«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը:
Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող հուշարձանի` «Ծածկած շուկայի» ապօրինի քանդման և շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Հուշարձանը քանդողը և պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել:
ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորած անգործությունը վիճարկվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Գործի քննության ժամանակ ի հայտ են եկել հետևյալ փաստերը` 1.Ճարտարապետահատակագծային առաջադրանք 08.08.2012թ (պահանջ՝ մշակել «Ծածկած շուկայի» վերակառուցման ստորգետնյա հարկերի իրականացման նախագիծ):
2.Շինարարության թույլտվություն (ձևաթուղթ)՝ բացակայում է հիմք հանդիսացող նախագիծը:
3.Քանդման թույլտվությունը բացակայում է՝ գործում առկա է մի ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտը:
4.Տեսչական ստուգում՝ սկզբնականը բացակայում է:
Գործում առկա է շինարարական կապալի պայմանագիր 01.09.2012թվական «Թիվ 1 շուկայի» և «Լուսարբիլդ» ՍՊԸ-ի կողմից կնքված, սակայն բացակայում է այն շինարարական լիցենզիան, որի համաձայն այդ կազմակերպությունը կարող է կատարել պատմամշակութային հուշարձանի վերանորոգման աշխատանքներ:
Համադրելով շինարարության թույլտվության օրենքով սահմանված պահանջները՝ գործում առկա փաստաթղթերի հետ ակնհայտ է դառնում ՀՀ ոստիկանության կողմից ո´չ բազմակողմանի, ո´չ լրիվ և ո´չ օբյեկտիվ քննությունը:
Մասնավորապես, գործում բացակայում են շինարարությունը իրականացնելու համար հիմք հանդիսացող շինարարության թույլտվությունը, որը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի հիման վրա: Չկա նաև քանդման թույլտվությունը , գործում առկա է միայն ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտները:
Չունենալով համապատասխան օրինական փաստաթղթեր՝ կառուցապատողի կողմից «Ծածկած շուկայի» տարածքում իրականացվել են մեծածավալ հողային քանդման, տեղափոխման աշխատանքներ և կոնստրուկտիվ միջամտությունները հանգեցրել են կառույցի հիմքերի վնասմանն ու խարխլմանը: Ստորգետնյա հարկերի իրականացման նախագծով նախատեսված՝ դեպի ստորգետնյա ավտոկայանատեղեր մեքենաների մուտքն ու ելքը ապահովելու համար կատարվել է կամարի հատվածի ապամոնտաժում: Առանց թույլտվության օբյեկտի քանդումն ու շինարարական մոնտաժային աշխատանքների կատարումը հանդիսանում է ինքնակամ գործունեություն և առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության: Ինչպես նաև, Երևանի քաղաքապետի կողմից տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող «Լուսարբիլդ» ՍՊԸ-ին համապատասխան թույլտվություն տրամադրելուց հաշվի չի առնվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որը սահմանում է՝ «Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն»: Հետևաբար, լիազորված մարմնի կողմից հատուկ քննարկման ենթակա էր հուշարձանի կառույցի տարածքում «Լուսարբիլդ» ՍՊԸ-ի կողմից ամրակայման, նորոգման և վերականգնման բնագավառում վերջինիս փորձի և համապատասխան լիցենզիայի բացակայությունը:
Սույն գործով վաղը՝ փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23) նախագահող դատավոր՝ Գ.Մելիք-Սարգսյանը Զարուհի Փոստանջյանի վերաքննիչ բողոքի հիման վրա կշարունակի հետաձգված դատական քննությունը: