, Բուլղարիայով ու Ալբանիայով` մինչև Իտալիա: Ի սկզբանե նախագիծը չափազանց քաղաքականացված էր: Ադրբեջանում ու Եվրամիությունում TANAP-ը անվանում էին «ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարության կենտրոնական բաղադրիչ», ընդգծվում էր, որ կապահովի Կասպիական ավազանի գազի մատակարարումը Ռուսաստանը շրջանցելով, իսկ դա «կնվազեցնի ԵՄ-ի կախումը ռուսական Գազպրոմ կոնցեռնից»: Հիմա էլ, երբ ԱՄՆ-ը կտրուկ դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման նախագծին, Ադրբեջանի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին, Լոնդոնին ու Բրյուսելին «Հարավային գազային միջանցքին քաղաքական ու տնտեսական աջակցության համար»: Գուցե Բաքուն սկսում է հերթական բարդ աշխարհաքաղաքական խաղը տարածաշրջանում` փորձելով դա պրոյեկտել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման վրա և ջանալով Արևմուտքից որոշակի վճիռներ ստանալ:

Բայց խնդիրը հենց TANAP-ի էքսկլյուզիվությունից զուրկ լինելն է: ԱՄՆ-ի Oil Price-ի տվյալներով` հիմա ԵՄ-ի օգտագործած էներգիայի կեսից ավելին ներմուծվում է: Ռուսաստանը մատակարարում է բնական գազի 37,4 %-ը, որ ստանում են ԵՄ երկրները ամենամյա ընդհանուր 600 միլիարդ խորանարդ մետր ծավալից: Ներեվրոպական հանքավայրերի սպառման պատճառով ռուսական մասնաբաժինը, հավանաբար, կավելանա: TANAP-ով ծրագրվում է մատակարարել 13 միլիարդ խորանարդ մետր գազ: Մոսկվան Անկարայի համագործակցությամբ կառուցում է «Թուրքական հոսքը»` շրջանցելով ՈՒկրաինան ու այլ տարանցիկ երկրներ: «Թուրքական հոսքը» երկու գիծ ունի, յուրաքանչյուրը 15 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ, գծերից մեկը նախատեսված է թուրքական սպառման համար, մյուսը` եվրոպական: Թուրքիան տարեկան սպառում է 50 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: 24-25 միլիարդը ապահովում է Ռուսաստանը, ապա Իրանը (10 միլիարդ), Ադրբեջանը (6,6 միլիարդ): TANAP-ի գործարկումով բալանսը մի քիչ կարող է փոխվել, նոր հնարավորություններ կստեղծվեն ու Բաքուն Թեհրանից առաջ կանցնի Անկարա բնական գազի արտահանմամբ: Առավել լուրջ մրցակցություն ադրբեջանական գազի հետ կարող է ունենալ Գազպրոմը թուրքական շուկայում, բայց Անկարան վաղուց է հաշվարկել Ադրբեջանի մատակարարումները և դրանք չեն լինելու ռուսական գազի մատակարարումների կրճատման հաշվին: Հետագայում TANAP-ին կարող են միանալ գազային ռեսուրսներով հարուստ Թուրքմենստանը, Իրանն ու Իրաքը: Սակայն աշխարհաքաղաքական լարվածությունն ու անկայունությունը տարածաշրջանում երկարատև են: Այդ պատճառով ԵՄ-ում ադրբեջանական գազը չեն նկատի` խոսքը շատ փոքր ծավալների մասին է, որ շուկայում եղանակ չեն փոխում: Oil Price-ը կարծում է, որ ընդհանուր առմամբ` «կարող է նախագիծը, որի նպատակը դիվերսիֆիկացիան ու Ռուսաստանի ազդեցության նվազումն է, առեղծվածային կերպով այլ արդյունք տալ ու նպաստել գազային շուկայում Մոսկվայի դիրքերի ուժեղացման»:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իլհամ Ալիևը, իհարկե, այդ կարծիքին դեմ է: Նա ուզում է եվրոպական շուկան հեղեղել ադրբեջանական գազով ու գազի դիմաց գնել լեգիտիմություն ու քաղաքական ազդեցություն և հարցը միայն Լեռնային Ղարաբաղը չէ, այլև Ադրբեջանի տեղն ու դերը տարածաշրջանում: Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են նպաստել ադրբեջանական գազի պահանջարկի մեծացմանը: Տեսականորեն, իսկ գործնականում` Բաքվի գազային դիվանագիտությունը կարող է ունենալ նույն ճակատագիրը, ինչ խավիարայինը: Պահանջարկի ու առաջարկի անհամամասնության պատճառով: Եվ` Ադրբեջանի վարած քաղաքականության ու համաեվրոպական արժեքների անհամապատասխանության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ