ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների անվան լսարան` ՀՊՏՀ-ում

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների անվան լսարան` ՀՊՏՀ-ում
10.09.2016 | 19:29

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ միասին իրականացրեց անվանակոչված լսարանի հանդիսավոր բացումը:

Նախարարը ծանոթացավ լսարանին, որտեղ «Բարձունքը մերն է, տղերքը՝ չկան, տղերքն ավելի բարձրում մնացին…» վերտառությամբ ներկայացված էին քառօրյա պատերազմում հայրենիքի համար կյանքը տալով հերոսացած զինվորների լուսանկարները, պատերազմական դրվագներ և կադրեր առաջնագծից: Ծանոթության ավարտին Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից խորհրդանշական հուշանվեր հանձնեց:
Լսարանի հանդիսավոր բացման արարողությանը հաջորդեց պաշտպանության նախարարի հանդիպումը բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական համակազմի անդամների հետ: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն իր և բուհի անունից երախտագիտություն հայտնեց Սեյրան Օհանյանին բուհ-բանակ կապը ամրապնդելու ուղղությամբ իրականացվող ծրագրերին ցուցաբերվող մշտական աջակցության համար:


Ողջունելով ներկաներին՝ ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը տեսահոլովակով ներկայացրեց նախորդ՝ 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանում և համալսարանից դուրս իրականացված բազմաթիվ ռազմահայրենասիրական միջոցառումներն ու ծրագրերը:
Սեյրան Օհանյանը, բարձր գնահատելով երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, հայտնեց. «Մեր բանակի կողքին, ի դեմս ուսանողական խորհրդի, ձևավորվել է մի նոր բանակ, որը մշտապես կանգնած է մեր կողքին և աջակցում է բոլոր հարցերում, և ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այս կառույցին»:


Այնուհետև նախարարը գերատեսչական մեդալներով, պավոգրերով և հուշանվերներով պարգևատրեց բուհի դասախոսներին և ուսանողներին:
Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան նախարարին ուղղել իրենց հարցերը, որոնք առնչվում էին բանակային կյանքին, սահմանագծում տիրող իրավիճակին և այլ հարակից ոլորտներին:


Ծրագիրն իրականացվեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ:

Դիտվել է՝ 3981

Մեկնաբանություններ