ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Տնփեսա

Տնփեսա
27.12.2024 | 17:47

Երբ եկանք Կարինեին ուզելու, սովորույթի համաձայն առաջինը հերս պիտի խոսք բացեր։ Էն էլ խեղճ մարդը Գյուղացի Համբոյի նման եկել քաղաք, կարկամել, երկու բառ չէր կարում արտաբերեր, որ սրտի ուզածը գլուխ բերեր։ Ադաթին հարիր, մերս չէր ուզում մարդու առաջն ընկներ։ Մերս` «հը՞, Ռուբեն, հը՞»... Հերս լռվել, քողը երեսին ամաչկոտ հարսի պես նատել, ու թե խոսում էլ էր` խոսքը շլով թփով էր տալիս, ասես իրեն էին եկել ուզելու, ինքը չէր ուզելու, ոչ մի կերպ բուն ասելիքին չէր մոտենում։ Անիկ մերս, որ տեսել էր` էլ հնար չկա, ռույլը ձեռն էր առել, ասել.

- Քյասա եկել ենք ձեր աղջկան ուզելու` հան հա ա, չեն հա ա...

- Տո դե ասեք էլի...,- զվարթացել էր խնամիությունը։

ՈՒ նույն պահին ևեթ, աշխարհի ամենալավ մարդկանցից մեկի` Կարինեի հոր` Գերասիմի ցուցումով մի ճոխ սեղան էր բացվել, որի կենտրոնում իմ քեռի Հովիկի բերած ձևավոր սկուտեղն էր` կենտրոնում անհաղթ աքլորի պես տնկված` Արարատ կոնյակով։

Էլ էն տեղը չէր, հերս ձեռը տարել էր կոնյակին ու… գնացել էր քեֆը, նոր հաստատվող խնամիությունն ու ընդմիշտ բարեկամությունը։

Ոսկե մատանին ծափողջույնների տակ արդեն դրել էի նշանածիս մատին։

Խմեցին զույգ ծաղիկների կենացը, խմեցին ու խմեցին... Ամենից շատ Կարինեն` բաժակ, բաժակի հետևից գլորում էր, գլդգորում...

Մի պահ, երկմտեցի, արա, էս ու՞ր եմ ընկել...

Հետո, շա՜տ հետո, համատեղ կյանքի ընթացքում, երբ երբևէ նրա բերանին բաժակ չտեսա` նոր մայն հասկացա, թե ինչու էր խմում:

ՈՒրախությունից էր խմում, ընդմիշտ ուրախությունից:

Հա, մեր ամուսնությանը նախորդած մի դիպված կար, փոքրիկ, բայց ճակատագրական.

մեր ամուսնական պայմանագիրը բանավոր բազարի արդյունք էր։ Ճիշտ է, էն ժամանակ շուկայական հարաբերություններ չկային, բայց շուկան միշտ է եղել, անգամ մինչ մեր ամուսնությունը։ Ես ապրում էի գավառում, որի բուն անունը թեև Լոռի էր, բայց դա նրան չէր փրկում գավառ լինելուց։

Կարինեի ծնողները, հատկապես իր քույր Գայանեն, պնդել էին, որ եթե ձեր տղեն քաղաք կգա` մեր աղջկան կտանք, թե չի գա` դուք գիտեք...

Եվ իզուր էր հերս լեզու առել, թե աղջիկը վաթան չունի, վաթան չունի, կնոջ հայրենիքը ամուսնու օջախն ա...

Մերս գիտեր, լավ գիտեր, թե դա ինչ է նշանակում։ Ես իր առաջնեկն էի, իր աբաժանելի զավակը. էդ գործարքից հետո լացել էր,շատ լացել, բայց, ի վերջո, հաշտվել եղելության հետ.

- Լյովիկ ջան,-ասել էր,-երբ հորդ հետ ամուսնանալուց հետո Շնող գյուղից գալիս էինք քաղաք` Ալավերդի, քո Սոնա բաբոն մեր գնալուն դեմ էր, շատ էր դեմ, բայց մենք չլսեցինք ու եկանք, որ մի բանի հասնենք... Որ գյուղում մնայինք, ի՞նչ էինք դառնալու` կոլխոզնի՞կ... Լավից-վատից ես բուժքույր դարձա, հերդ` շոֆեր, մեր տուն ու տեղը դրինք: Հմի իմ սիրտն էլ ա դեմ, բայց հո խելքս դեմ չի՞... Գնա, որդի՛, գնա՛, բալա ջան, բալքի մի բանի էլ դու հասնես:

Հիմա, որ ճանաչված գրող եմ, հայտնի ու սիրելի շատերի համար, ականջներիս մեջ էլի մորս` մայրիկիս մարգարեական խոսքն է. ,

«Գնա, որդի՛, գնա՛, բալա ջան, բալքի մի բանի էլ դու հասնես...»։ Այո։ Այո և այո՛, մեծ ձկները միայն մեծ ջրերում են լինում։ Թեկուզ և կետ ձկան ձագը գցեք Սևանա լիճ, չի մեծանա, կմնա էլի իշխանաձկան նման մի բան:

Մերս սրտով էր ասում, խղճով ու կարեկցանքով, բայց տարիներ անց մի այլ կերպ էր արտահայտվում կինս` Կարինեն։ Ասում էր.

- Որ քո Ալավերդում մնայիր, ի՞նչ էիր դառնալու, բերի մարդ դարձրի...,- ասես ես մարդ չէի եղել։

Բայց պիտի խոստովանվեմ, որ էդ գինը թանկ նստեց վրաս։ Ես էնքան եկամուտ չունեի, որ Երևան քաղաքում տուն վարձեի, ստիպված աներոջս տանն էի մնում։ Կարինեն զույգ էր ծնվել, քույրը` Գայանեն իր ամուսինը, իր տունն ու տեղն ուներ, դուրս էր գալիս, որ ես ու կինս էինք մնում Կարինեի ծնողների հույս ու ապավեն։

Այսինքն, ժողովրդական լեզվով ասած` տնփեսա։

Միայն հետո, որոշ ժամանակ անց հասկացա, որ տնփեսա, ասել ա, թե շան փեսա։ Դեռևս ես դրան կարևորություն չէի տալիս, բայց կարելի է ասել, որ միանգամից «չորդեգրվեցի»։ Բնավորվելս ընթանում էր համառ պայքարի միջով։ Հատկապես, աներոջս մահից հետո, մտքովս անցել էր քաղաքի կենտրոնում գտնվող նրա բնակարանը միանգամից ինձանով անել։ Տան դռան վրայի ցուցանակը ` «Բադալյան» մակագրությունով իբր պատահականության արդյունքում պոկել էի, բայց չէի համարձակվել դուրս գցել, թողել էի շեմին։ Զոքանչս գտել էր, ամեն ինչ հասկացել ու վրան մի կատարյալ ողբ դրել, ասես իր Գերասիմ ամուսնուն նորից թաղելիս լիներ։ Իմ սիրտն էլ մղկտաց։ Վերջապես մարդ էի, չէ՞, հո խիղճս հանած, մեր լեզվով ասած, մալաղոնդի՞ չէի...

Չէ՛, դա կյանք չէր...

ՈՒ երբ մերս մի օր եկել էր անորանց տուն և ոչ իմ տուն, օտարի տանը նրա նստելաձևից նոր միայն հասկացա, որ տնփեսայության փափկասուն կյանքը այլևս ավարտված է։ Դա դեռ աներոջս կենդանության օրոք էր։ Մայրս փարթամ կին էր, մոտ 120 կիլոգրամ կենդանի քաշով, նստել էր դիվանի ծայրին ու անընդհատ հուպ ու կուչ էր գալիս, իրեն քաշվում, և որքան էլ ձգտում էր քիչ տեղ զբաղեցնել, այնուամենայնիվ, իր գրաված տեղը իրեն համար շատ էր համարում։

Վերջ, ամեն ինչ վերջացած էր։

Գնացի աշխատատեղս, Լենինյան շրջանի գործադիր կոմիտե ու նախագահի ընդունարանում աշխատանքից ազատման դիմում ներկայացրի։ Գործադիր կոմիտեի նախագահը դիմումս կարդացել էր ու չէր ստորագրել, ինձ կանչել էր տվել իր կաբինետ։

- Լևոն ջան,- հարցրել էր,- ինչի՞ ես ուզում ազատվել...

- Ընկեր Գալիկյան,- ասել էի,- մեղքս ի՞նչ թաքցնեմ, տնփեսա եմ, էդ կարգավիճակով այլևս անհնարին է ապրել... ՈՒզում եմ բաժանվել, վերադառնամ իմ երկիր...

- Ա՛յ, տղա,- ասել էր նախագահը. դե էն ժանանակ` կախյալ Հայաստանում, ավելի սրտացավ պաշտոնյաններ կային, քան ներկայիս` անկախ Հայաստանում,- որ ժամանակավորապես,-ասել էր նախագահը,- մինչև բնակարանիդ հերթի հասնելը ազատված սենյակ ընտանիքիդ հատկացնենք, կմնա՞ս:

- Ախր, օրենքով ինձ դա չի հասնում, է...,- սիրտս թակարդից ուզեցել էր դուրս թռչել։

- Մեր տղա,- բարեհոգի ժպտացել էր ընկեր Գալիկյանը,- օրենքը մեր ձեռքի՞ն չի...

Եվ փրկվել էր մեր ամուսնությունը, փրկվել էր ճակատագիրս ու ես միանգամից տնփեսից դարձել էի աղա փեսա։

Այդպես, անկախ կյանքով, ընտանիքիս հետ ապրել էի երրորդ մասի իմ բնակարանում, որը Վանոյի քաքղաքապետ դառնալու շնորհիվ արդեն իսկ սեփականաշնորհել էի: Մինչև... Մինչև մահացել էր աներս, հետո նաև զոքանչս։ Դրանից հետո երրորդ մասի իմ բնակարանը վաճառել էի ու կրկին վերադարձել քաղաքի կենտրոն` տնփեսայության նախկին բնակատեղի։ Դե, հո չէի ասելու էդտեղից տնփեսայության անդուր հոտ է գալիս ու էդ տունը ինձ պետք չի... Ինչ ասեմ, էդ հոտը չէր գալիս, բայց միևնույնն է, էդ խարանը իմ ճակատից այլևս անհնարին էր ջնջել։ ՈՒ թեև Պուշկինի 4 հասցեում գտնվող աներոջս տունը վաճառեցինք ու տեղափոխվեցինք Խորենացի փողոցի վրա գտնվող մի շատ ավելի ընդարձակ բնակավայր, այնուամենայնիվ, ճակատիս գիրը չփոխվեց. կինս առիթը բաց չէր թողնում, ամեն անգամ հետս վիճելիս երեսիս շպրտում էր, թե էս տունը իմն է, էս օջախն իմն է, դու բան չունես հորիցդ բերած, դու բան չունես էս աշխարհում։

ՈՒզում էի ասել` քե՛զ էլ, քո տու՛նն էլ, բայց չէի ասում: Ասելու էլ բան չունեի:

Սակայն ամենաճակատգրականը դեռևս առջևում էր։

Երկու տարի առաջ մահացավ քենիս, որ զույգ էր ծնվել կնոջս հետ։ Տղան Սովետաշենի գերեզմանատանը մի ընդարձակ տարածք էր վերցրել։ Գայանեին հուղարկավորցինք էնտեղ։ Քենուս տղան` Արտյոմը, մի փառահեղ տղա, ով ինձ հարգում էր իր հոր պես, մանավանդ որ իր հայրը քառասուն տարի առաջ լքել էր իրենց, երբ արդեն վերջին ծաղկեպսակն էինք դնում թարմ հողաթմբին, թեքվեց ականջիս.

- Ձյաձ Լյով, բավականին մեծ տարածք է,- ասաց,֊ մորքուրիս էլ կբերենք էստեղ. երկու քույր անբաժան ծնվել են, թող անբաժան էլ կողք, կողքի մնան...

Բա ե՞ս...

Թամամ խոսքն իշին էն ասում, կասեին մեր գեղում։ Պարզ չէ՞, որտեղ կինը` էնտեղ էլ ամուսինը:

Թակարդն էի ընկել մատ եղած թագավորի պես։

Ճակատագրից հեռու չես փախչի...

ՈՒր էլ թռչեի, միևնույնն է, վայրէջքը նույն տեղում էր. Էսենց էլ կյա՞նք... Ուզում եմ բղավել, բայց ու՞մ երեսին.

֊ՈՒրեմն, էս աշխարհում տնփեսա` էն աշխարհում էլ տնփեսա՞...

27.12.24թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3112

Մեկնաբանություններ