ԲՀԿ-ն ողջունում է ոչիշխանական ուժերի եռյակի իր գործընկեր ՀԱԿ-ի «դրական մոտեցումները» համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ՝ հայտարարել է ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը:
ՀԱԿ-ը, անդրադառնալով ԲՀԿ-ի որոշմանը՝ հանրապետության բոլոր կարևոր բնակավայրերում համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու մասին, նշել էր, որ դա «ինքնին վատ գաղափար չէ», պայմանով, որ զուգորդվի Ազատության հրապարակում ակտիվ քաղաքական գործողությունների հետ: Արձագանքելով ՀԱԿ-ի հայտարարությանը, ՈՒրիխանյանը նշել է, որ ԲՀԿ-ն վերահաստատում է երկրում «արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը» ու հավելել. «ԲՀԿ-ն, շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե մարզերում, թե Երևան քաղաքում, այդ թվում՝ վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին»: «Շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին»,- նշել է ԲՀԿ խոսնակը: