ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Ով է գրում պատմությունը

Ով է գրում պատմությունը
10.04.2026 | 10:56

Նախաբան

Երբեմն հոգուդ ողջ ճերմակությունը չի փրկում քեզ մռայլությունից։

Երբ ոչ մեկին չես նեղացրել, երբ քո ճանապարհը մաքուր է եղել, թվում է՝ աշխարհն էլ պիտի նույն կերպ արձագանքի։ Սակայն կյանքը հաճախ պատասխանում է հակառակով՝ ոչ թե այնպիսին, ինչպիսին կաս, այլ այնպիսին, ինչպիսին իրեն անհրաժեշտ է, որ լինես։

Եվ եթե վերևում գայլ կա, նրան պետք չէ քո ճշմարտությունը։ Չի հետաքրքրում մեղմությանդ ապացույցը, ոչ էլ սիրով լցված հայացքդ։ Քո ճերմակ լինելը նրա համար պարզապես պատրվակ է՝ քեզ հոշոտելու։ Որովհետև նա ուժեղն է, իսկ դու՝ ընդամենը մի գառ, որ եկել է ջուր խմելու՝ հավատալով, թե ջուրը մաքուր է և բոլորինը։

Սակայն այս աշխարհում նույնիսկ ջուր խմելու իրավունքը երբեմն պետք է վաստակել ուժով։ Եվ ամենացավալին այն է, որ ճշմարտությունը մենակ է մնում, երբ նրա կողքին համարձակներ չկան։

Գայլն ու գառը

Գառը եկել էր ջուր խմելու։ Նա կանգնել էր առվակի եզրին՝ հանգիստ ու պարզ, ինչպես մեկը, որ ոչ ոքի չարիք չի արել։

Իսկ գայլը՝ վերևում։ Ոչ միայն իր դիրքով, այլև իր համոզմամբ։ Նա վերևում էր, որովհետև վստահ էր՝ ուժն իրենն է, օրենքը՝ իրենը, իսկ արդարությունը՝ լռողների խաղալիքը։

- Դու ո՛չ տեղդ գիտես, ո՛չ չափդ,- գոռաց նա։

- Ես ընդամենը ջուր եմ խմում,- հանգիստ պատասխանեց գառը։- Խաղաղ եմ։

- Խաղաղությունը կեղծ օրորոց է, երբ վերևում գայլեր կան,- արձագանքեց գայլը։

Գառն ուզում էր խոսել, բացատրել, հիշեցնել, բայց շուտով հասկացավ՝ փաստերը չեն փրկում, երբ պատմությունը գրում է նա, ով ուժ ունի։

Գայլը մոտեցավ։

Եվ ոչ միայն կերավ գառին, այլև պատմեց աշխարհին, թե գառն է առաջինը հարձակվել։

Նրանք, ովքեր նույն ջրից էին խմում, լուռ մնացին։

Ոչ թե որովհետև հավատացին, այլ որովհետև վախեցան։

Եվ գայլը մնաց վերևում։

Որովհետև ոչ ոք չհամարձակվեց բարձրանալ։

Հավելում

Գառը չվախեցավ։ Նա գիտեր, որ ճշմարտությունն իր կողմն է։ Բայց նաև հասկացավ՝ այս աշխարհում ճշմարտությունը միշտ չէ, որ ունի ձայն։

Նա լռեց։

Ոչ թե վախից, այլ որովհետև տեսավ՝ բառերը չեն փրկում, երբ աշխարհն արդեն ընտրել է խեղաթյուրված պատկերը։

Գայլը խոսեց։

Բարձր, համոզիչ, անխափան։

Եվ բոլորը լսեցին նրան։

Որովհետև նա էր վերևում։

Որովհետև նա ուներ ձայն։

Եվ ատամներ։

Գառը հեռացավ լռությամբ։ Բայց նրա լռությունը դատարկ չէր։

Երբ վերջին կաթիլ ջուրը դիպավ նրա շրթունքներին, առվակը զրնգաց այլ կերպ։ Այն հիշեց։

Հիշեց՝ ով էր խմողը։

Հիշեց՝ ով էր հոշոտողը։

Եվ գուցե այսօր գայլն է գրում պատմությունը։

Գուցե այսօր նրա ձայնն է լսվում։

Բայց ջուրը հիշողություն ունի։

Իսկ հիշողությունը՝ համբերություն։

Եվ մի օր-

երբ լռությունը այլևս չի տեղավորվի մարդկանց կոկորդներում,

երբ վախը կդադարի օրենք լինել,

երբ մեկը համարձակվի բարձրանալ վերև-

կփոխվի ոչ միայն ձայնը,

այլ պատմությունը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 181

Մեկնաբանություններ