Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Խոսքի համար՝ բանտ, բռնության համար՝ ազատություն

Խոսքի համար՝ բանտ, բռնության համար՝ ազատություն
15.12.2025 | 10:30

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լիովին հիմնավորված կերպով բարձրաձայնում է Հայաստանում ձևավորված երկակի չափանիշների խնդիրը։

Քթի կոտրվածք ստացած Միհրան Հակոբյանի վնասվածքները փորձագիտական եզրակացությամբ որակվում են որպես «թեթև», իսկ նրա վրա հարձակման մեջ կասկածվող անձինք ազատ են արձակվում․ նրանցից երկուսի նկատմամբ անգամ խափանման միջոց չի ընտրվում։

Սա այն դեպքում, երբ նույն իրավական համակարգում մարդիկ կալանավորվում են խոսքի, տարիներ առաջ արտահայտած դիրքորոշման, ընտրական գործընթացների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կամ պարզապես իշխանությանը անհարմար լինելու համար։

Օրը ցերեկով, դիմակներով, մեքենաների պետհամարանիշները փոխելով իրականացված խմբակային հարձակումը չի գնահատվում որպես հանրային վտանգավոր արարք, մինչդեռ խաղաղ քաղաքացիական կամ քաղաքական դիրքորոշումը դիտարկվում է որպես կալանքի բավարար հիմք։

Սա ընտրովի արդարադատության համակարգային դրսևորում է։

Այն փաստը, որ բռնություն գործադրողները մնում են ազատության մեջ, օբյեկտիվորեն ձևավորում է մեկ եզրահանգում․ նրանք իրենց ապահով են զգում։

Իսկ նման «ապահովություն» չի կարող առաջանալ առանց իշխանական ազդեցիկ հովանավորության։

Արդարության տեսանկյունից սա նորմալ չէ։

Երբ օրենքը խիստ է խոսքի նկատմամբ, բայց մեղմ՝ բռնության հանդեպ, դա այլևս իրավական պետություն չէ, այլ իշխանական կամայականության սպասարկման մեխանիզմ։

Արդարադատությունը պետք է լինի նույնը բոլորի համար՝ առանց «մերոնց» և «ձերոնց»։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 18871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ