ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

«Քոութսի զեկույցը» ԱՄՆ-ի հրամա՞նն է՝ Արցախում պատերազմ սկսելու

«Քոութսի զեկույցը» ԱՄՆ-ի հրամա՞նն է՝ Արցախում պատերազմ սկսելու
27.02.2018 | 12:28

ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի օրերս հրապարակված «Սպառնալիքների գնահատականը» ամենամյա զեկույցը զարմանալի կարող են անվանել միայն այն մարդիկ, ովքեր այնքան էլ ծանոթ չեն Անդրկովկասի իրողություններին և Ադրբեջանի 2016 թ. ապրիլյան ռազմական արկածախնդրության նրբին մանրամասներին: Իմաստ չկա մեկնաբանելու ամբողջ զեկույցը, առանց այն էլ հասկանալի է, թե ԱՄՆ-ի համար որ սպառնալիքն է առաջին տեղում. թեև Ռուսաստանն ու Չինաստանը մատնանշված են իբրև ամերիկյան ազգային անվտանգությանն սպառնացող հիմնական վտանգ, այդուամենայնիվ, քննարկվող զեկույցում Ռուսաստանը հիշատակված է 67 անգամ, իսկ Չինաստանը՝ սոսկ 36: ԱՄՆ-ի հակառակորդ մնացած երկրներն ընկալվում են իբրև տարածաշրջանային սպառնալիք: Հետախուզական միջակայքում տարածաշրջանային ընդդիմախոսներից հիմնական հակառակորդները իրանական ու կուբայական հետախուզություններն են:


Սակայն, հաշվի առնելով, որ տարբեր տեսակետներից Անդրկովկասը, որպես Ռուսաստանի ու Իրանի միջև «սեղմված» տարածաշրջան, իրենից ներկայացնում է այդ տերությունների մի յուրօրինակ ռազմավարական թիկունք, և հաշվի առնելով, որ «Քոութսի զեկույցում» մեծ տեղ է հատկացված Սիրիայի և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքի իրադարձություններին, անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել զեկույցի հենց անդրկովկասյան մասի վրա: Չէ՞ որ հասկանալի է, որ Ռուսաստանի և Իրանի ռազմավարական թիկունքում «բաներ մոգոնելն» էլ հենց ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայությունների հիմնական անելիքն է: Վերջին շրջանի փորձը ակնհայտորեն վկայում է, որ ապակայունացման նոր փորձերը վերստին կարող են ձեռնարկվել հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: «Քոութսի զեկույցը» պաշտոնական փաստաթուղթ է և զետեղված է գերատեսչության պաշտոնական էջում: Արցախի շուրջ տիրող իրադրության առթիվ շարադրված մեկնաբանությունները առնչվում են Քոութսի ներածական խոսքի տեքստին, որը նախապատրաստված է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեում ունկնդրումներ անցկացնելու համար: Կանոնավորապես անցկացվող այդ ունկնդրումներում քննության են առնվում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն սպառնացող վտանգները: Քոութսը պաշտոնապես համարվում է ամերիկյան բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների աշխատանքի համակարգողը: Այսպիսով, Սենատում ներկայացված փաստաթուղթը յուրօրինակ հրաման է՝ ուղղված ԱՄՆ-ի բոլոր հատուկ ծառայություններին, այդ թվում՝ նրանց, ովքեր «զբաղված» են ահաբեկչական խմբավորումների ստեղծմամբ և ամեն տեսակի միջնորդավորված պատերազմների սանձազերծմամբ:


Զեկույցի՝ Արցախին նվիրված մասում նշվում է, որ «փոխզիջումից երկու կողմերի հրաժարումը, արտաքին ճնշման սաստկացումը, Ադրբեջանի մշտական ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից 2018 թվականին ռուսական նոր զենքի ձեռքբերումը կարող են հանգեցնել խոշորածավալ մարտական գործողությունների»: «Վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ սաստկացող լարվածությունը կարող է լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը կարող է Ռուսաստանին ներգրավել իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար»,- նշված է փաստաթղթում: Փետրվարի 15-ին Հայաստանի տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողները ձգտում էին երկրի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից պարզել, թե Հայաստանի իշխանություններն ինչպես են վերաբերվում ամերիկյան հատուկ ծառայությունների հաշվետվություններին, համաձայն որոնց, Արցախում տիրող լարված իրադրությունը կարող է պատերազմի հանգեցնել: Բայց իր մեկնաբանությունում Շ. Քոչարյանը ճկուն կերպով շրջանցեց «Քոութսի զեկույցում» առաջ քաշված առավել սուր հարցերը և սոսկ արձանագրեց, թե «այն փաստը, որ իրավիճակը մնում է պայթյունալի, ակնհայտ է», և որ լարված իրավիճակի դրսևորում է 2016 թ. ապրիլյան պատերազմը: Դիվանագետի խոսքով՝ հայկական կողմերը միշտ պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա Շ. Քոչարյանը վկայակոչեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթը, որում նա տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանի մեծ մասի նկատմամբ: Իրոք, բանակցություններն անիմաստ են, իսկ ինչի՞ շուրջ բանակցես... Քանի որ այսպես են «գործերն արվում», ուրեմն տեղին է, որ հայերն էլ խոսեն և՛ Արցախի զավթված հողերի, և՛ Նախիջևանի, և՛ Ղազախի գավառի մասին:


Սակայն գլխավոր հարցերը մնացին չլուսաբանված: Օրինակ, ի՞նչ կերպ կարող են ԱՄՆ-ի հանդեպ սպառնալիք լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) բուն գործոնը կամ էլ ԼՂՀ-ի շուրջ ռազմական գործողությունները, նույնիսկ «լայնածավալ ռազմական հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», եթե այդ երեք հակամարտող կողմերի հետ ԱՄՆ-ը սահմանակից չէ, չունի իր ռազմական բազաները (պաշտոնապես) այդ երկրներում և այլն: ԱՄՆ/ՆԱՏՕ-ի ամենամոտ ռազմաբազան, որը շատից-քչից «առնչություն ունի» Անդրկովկասի հետ, թուրքական Ինջիրլիքի բազան է, որը շատ ավելի մոտ է Միջերկրածովյան տարածաշրջանին, քան Անդրկովկասին կամ ամբողջությամբ վերցրած Կովկասին: Կամ մեկ այլ հարց. ԼՂՀ-ի առնչությամբ միստր Քոութսի հայտարարությունների ենթատեքստն այնպիսին է, որ, ստացվում է, «Հայաստանի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումն» է հենց դառնում «ամերիկյան համբերության բաժակի» վերջին կաթիլը: Երևի, եթե Հայաստանը ձեռք բերեր «ոչ ռուսական նոր զենք», ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համար վտանգների ու սպառնալիքների աստիճանն ավելի ցա՞ծր կլիներ: Ոնց ուզում ես նայիր, բայց այս ամենը բացահայտ միջամտություն է Հայաստանի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին՝ արված ակնարկներով ու կիսաակնարկներով: Հաշվի առնելով ԱՄՆ-ի կարգավիճակը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում (ՄԽ) միջազգային միջնորդության լիիրավ մասնակցի, պետք է գոնե ճշտել. իսկ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում նման հարցեր տվե՞լ կամ տալի՞ս է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններում ներգրավված Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներին: Մյուս կողմից էլ, ինչու՞ է երբեմն Ադրբեջանի կողմից զանգվածային ծավալներով ու քանակներով զենքի անգամ «ծովահենային» գնումները (ինչպես Չեխիայից սպառազինությունների ձեռքբերման դեպքում) միստր Քոութսը որոշել համեստորեն անվանել ընդամենը «Ադրբեջանի մշտական ռազմական արդիականացում»: Ադրբեջանը զենք է գնում բոլորից, այդ թվում և Ռուսաստանից, բայց «Քոութսի զեկույցում» այդ մասին ոչ մի ծպտուն: Քանի որ Ադրբեջանի զինման ու վերազինման գործին մասնակցում է պատերազմների գլխավոր պատվիրատու (առնվազն Մերձավոր Արևելքում) Իսրայե՞լը, երկիր, որն արդեն ժամանակն է ճանաչելու որպես «ԱՄՆ-ի տե՞ր»:


Վերջապես, այնքան էլ հասկանալի չէ, թե ամերիկյան հետախուզությունն ինչ նկատի ունի ասելով «Ռուսաստանի ներգրավում իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար»: Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան անձինք ժամանակ առ ժամանակ Հայաստանն անվանում են իրենց ռազմավարական դաշնակից, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր: Այդ դեպքում ու՞մ կողմից են ամերիկացիները տեսնում Ռուսաստանի ներգրավվածությունը, եթե Ռուսաստանը զինում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Այստեղ տեղին է նույն հարցը. այդ ինչպե՞ս պետք է հակամարտությանը ՌԴ-ի ներգրավվածությունը սպառնա ԱՄՆ-ի ազգային շահերին, եթե դա տեղի է ունենում Կովկասի ռուսական մասին կիպ կպած գոտում և ոչ թե մեքսիկա-ամերիկյան կամ կանադա-ամերիկյան սահմաններում, մի գոտում, որը պատկառելի հեռավորության վրա է ՆԱՏՕ-ի ռազմական պատասխանատվության գոտուց: Մենք համոզված էինք, ընդ որում՝ առնվազն 1991 թվականից, որ և՛ ԱՄՆ-ում, և՛ առհասարակ Արևմուտքում հիանալի գիտեն, որ ժամանակակից Ռուսաստանը կամա-ակամա ներգրավված է ԼՂՀ-ի և հայ-ադրբեջանական հարաբերություններում: Չէ՞ որ բոլորը, ինչպես ասում են, ոչ հեռավոր անցյալում ընդհանուր պատմություն են ունեցել, ամենուրեք կանգնած են եղել Անդրկովկասյան զինվորական օկրուգի խորհրդային զորքերը և այլն: Բայց այդ ի՞նչ տրամաբանությամբ է հենց 2018 թ. ԱՄՆ-ի անվտանգության համար սպառնալիք ներկայացնում Ռուսաստանի արդեն առկա և ինչ-որ գալիք ներգրավվածություն, առայժմ հասկանալի չէ: Ասենք, Հայաստանի արտգործնախարարությունն էլ է, երևի, որոշել դիվանագիտորեն լռություն պահպանել:
Զուգահեռաբար նաև մի այսպիսի հարց է ծագում. նույնիսկ 2016 թ. ապրիլի իրադարձությունները ակնբախորեն ցույց տվեցին, որ ԼՂՀ-ի շուրջ տիրող իրավիճակում, բացահայտ «հետքերի» բացակայության պայմաններում, այդուամենայնիվ, ակտիվորեն ներգրավված է նաև հարևան Իրանը: Իրանն էլ է իր ջանքերով ու քայլերով «Քոութսի զեկույցում» պաշտոնապես հռչակվում որպես «Ամերիկային սպառնացող վտանգ», բայց «տարածաշրջանային վտանգ»: Սակայն, երևի, միստր Քոութսը քննության չի առնում այն հնարավորությունը, որ «լարվածությունը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ կարող է վերածվել Հայաստանի և Ադրբեջանի խոշորածավալ ռազմական բախման», ինչը կարող է ներգրավել Իրանը, ընդ որում՝ ոչ թե «իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար», այլ սեփական անվտանգության պաշտպանության: Այսինքն այն, ինչ տեղի է ունեցել 2016 թ. ապրիլին, երբ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների պատասխանատուները հարկադրված էին բացատրություններ տալու իրենց իրանցի պաշտոնակիցներին, օրինակ, «իսկ ո՞վ է գնդակոծել Իրանի տարածքը Հոդա-Օֆարին գյուղի շրջանում» հարցին: Իսկ Անդրկովկասի գործերում Իրանի ներգրավվածություն չէ՞ր, արդյոք, երբ 1993 թվականին, հակամարտության գոտում մարտերի թեժ օրերին, իրանական զորքերն անարգել թափանցեցին Արաքսի երկու ջրամբարների հատվածներ՝ Նախիջևանի տարածքում և ղարաբաղյան Հադրութից հարավ ընկած գոտում, ըստ էության օկուպացնելով այդ տարածքները և այնտեղ մնալով այնքան, որքան հանձնարարել էին հրամանատարները: Նշենք՝ քանի որ Արաքսը սահմանային գետ է, ապա Իրանը, որպես սահմանային ջրամբարում ջրօգտագործման անվտանգությամբ մտահոգ երկիր, միջազգային բոլոր իրավունքներն ուներ մտնելու այդ տարածքները՝ հենց իր սահմանամերձ տարածքներում ջրօգտագործումն ապահովելու համար: Այդուամենայնիվ, «Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական բախման» դեպքում Իրանի ներգրավման հավանականություն, ուստի և ամերիկյան անվտանգությանն սպառնացող վտանգ ԱՄՆ-ի հետախուզությունը, չգիտես ինչու, առհասարակ չի տեսնում: Այդ ի՞նչ է, պարոնայք ամերիկյան հետախույզներ, Անդրկովկասում իրանական ռազմական մեքենայի բանեցումը ձեզ իրո՞ք չի վախեցնում: Եվ իզուր, հիշեք 1993 թվականը, թե ինչպես իրանցիները արագորեն Իրաքին վերադարձրին քրդերի զավթած Քիրկուկը կամ էլ թե ինչպես էին իրանցիները «2017 թվականին հետապնդում ավազակային կազմավորումներին արդեն Պակիստանի տարածքի խորքերում»:


Մի խոսքով, «Քոութսի զեկույցը»՝ զեկույց, սակայն, այնուամենայնիվ, հարկ կա թարգմանելու կարգին մարդկային լեզվով: Եվ ահա հենց վերջին օրերին, ճիշտ է, ԱՄՆ-ի մեկ այլ գերատեսչություն, մեզ տալիս է «թարգմանությունը»: Հիմա Բաքվում է գտնվում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի էներգետիկ պաշարների բյուրոյի միջազգային էներգետիկ հարցերի հատուկ բանագնացի և համակարգողի պաշտոնակատար Սյու Սաարնիոն: Նա այստեղ է, այսպես կոչված, «Հարավային գազատար միջանցք» նախագծի կոնսուլտատիվ խորհրդի 4-րդ նիստին մասնակցելու համար, որը բացվեց հենց փետրվարի 15-ին: Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ տիկին Սաարնիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահը, կառավարությունն ու պետքարտուղարը համակողմանի աջակցություն են ցուցաբերում «Հարավային գազատար միջանցք» նախագծին: Այդ թղթի կտորը («Հարավային գազատար միջանցքի» մասին) սկսել է պտտվել մոտավորապես այն բանից հետո, երբ երկար տարիների առարկություններից ու «մարգարեությունից» հետո նախորդ համանման նախագծերը ձախողվեցին, որոնք նախատեսում էին շրջանցել Ռուսաստանի և Իրանի տարածքները նախկին խորհրդային հանրապետություններից դեպի Արևմուտք նոր խողովակաշարեր գցելիս: Խոսքը Անդրկասպյան և Nabucco ծրագրերի մասին է: Այստեղ ինչն ինչին է հարմարեցված. «Քոութսի զեկույցը» «Հարավային գազատար միջանցքի» կոնսուլտատիվ խորհրդի 4-րդ նիստի՞ն, թե՞ ընդհակառակը, դժվար է ասել: Բայց որ այդ իրադարձությունները փոխկապակցված են՝ կասկած չկա:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ