Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Բա ՀՀԿ-ի ժամանակ լա՞վ էր...»

«Բա ՀՀԿ-ի ժամանակ լա՞վ էր...»
11.12.2018 | 00:56

Իշխանափոխությունից (անհնար է սա հեղափոխություն անվանել) հետո մեր քաղաքացիների (այդ թվում և իմ) ոչ բոլոր ցանկությունները կատարվեցին: Եվ դա նորմալ է, քանի որ ոչ մի իշխանություն, որքան էլ լավը լինի, ի զորու չէ բավարարելու իր քաղաքացիների պահանջները, որովհետև, ինչպես պատմությունն է ցույց տալիս, քաղաքացին ղեկավարի հետ զրույցում միշտ մատնանշում է իր իրավունքները, մոռանալով պարտականությունները: Բայց իշխանությունն էլ մի ամբողջ շարք պարտականություններ ունի, որոնք կարող է իրականացնել, բայց չի անում, ավելին, առաջնայինը թողած, երկրորդականի, հաճախ անկարելիի հետևից է ընկնում:


Չեմ ուզում անուն առ անուն նշել, թե ով ինչ է անում, որովհետև բոլորն էլ կարդալ գիտեն, դատողությունից էլ կարծես բողոքներ չկան: Ի՞նչ արած, քաղաքականություն է, սխալներ ու բացթողումներ էլ կլինեն, ո՞ր քաղաքական ուժն է անթերի, սխալների վրա են սովորում, իհարկե, եթե սխալվողն իր սխալն ընդունում է: Մի խոսքով, համարյա ամեն ինչ տանելի է, համարյա ամեն ինչ անուն ունի, բայց մի բան կա. ի՞նչ անուն տանք այն երևույթին, երբ իշխանության ներկայացուցիչներն իրենց ուղղված թերացումների մատնանշմանն ի պատասխան ասում են. «Բա ՀՀԿ-ի ժամանակ լա՞վ էր, ինչի՞ Սերժին բան չէիք ասում»: Սա աբսուրդ է, քաղաքական անհեթեթություն, իշխանական բթամտություն: Պատկերացրեք, որ ժամանակին ՀՀԿ անդամներն իրենց ուղղված մեղադրանքներին ի պատասխան նույնը ասեին. «Բա ՀՀՇ-ի ժամանակ լա՞վ էր, ինչի՞ Լևոնին բան չէիք ասում»: ՀՀՇ-ն ու Լևոնն էլ իրենց ժամանակ արդարանային. «Բա սովետի ժամանակ լա՞վ էր, ինչի՞ Գորբաչովին բան չէիք ասում», և այսպես շարունակ: Ի՞նչ էինք հակադարձելու, չէի՞նք ասելու` որ, այո, լավ չէր, դրա համար էլ գնացին գրողի ծոցը, չէի՞նք ասելու, ու եթե նախկիններից ժառանգեք միայն բացասականը, դուք էլ եք գնալու նրանց հետևից, ինչպես որ եղավ: Հիմա պարզ է, չէ՞, թե «Բա ՀՀԿ-ի ժամանակ լա՞վ էր...» հարցին ինչ պատասխան է սազում:


Մի քանի ամսվա պատմություն ունեցող իշխանությունից ոսկե սարեր ակնկալելը երևակայության ոլորտից է, անհնար է այդքան կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցնել քայքայված տնտեսությամբ երկիրը, բայց եթե քննադատում ես իշխանությանը, նա պետք է ոչ թե հայհոյի կամ հակահեղափոխականի պիտակ կպցնի նրան, այլ առանց ավելորդ էմոցիաների լսի ու փորձի մեդալիոնի հակառակ կողմը տեսնել: Ժողովուրդը զգայուն նյարդեր ունի, որոնց դիպչելը կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Հաճախ` անդառնալի հետևանքներ։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ