«Ժառանգություն» կուսակցության ներսում խնդիրներ չկան: Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում: Գործիչը նշել է, թե վարչությունից դուրս եկած անդամներից յուրաքանչյուրն «ունեցել է իր պատճառաբանությունը»: Խոսելով «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանի հետ կատարվածի մասին Հովհաննիսյանն ասել է, թե կուսակցության համագումարից հետո Ազգային անվտանգության ծառայությունը փորձ է արել հավաքագրել երիտասարդ կուսակցականների, սակայն «Ժառանգությունը» նրանց պաշտպանելու է բոլոր հնարավոր միջոցներով և արդեն դատախազությանն ու ՄԻ պաշտպանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Անդրադառնալով ոչիշխանականների համագործակցությանը, Հովհաննիսյանը ասել է, թե «միասնական գործելու հանձնառությունը կա» և հուսով է, որ քառյակը համատեղ պայքարի հաջողության հեռանկար ունի: Րաֆֆի Հովհաննիսյանի մեկնաբանմամբ` կա իշխանափոխության ներուժ, թեև քառյակի մաս կազմող տարբեր կուսակցություններ իշխանափոխության համար իրենց ժամանակացույցը ունեն: «Աշնանը պարզ կլինի»,-ասել է Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությանը, թե քառյակ գոյություն չունի, Հովհաննիսյանը նկատել է, թե դրանք տեսակետներ են, որոնք կարող են հնչել և կուսակցությունում ոչ մեկը չի կարդում իր պատրաստած «հուշագիրը»: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյան-քառյակ հնարավոր համագործակցությանը, Հովհաննիսյանը ոչինչ չի բացառել: «Ոչ մի բան չեմ բացառում»,-ասել «Ժառանգության» ղեկավարը՝ միաժամանակ նշելով, որ «այս պահին չկա մի հոգի, որը ներկայացնում է չորս ուժերի ընդհանուր կարծիքը»: