Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Ստիպված են հանդես գալ ԲՀԿ սատելիտի դերում

Ստիպված են հանդես գալ ԲՀԿ սատելիտի դերում
05.11.2013 | 00:39

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին սեպտեմբերի 3-ի նախագահ Սարգսյանի հայտարարությունը, բնականաբար, չէր կարող չվերածվել ներքաղաքական պայքարի կարևոր բաղադրիչի, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ քաղաքական ուժերի զգալի մասը փորձում է ներկայանալ ռուսամետ կամ արևմտամետ լույսի ներքո: Այս առումով հատկապես խոցելի են ՀԱԿԿ դիրքորոշումն ու ընդհանրապես` քաղաքական դաշտում ՀԱԿԿ դիրքավորվածությունը: 1998-ի իշխանափոխությունից հետո Տեր-Պետրոսյանի շրջապատը մշտապես փորձել է «որդեգրվել» Արևմուտքին` լրատվամիջոցներով տարածելով հակառուսական բնույթի նյութեր և քննադատելով ժամանակի իշխանություններին ՌԴ-ի հետ չափազանց սերտ հարաբերություններ հաստատելու համար:
Այս վիճակը, ըստ էության, շարունակվեց մինչև 2009-2010 թվականներ: ԲՀԿ-ի հետ հարաբերությունների սերտացումը Տեր-Պետրոսյանի քաղաքական միավորներին արևմտյան ճամբարից տեղափոխեց ռուսական ճամբար, ինչի մասին վկայում են բազմաթիվ փաստեր: Ամենավառ օրինակները Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթներն են, որոնցով նախկին նախագահն ամեն անգամ «սեր է խոստովանում» ՌԴ իշխանություններին: Ամենայն հավանականությամբ, Տեր-Պետրոսյանն ու նրա անմիջական շրջապատը փորձում են գրավել Հայաստանում հսկայական ազդեցություն ունեցող Կրեմլի ուշադրությունը` ինքնահռչակվելով գործող իշխանությանն այլընտրանք: Միևնույն ժամանակ, «լևոնական ճամբարը» փորձում է պահպանել նաև արևմտյան մի շարք կառույցների հետ տարիներ շարունակ կառուցված հարաբերությունները, սակայն սա արվում է զուտ հավելյալ հնարավորությունների ապահովման համատեքստում:
Ինչևէ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստը խիստ տհաճ դրության մեջ է դրել ՀԱԿԿ ղեկավարությանը: Մի կողմից, սա լավ առիթ էր «երկիրը ռուսներին ծախելու», «սխալ արտաքին քաղաքական որոշումներ ընդունելու» և այլ «մահացու մեղքերում» իշխանությանը խստագույնս քննադատելու և դրա ենթատեքստում կշիռ հավաքելու համար, մյուս կողմից` կարելի էր ՀԱԿԿ դիրքերն ամրապնդել` որպես հզոր արևմտամետ քաղաքական ճամբարի: Սակայն գնացքը վաղուց արդեն գնացել է, և Տեր-Պետրոսյանը չի կարող այդչափ կտրուկ շրջադարձ կատարել ու քննադատել հայ-ռուսական հարաբերությունների խորացումը:
Պետք է նշել, որ քաղաքական գործիչների և ուժերի համար թիվ մեկ վտանգավոր երևույթը անճարակությունն է, իսկ ՀԱԿԿ-ն հայտնվել է հենց անճարակության իրավիճակում, երբ սպառվել են բոլոր գաղափարական ու բարոյական ռեսուրսները, և Տեր-Պետրոսյանի ստեղծած ուժը դանդաղ, բայց հաստատուն քայլերով դեպի անդունդ է գլորվում: Իսկ եթե ԲՀԿ-ն որոշի դադարեցնել կիսաընդդիմադիր գործունեությունն ու նորից տեղափոխվի իշխանության ճամբար, ապա սա կնշանակի ՀԱԿԿ-ի վերջնական ոչնչացում, քանզի ներկա պահին «լևոնականները» ինքնուրույն քաղաքական գործունեություն վարելու ոչ մի ռեսուրս չունեն, ուստի և ստիպված են հանդես գալ ԲՀԿ սատելիտի դերում:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ