ՀԵՔԻԱԹ
ՏԻԳՐԱ'Ն, որդի'ս, ների'ր, որ չեմ կարողանում վերականգնել դիմանկարիդ ծիածանաթև գույները. չեմ ուզում ի վերուստ շնորհված շռայլ գույներից որևէ մեկն առանձնացնել։
Վիշտս անչափելի է, հուշերս մրմունջ ու արցունք, ցավ ու մորմոք են...
Մոր համար դժվար է ապրումը, հատկապես տառապանքը բառ դարձնել, ես չեմ ուզում որևէ մեկն ապրի այդ վիշտն ու մորմոքը, ցավն ու մրմուռը, թող կրակը հոգուս մեջ անթեղված մնա, չէ՞ որ մոխրի տակ միշտ կրակ է մնում։
Տիգրա'ն, սիրելի'ս, պիտի փորձեմ, պիտի ջանամ սրտիցս պոկված ծվեններով լրացնել կենսագրությունդ, ամբողջացնել անավարտ կյանքդ....
Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հ.Գ.
Ցավն է տողեր ծնում` չափածո, թե արձակ։
Ցավից ու տառապանքից ծնված մտքերը, իրական և ապրված պահերը, փշրված կյանքիս պատառիկները ամեն ակնթարթ սահում են աչքիս առջևով։
Ահա այդ մտքերը դժվարությամբ, տքնանքով ու տառապանքով փորձել եմ թղթին հանձնել։ Ցրված հուշերս ի մի եմ բերում, խռովված հոգիս ուզում է հաշտ ապրել։ Մարած լույսս նորից եմ վառում։