Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Երուսաղեմի հարցի» թաքնված հանգամանքները

«Երուսաղեմի հարցի» թաքնված հանգամանքները
19.12.2017 | 09:50

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանությունն այնտեղ տեղափոխելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 6-ի որոշումը, որն այնպես պայթեցրեց աշխարհը, որ նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակիցները և Իսրայելի բազմամյա համակիրները (օրինակ՝ Մեծ Բրիտանիան), ներառյալ ԵՄ-ի ղեկավարությունը, անհանգստացած են և դատապարտում են Սպիտակ տան որոշումը, ծնունդ է առել, բնականաբար, ոչ այսօր, այլ այն ժամանակ, երբ նախագահի փեսա Ջարեդ Քուշներն սկսեց իր «մաքոքային» այցերն Իսրայել (նա հաճախ էր նշվում որպես Թել Ավիվում ԱՄՆ-ի դեսպանի հնարավոր թեկնածու): Սակայն պարզ է, որ ԱՄՆ-ի իշխանություններն սպասում էին, հիմա էլ սպասում են (դեսպան նշանակված Դեյվ Ֆրիդմանն այդպես էլ չի հաստատվել Կոնգրեսի կողմից, չնայած շատ անգամ է երդվել, որ ապրելու է բացառապես Երուսաղեմում) ինչ-որ արմատական հետևանքների, ոչ թե պարզապես մահմեդական աշխարհի վրդովմունքի փոթորկի ու Եվրոպայի և Ռուսաստանի անհանգստության հրապարակային դրսևորումների:
Այնուամենայնիվ, հետաքրքիր են հենց Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը Թրամփի ընդունած որոշման ակունքները, ինչպես նաև նրա հայտարարություններից մի քանի օր առաջ ընթացող խորքային իրադարձությունները: Սակայն համաձայնեք, որ արդեն այդ փաստում (Երուսաղեմի մասին խոսելը Մուհամեդի ծննդյան օրը) պարզ երևում է սադրանքը: Հասկանալի է, որ ամեն ինչ չես թվարկի, բայց առավել կարևոր բաները պետք է հիշել: Եվ Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից, և նույնիսկ Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումից շատ առաջ Իրանի ԱԳՆ-ն անակնկալ դիտողություն արեց, որ չնայած ահաբեկիչների դեմ պատերազմի մոտալուտ ավարտին, տարածաշրջանն արդեն նոր պատերազմի շեմին է: Ապա հետևեցին Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի և Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հայտարարությունները: Հիշեցնենք՝ Խաթամին նախազգուշացնում էր, որ չափից ավելի չուրախանան ԻՊ-ի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ, քանի որ տարածաշրջանում կան «հիմնախնդիրներ», որոնք նոր պատերազմի սպառնալիք են: Իսկ Լարիջանին, ընդգծելով, որ «ահաբեկչության հարցը տարածաշրջանում չի լուծվել», «մնացած ահաբեկիչները նոր արկածներ են որոնում», ասաց. «Դրա համար էլ կարևոր է ամրապնդել Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն անվտանգության ոլորտում»:


Նոյեմբերի 29-ին «Ֆարս նյուզ» գործակալությունը հաղորդեց. «ԶԼՄ-ները հայտնել են, որ իսրայելցի գեներալը պատմել է, որ իսրայելական լրտեսական գործակալությունները պլանավորում են սպանել Իրանի ԻՀՊԿ-ի «Կոդս» ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սոլեյմանիին: Զարմանալիորեն, այդ հաղորդումը համընկավ նախ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի այն հարկադրյալ խոստովանությանը, այն էլ՝ իսրայելական հեռուստատեսությամբ, որ «Սիրիայում իրանցիներ չկան, հակառակ այն բանի, ինչ ասվում է: Այո, կան բազմաթիվ փորձագետներ, խորհրդականներ և այլ մասնագետներ: Իրանն առայժմ ներկա չէ Սիրիայում, ռազմական բազաներ չի ստեղծել, և մեր գլխավոր խնդիրն է կանխարգելել նրա՝ որպես իրական ռազմական ուժի ներկայությունը», երկրորդ, այն բանին, որ Իրաքի սուննիների բարձրաստիճան ներկայացուցիչ, հակաամերիկյան սուննի կամավորների ղեկավարներից մեկը՝ Աբդոլղադեր Հասանին, Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիին նամակ է հղել. «ԻՊ-ի դեմ պատերազմում Ձեր պատմական դիրքորոշումն արդյունավետ էր Իրաքի ժողովրդի համար և Իրանի ու Իրաքի ժողովուրդների բարեկամության ստեղծման հնարավորություն տվեց: Իրանի և Իրաքի միասնությունը դրական ազդեցություն է գործում և՛ տարածաշրջանի, և՛ ամբողջ աշխարհի վրա»:


ԱՄՆ-ում և Իսրայելում ոմանք, հավանաբար, հենց այդ նամակը գնահատեցին որպես արդեն Իրաքի սուննիների «հավատարմության երդում» Իրանի բարձրագույն հոգևորականությանը: Ամերիկացիները հանկարծակի հայտարարեցին սիրիական Ռաքքայից իրենց ավելի քան 400 հատուկջոկատայինների տարհանման մասին: Իհարկե, ամերիկացի զինվորականները հայտարարեցին, որ թվակազմի կրճատումը «կապված է Ռաքքայի ազատագրման հետ»: Նույնքան հանկարծակի դեկտեմբերի 1-ին իրանական կողմը հայտնեց աշխարհին, որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավարը նամակ է հղել «Կոդսի» հրամանատար Սոլեյմանիին, երբ վերջինս գտնվում էր Սիրիայում, սակայն իրանցի գեներալը նույնիսկ չի բացել նամակը: «Մեր հրամանատարը չի վերցրել նամակը և հայտարարել է, որ մենք խոսելու որևէ ընդհանուր բան չունենք,- պատմել է Իրանի Գերագույն առաջնորդի շտաբի պետ Մոհամադ Գոլփայեգանին և բարձր գնահատել գեներալ Սոլեյմանիի այդ քայլը,- այդպիսի մարդիկ իրանական հեղափոխության պտուղներն են»: Նշենք, որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ն տաք հետքերով ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ նամակի մասին իրանական ԶԼՄ-ների «արտահոսքը»: ԿՀՎ-ի արձագանքը հետևել է միայն դեկտեմբերի 3-ին, այսինքն՝ արդեն այն բանից հետո, երբ ամերիկյան ու իսրայելական ԶԼՄ-ները, Սպիտակ տան մատուցումից հետո, սկսեցին հաղորդել շուտով Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Բերենք նաև ԿՀՎ-ի մեկնաբանությունը այդ նամակի կապակցությամբ: «Ռոյթերսը» հաղորդել է, որ ԿՀՎ-ի ղեկավար Մայք Փոմփեոն գեներալ Սոլեյմանիի անունով նամակ է գրել Իրանի իշխանություններին, որում նախազգուշացրել է Իրաքում ամերիկացի զինվորականների վրա ցանկացած հարձակման համար պատասխանատվության մասին: Փոմփեոյի խոսքով, ինքն այդ նամակը որոշել է գրել այն բանից հետո, երբ Իրանի բարձրաստիճան զինվորականներից մեկը հասկացրել է, որ Իրաքում ամերիկացի զինվորականները կարող են հարձակման ենթարկվել. «Այդ նամակում մենք գրել ենք, որ անձամբ նա և Իրանը պատասխանատվություն կկրեն Իրաքում ամերիկյան շահերի նկատմամբ ցանկացած ոտնձգության համար: ՈՒզում եմ համոզված լինել, որ Իրանում ամեն ինչ առավելագույնս պարզ են հասկացել»: Փոմփեոն նաև խոստովանել է, թե իրեն հայտնի է, որ Սոլեյմանին չի կարդացել այդ սպառնալիքները: «Նամակում ես անհանգստություն էի հայտնել Իրաքում Իրանի սպառնալիքի աճի առիթով, բայց իրանցի գեներալը հրաժարվել էր այն կարդալուց: Անկեղծ ասած, ես վշտացած չեմ»,- ասել է Փոմփեոն պաշտպանության հարցերով հանդիպումներից մեկում:


Այդ տարօրինակ ու հակասական դրվագը, ինչպես նաև իրանական ԶԼՄ-ներում նամակի մասին «արտահոսքի» առնչությամբ ԿՀՎ-ի զսպվածությունը առաջինը համոզեցին, որ շատ ավելի հավաստի է միջադեպի իրանական մեկնաբանությունը: Ահա թե ինչու: Աշխարհին հայտնի է, որ դեռ շատ տարիներ առաջ Սոլեյմանիի գլխավորած իրանական հատուկ ջոկատը զգալիորեն «գզգզել էր» Իրաքում գտնվող ամերիկյան զորքերը, ինչը Կոնգրեսում ելույթի ժամանակ խոստովանել էր նույնիսկ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը: Սոլեյմանիին հիշում է և ԿՀՎ-ի նախկին տնօրեն Դևիդ Փեթրեուսը, որին 2008 թ. փոխանցվել է անձնական ուղերձ. «Գեներալ Փեթրեուս, Դուք պետք է իմանաք, որ ես՝ Կասեմ Սոլեյմանիս, Իրանի քաղաքականության պատասխանատուն եմ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Գազայում և Աֆղանստանում»: Որոշ տվյալներով, գեներալ-մայոր Սոլեյմանին սեփական գործակալներ ունի հենց ԿՀՎ-ում, և նրա ուղերձներից մեկը հիշյալ Փեթրեուսին հանձնվել է «անսպասելի և անհասկանալի ձևով»՝ ուղիղ վերջինիս աշխատասեղանին: Երկրորդ, տրամաբանորեն դա հիշեցրին և միջազգային հարցերով այաթոլահ Խամենեիի գլխավոր խորհրդական, Իրանի ԱԳ նախկին նախարար Ալի Վելայաթիի երկու հայտարարությունները: Առաջինում նա, դեռ նոյեմբերի 21-ի հեռուստատեսային հարցազրույցում, սիրիացիներին շնորհավորելով Աբու Քեմալի (Ալ Բուքամալի) ազատագրման առթիվ, մտահոգություն հայտնեց «տարածաշրջանում ԻՊ-ը լիովին վերացնելուց հետո նոր, ապակայունացնող դավադրությունների, ահաբեկիչների, հովանավորների և կազմակերպիչների առնչությամբ». «Նրանք (այսինքն՝ ԱՄՆ-ը և ահաբեկիչների մյուս հովանավորները-Ծ.հ.) Մերձավոր Արևելքը փոփոխելու պլանների մասին խոսել են մի քանի տարի առաջ: Նոր Մերձավոր Արևելք ստեղծելու նրանց մտադրության նպատակն է եղել փոփոխել սահմանները և դիմադրությունը թուլացնել այնքան, որ իսրայելական վարչակարգն իրեն անվտանգ և հանգիստ զգա: Այդ պլանը ֆինանսավորել է Սաուդյան Արաբիան, իսկ ոգեշնչողը եղել է Իսրայելը»: Երկրորդ հայտարարության մեջ Վելայաթին, դատապարտելով Սիրիայում բազաները և ռազմական ներկայությունը պահպանելու ԱՄՆ-ի մտադրությունը, կանխատեսում էր այն, ինչն արդեն սկսել է իրականանալ, այսինքն՝ Ռաքքայից ամերիկացիների հեռանալը. «Նրանք պետք է իմանան, որ շուտով վռնդվելու են նաև Ռաքքայից, այնպես, ինչպես կարծում էին, թե կմնան Աբու Քեմալում, բայց որտեղից արդեն վռնդվել են»:


Իրանի ղեկավարությունը և ռազմական հրամանատարությունը ճիշտ էին. ամբողջ տարածաշրջանում նոր պատերազմներ հրահրելու փորձեր են արվել: Դիմենք փաստերին: Եմենում նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհը, չհասցնելով հրապարակավ հերքել Եմենում պատերազմին իրանական զինվորականների ուղղակի մասնակցության մասին ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի պնդումները, իսկույն գնաց տեղացի շիա-հուսիների նկատմամբ դավաճանության: Թե ինչ և ինչպես է կատարվել հետագայում, տեղեկությունները ծայրաստիճան հակասական են, բայց դեկտեմբերի 3-ին Սալեհն սպանվեց: Իսկ Իրանն ու եմենցի շիա-հուսիները հայտարարեցին դավադրության խափանման մասին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սոչիի հանդիպմանը խնդրում էր, չէ՞, որ ապահովվի Սիրիայի երկնքի փակ ռեժիմը բոլոր երկրների համար, բացի Սիրիայից ու Ռուսաստանից: Եվ ահա դեկտեմբերի 2-ին, երբ Իսրայելը հրթիռային հարձակում կատարեց Դամասկոսի արվարձանի հետազոտական կենտրոնի վրա, «սիրիական ՀՕՊ-ը պատասխան կրակ բացեց և հետ մղելով հարձակումը՝ խոցեց երեք թիրախ»:

Մեր կարծիքով, այդտեղ աշխատել են Սիրիայի ՀՕՊ-ի ուժերից ավելի բարձրակարգ զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) համակարգեր, որոնք հայտնի են նաև որպես հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) արդյունավետ զենք: Հիմա Սիրիայում կան այդպիսիք՝ C-300-ի և C-400-ի վերափոխված տեսակներ, բայց դրանց հսկողությունն իրականացնում է Ռուսաստանը: Արդյունքը ռազմաճակատ ստեղծելու երկու անհաջող փորձերն են՝ Եմենում և Սիրիայում, Դամասկոսի շրջանում, այսինքն՝ հարավին մոտ, որտեղ Էթ Թանֆի ամերիկյան բազան սիրիական բանակի և շիա կամավորների շրջապատման մեջ է: Առայժմ դեռ հայտնի չէ, թե իրանցի որ բարձրաստիճան զինվորականն է սպառնացել, որ հարձակումներ կլինեն Իրաքում ամերիկացի զինվորականների վրա, բայց, հիշելով ԿՀՎ-ի նախկին տնօրեն Փեթրեուսին գեներալ Սոլեյմանիի ուղերձը, որում «Կոդս»-ի հրամանատարն իրեն Իրաքում Թեհրանի պատասխանատու էր հայտարարել, 100 %-ով կարելի է համոզված լինել, որ խոսքը հենց գեներալ-մայոր Սոլեյմանիի մասին է: Մյուս կողմից, «ամերիկացիներին Ռաքքայից վռնդելու» մասին այաթոլահ Խամենեիի գլխավոր խորհրդականի սպառնալիքը միանգամայն լուրջ է ընդունվել, քանի որ ԱՄՆ-ը այդ քաղաքից հանել է իր ավելի քան 400 հատուկջոկատայիններին: Այսինքն՝ Ռաքքա նահանգում առայժմ նոր պատերազմի հեռանկար չկա:


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ