Հրատապի խոհեր. խորհեք դուք էլ
Նրան իմ ընկերն էի համարում։ Ավելին՝ մտերիմ բարեկամ։ Քսանհինգ տարի շարունակ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում իմ բազմաթիվ հրապարակումների տակ գրվել է՝ «Հեղինակ՝ Գագիկ Անտոնյան, լուսանկարիչ՝ Էմիլ Յավրյան»։ Միասին ճանապարհ ենք անցել։ Միասին եղել ենք գյուղերում, դժբախտությունների վայրերում, մարդկային ցավի ու լոռեցու համառության պատմությունների մեջ։ Ես կարծում էի՝ տարիները մարդուն գոնե մեկ կարևոր հատկություն տալիս են՝ արժանապատվություն։ Սխալվել էի։
Մի քանի օր առաջ փաստաթուղթ պատճենահանելու նպատակով մտա նրա տաղավարը։ Առաջին վայրկյանից զգացի անհաճո վերաբերմունքը։ Մտածեցի՝ հոգնած է, տրամադրություն չունի։ Հետո հասկացա՝ խնդիրը մարդու ներսում կուտակված այն ագրեսիան էր, որն այսօր դարձել է ամբողջ մի քպ-լոյական քաղաքական միջավայրի գարշելի դեմքը, խոսելաձևը։
Նա սկսեց բառացիորեն հեղեղել մեղադրանքներով․
«Ի՞նչ ես ուզում իշխանություններից, շատ լավն են։ երկիրը խաղաղ է։ Նիկոլի հասցեին հնարովի հոդվածներ ես գրում։ Նրա շնորհիվ փող եմ աշխատում։ Մարդկանց անունից նյութեր ես հրապարակում, նյութերն աղավաղում ես... փող ես վերցնում գրածի ու չգրածի համար (մի պահ թվաց, թե այս միտքը իր Նիկոլի մասին է ասում)։ Մեր մարզպետին ինչո՞ւ ես կպել, ծառ են կտրել՝ պետք է եղել՝ կտրել են։ Մեր խմբով էս քանի օրը հավաքվելու ենք մարզպետի մոտ, լավ տղա է։ Աշոտիկին էլ երգեցնելու ենք»:
Լսում էի ու մի պահ մտածում՝ արդյո՞ք դեմքը ծամածռող այս մեկը նույն մարդն է, որի հետ տարիներ շարունակ հաց եմ կիսել։ Նրա խոսքերի մեջ տեսա այս ժամանակների քաղաքական բարոյականության դեմքը՝ լկտի, ինքնահավան, անկիրթ, մեծամիտ, ստրկահաճո։ Ավելի ճշգրիտ՝ նիկոլահաճո:
Այն նույն խոսույթը, որը տարիներ շարունակ հնչում է իշխանության տարբեր մակարդակներից, հետո իջնում ներքև ու նստում նման մարդկանց լեզվի վրա։
Այսօր իշխանությանը նվիրված «նիկոլագժերը» լրագրողին պատկերացնում են որպես գովերգող, ոչ թե հարցնող ու ծանրութեթև անող մարդ։
Եթե գրում ես ծառահատման մասին՝ թշնամի ես։
Եթե հարցնում ես՝ ինչու՞ մարզպետարանը չի արձագանքում՝ խանգարում ես։
Եթե բարձրաձայնում ես գյուղացու, դպրոցի, գետի, պուրակի խնդիրը՝ ուրեմն «կպել ես իշխանությանը»։
Այս մտածողությունն արդեն քաղաքական չէ։ Սա բարոյական դեգրադացիա է։ Ես ապշած նայում էի նրան։ Չէ՛, ավելի ճիշտ կլինի ասել՝ ապշած նայում էի ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆ այն մակարդակին, որին անակնկալ բախվեցի:
Ամենածանրը լրագրողի հասցեին հնչած մեղադրանքներն էին։ Երբ մարդը, առանց փաստի, քեզ ներկայացնում է որպես կեղծարար, պատվերով գրող, մարդկանց խոսքերը հորինող մեկը, նա արդեն մտնում է ոչ թե վիճաբանության, այլ զրպարտության դաշտ։ Եվ այս ամենն ասում եմ ոչ միայն ծանծաղ միտք ունեցող ինչ-որ մի թյուրիմացության, այլ նրանց, ովքեր նրա կարճամիտ համախոհներն են: Ես նրան միայն մի բան ասացի․
«Կարծում եմ՝ պարտավոր ես ապացուցել ասածներիդ ճշմարտացիությունը։ Հակառակ դեպքում պատասխանատվություն ես կրելու»։
Հեռանալիս նետեց վերջին «փաստարկը»` Աշոտիկն է խոստովանել։
Այստեղ արդեն պատմությունը մտավ ուրիշ դաշտ։
Խոսքը աշուղ, «Երջանիկ տարեցներ» միության նախագահ Աշոտ Դալլաքյանի մասին է: Կապ հաստատեցի նրա հետ, ում խնդրանքով հարցազրույց էի ունեցել։ Այդ հարցազրույցը, ինչպես անում եմ միշտ, մինչև հրապարակումը ամբողջությամբ ուղարկել էի իրեն։ Նա ոչ միայն հաստատել էր այն, այլև սեփական ձեռքով գրել. «Ընկեր Անտոնյան ջան որոշակի բաներ եմ փոխել խնդրում եմ նայեք ու սա ընդունեք վերջինը»։
Ես ընդունել եմ վերջինը։ Մեր ամբողջ նամակագրությունը պահպանված է անխաթար։ Այսինքն՝ այստեղ որևէ «հորինվածք» գոյություն չունի։ Կա միայն մեկ բան՝ մարդու հետագա վախը սեփական խոսքերից։
Ամեն մարդ իրավունք ունի փոխելու իր տեսակետը։
Ամեն մարդ կարող է վախենալ իր երեկվա ասածից։ Բայց ոչ ոք իրավունք չունի սեփական վախը փրկելու համար լրագրողին ներկայացնել որպես կեղծարար։
Փաստերը համառ բաներ են։ Այդ ամենի մասին գրեցի Աշոտին: Մի քանի ժամ անց նա զանգահարեց ու ասաց, որ նման բան չի հայտարարել, որ ամբողջ պատմությունը հերյուրանք է, և նույնիսկ ամաչում է այդ խոսակցությունների և այն անողների փոխարեն։ Նրա ասածներից հասկացա՝ մի խումբ անձանցով նստել են հերթական «տղայական» սեղանի շուրջ ու մտել «բամբասող կանանց», միաժամանակ՝ դատավորի դերի մեջ՝ առանց փաստի, առանց ապացույցի, առանց պատասխանատվության զգացման և ամենակարևորը՝ առանց ամոթի ու խղճի խայթի: Ստացվել է զրպարտիչների համահավաք մի խումբ, որի թիրախում հայտնվել է «խեղճուկրակ» ինչ որ մի լրագրող:
Դա ես էի:
Հիմա անցնենք ամենածիծաղելի հատվածին։
Պարզվում է՝ Էմիլ Յավրյանը լրագրողների միության անդամատոմս ունի։Ես անկեղծորեն կուզեի տեսնել գոնե երեք տողանոց որևէ նյութ, որի տակ գրված լինի նրա անունը։
Լրագրողը նա չէ, ով պատճենահանման սարք ունի կամ ամբողջ օրը «չրթցնում» է լուսանկարչական սարքը։ Մի բան էլ կա՝ ամբողջ օրը «փող է շինում»:
Լրագրողը նա է, ով պատասխանատվություն ունի խոսքի առաջ։
Լրագրողը նա է, ով կարող է քննադատել։
Որովհետև լրագրողի գործը գովասանք գրելը չէ։
Լրագրողը պարտավոր է բարձրաձայնել, երբ ծառ են ոչնչացնում, երբ պուրակ են վերացնում, երբ գետի վտանգի մասին լռում են, երբ գյուղացին մենակ է մնում իր խնդիրների հետ։ Ես գրել եմ միայն մի մայթ ունեցող փողոցների մասին։ Գրել եմ Դեբեդի խնդրիրների մասին։ Գրել եմ եղևնու փրթվող պուրակի մասին։ Գրել եմ դպրոց չհաճախող երեխաների մասին... Եվ այդ բոլոր հրապարակումների դիմաց ստացել եմ միայն մի պատասխան՝ Էմիլի մարզպետի քար լռությունը։ Այդ լռությունն այսօր դարձել է կառավարման ոճ։ Մարզպետը կարող է համայնք այցեր անել, ժապավեն կտրել, լուսանկարներ հրապարակել, բայց երբ լրագրողը կոնկրետ հարց է տալիս՝ սկսվում է «իգնորը»։ ՈՒ հիմա ինձ հարցնում են՝ ինչու՞ եմ գրում «մեր մարզպետից»: Ես գրում եմ, որովհետև լրագրողի լռությունը հանցակից է անտարբերությանը։
Իսկ ամենացավալին գիտե՞ք որն է։ Այդ հավաքույթին ներկա են եղել մարդիկ, որոնց մասին ես ժամանակին գրել եմ սիրով ու հարգանքով, ոմանց մասին՝ բազմաթիվ առիթներով, նույնիսկ մի քանի հոդվածներ, դիմանկարներ: Առանց բացառության: Կերուխումին եղել է մի լավ բժիշկ, մարզասարքերի մի շնորհալի կոնստրուկտոր, ընտիր դերասան, աննման երգիչ, գրագետ պատմաբան, աշուղ Աշոտ և մի զազրախոս էմիլ։ Մարդիկ, որոնց անունը ես տարիներ շարունակ արժևորել եմ իմ հրապարակումներում։ Եվ նրանցից ոչ մեկը չի կանգնել ու ասել․
«Ա՛յ տղա, ի՞նչ ես դուրս տալիս՝ որքան էլ նիկոլասեր ու քպ-լոյասեր լինես: Այդ մարդը մեր մասին գրել է առանց որևէ ակնկալիքի: Քո մասին էլ է գրել: Փող տվե՞լ ես»։
Ահա սա է ժամանակի ողբերգությունը։ Մարդիկ կամաց-կամաց սովորում են լռել, երբ իրենց աչքի առաջ անարդարություն է տեղի ունենում։ Բայց ես լռողներից չեմ եղել ու չեմ լինելու։ Խոսքն իմ նեղացածության մասին չէ։ Եթե միայն անձնական վիրավորանք լիներ, թքած կունենայի հազար էմիլների վրա։ Խնդիրը շատ ավելի խորն է։ Խնդիրը լրագրողի, նրան ներկայացնող թերթի, քաղաքացու, մարդու արժանապատվությունն է։ Խնդիրը հասարակության այն հիվանդ մթնոլորտն է, որտեղ ամեն երկրորդ դատարկախոս իրեն իրավունք է վերապահում լրագրողին անվանել կեղծարար՝ միայն այն պատճառով, որ վերջինս հարց է տվել իշխանությանը։
Էմիլ Յավրյան, դու հիմա մեկ բան պիտի հասկանաս։ Սեղանի շուրջ բարձր դատարկախոսելը տղամարդկություն չէ։ Տղամարդկությունը պատասխան տալ կարողանալն է։ Եթե քո ասածները ճշմարիտ են՝ ապացուցիր։ Եթե ոչ՝ նույն մարդկանց ներկայությամբ ընդունիր, որ զրպարտել ես։ Թող նրանք որոշեն՝ քո հետ հետագայում ինչպես վարվեն: Ինձ քո ներողությունը պետք չէ։ Դու արժանի չես դրան: Բայց ականջիդ օղ արա՝ մարդը, որը տարիներով օգտվել է լրագրողի ընկերությունից, հետո փորձել է նույն լրագրողի անունը ցեխոտել, պարտավոր է առնվազն սեփական խղճի առաջ պատասխան տալ։ Չէ՞ որ հասարակության մեջ ենք ապրում և ոչ թե անասնաֆերմայում: Էս բառն ասացի՝ հիշեցի «Անասնաֆերմա» գրքի հեղինակ Ջորջ Օրուելին, ով հայտնի միտք ունի, դու էլ հիշիր, գուցե մի օր պետք գա՝ «Լրագրությունը այն է, ինչ չեն ուզում, որ հրապարակվի։ Մնացած ամեն ինչը՝ գովազդ է»։
Ինձ քո նմանների կեղտոտ զրպարտանքից հեռու պահում ու մխիթարում է այն, որ իմ հոդվածները քեզ ու էլի քո նման նիկոլաստրուկներին նյարդայնացնում են: Դա նշանակում է՝ հաստատ ճիշտ ճանապարհով եմ ընթանում: Իսկ դու՝ ստորագույն զրպարտիչ, անցնելիք ճանապարհ չունես:
.
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ