Եվ ՀԱԿ-ը, և ԲՀԿ-ն պնդում են, թե որևէ հակասություն երկու քաղաքական ուժերի միջև չկա: Կիրակի օրը տարածած հայտարարությամբ ՀԱԿ-ը զգուշացրել էր, թե զբաղվելով շտաբների ձևավորմամբ և անորոշ ժամկետով հետաձգելով ակտիվ քաղաքական գործողությունները` ԲՀԿ-ն կարող է ճակատագրական սխալ թույլ տալ, քանի որ իշխող վարչախումբը այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ուժերը առավելագույնս մոբիլիզացնելու և շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար:
ԲՀԿ-ի արձագանքը չուշացավ. կուսակցության խոսնակը հայտարարեց, որ ՀԱԿ-ն իրավունք ունի ինքնուրույն կազմակերպելու ցանկացած զանգվածային միջոցառում ցանկացած վայրում և ցանկացած պահի: ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԲՀԿ-ի արձագանքը նորմալ է համարում` ընդգծելով, որ դաշնակցային հարաբերություններում մոտեցումների տարբերությունը բնական է:
«Որևէ հակասություն գոյություն չունի: Իսկ որ տարբերություններ կարող են լինել պայքարի ձևերի վերաբերյալ, կարծում եմ, դուք դա բնական եք համարում»,- ասաց Զուրաբյանը և շարունակեց. «Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ գործ ենք հաջողել, ինչ մեծ հույս ենք արթնացրել, և բնական է, որ ոչ ոք չի ցանկանում, որ հանկարծակի ինչ-որ սխալ որոշումների պատճառով այդ ամբողջ շարժումը ձախողվի կամ տապալվի: Մենք ուրիշ բան չենք անում, ոչ մեկին ոչ մեղադրում ենք, ոչ մուննաթ ենք գալիս: Մենք ներկայացնում ենք մեր տեսակետները և մենք համոզված ենք մեր տեսակետի մեջ և ցանկանում ենք, որ մեր տեսակետը հաղթի»:
ԲՀԿ-ն նույնպես վստահեցնում է, թե հակասություններ ՀԱԿ-ի հետ չունի: Կուսակցության խոսնակ Տիգրան ՈՒրիխանյանը, այդուհանդերձ, ընդգծում է. «Ժողովուրդը ոչ թե հանրահավաքի է սպասում, այլ իշխանափոխության»:
Հարցին, թե մինչև տարեվերջ հանրահավաք լինելո՞ւ է, ՈՒրիխանյանը արձագանքեց. «Դա հարց է, որին պիտի պատասխանեն ոչիշխանական ուժերը` միասնաբար: Հանրահավաքները կազմակերպվում են իշխանափոխության գործընթացը իրականացնելու համար: Մարդիկ հանրահավաքին չեն սպասում, մարդիկ սպասում են իշխանափոխությանը»: