ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Նրա համար հացի ամեն փշրանքի մեջ կյանք կար

Նրա համար հացի ամեն փշրանքի մեջ կյանք կար
24.04.2025 | 14:35

Իմ տատը տառաճանաչ չէր: Ստորագրության փոխարեն խաչ էր դնում: Երբ խնդրում էինք, որ պատմի իր մանկության ու կորցրած ծննդավայրի մասին, սկսում էր ինչ-որ բան մրմնջալ ու ծնկները ծեծել: Բայց երբեք ոչինչ չէր պատմում:

Բոլորով հացի էինք նստում: Ու երբ ընթրիքի սեղանից վեր էինք կենում, տատս իր ափի մեջ մեկիկ-մեկիկ հավաքում էր սեղանին մնացած հացի փշրանքներն ու ուտում էր: Զարմանում էինք: Հացն անսպառ էր, ինչու՞ էր այդ փշրանքներն ուտում: Հայրս մեզ շշուկով բացատրում էր.

- Ձեր տատը ծանր կյանք է ունեցել՝ կոտորած, սով, ունեզրկություն: Նրա համար հացի ամեն փշրանքի մեջ կյանք կա, հացի կարոտ կա, որ չի մոռացվում: Նա չի կարող պարզապես սեղանը սրբել ու եղածը մի կողմ նետել…

Ես հիմա հացի փշրանքներ չեմ ուտում: Բայց ամեն անգամ, երբ սեղանի վրա փոքրիկ մի պատառ եմ տեսնում, ինձնից անկախ դրան նայում եմ տատիս աչքերով…

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ