ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

«Նա սիրտ էր և զգացմունք»

«Նա սիրտ էր և զգացմունք»
17.09.2025 | 14:12

Վահան Տերյանը սիրահարված էր Հովհաննես Թումանյանի դստերը՝ Նվարդին։

Այդ սերը փոխադարձ էր: Ասում են, Տերյանը խնդրել է Նվարդի ձեռքը, բայց հայրը մերժել է:

Թումանյանին կարելի է հասկանալ, չէ՞ որ Տերյանը ոչ տուն ուներ, ոչ փող, ոչ ունեցվածք և … այդպես էլ մինչև կյանքի վերջը չունեցավ:

Հայրն իր դստեր լավն էր ցանկացել, բա՞յց… Նվարդն այդպես էլ չամուսնացավ:

Վահան Տերյանը Նվարդ Թումանյանին գրել է նամակներ, նվիրել է բանաստեղծություններ:

Ասում են՝ այդ նամակներից մեկի տառերը լղոզված են և դա այն պատճառով է, որ երբ Նվարդն այդ նամակը կարդալիս է եղել, անսպասելի սենյակ է մտել հայրը և դուստրն այդ նամակը շտապ թաքցրել է ծոցում: Եվ դա է եղել պատճառը, որ նրա քրտինքից տառերը լղոզվեն:

Նվարդ Թումանյանը հուշեր է գրել Տերյանի մասին:

ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Նա սիրտ էր և զգացմունք։

Վահան Տերյանին առաջին անգամ ես հանդիպել եմ գարնանը – պայծառ ու վառ մայիսին, որ հիշողությանս մեջ նա մնացել է որպես պայծառ ու վառ հուշ, մի սիրուն հիշողություն:

Նա իր խառնվածքով գերազանցապես բանաստեղծ էր, իր էությամբ՝ մի հաջող լիրիկ բանաստեղծություն:

Նրա հոգին նուրբ էր ու քնքուշ իր Գանձայի ծաղիկների նման՝ նրբին ու զգայուն:

Սիրտը ջերմ ու հուր, իր երկրի սարերի նման՝ կրակ ու հրաբուխ ու էդ սարերի նման էլ «լայն ու բաց», բայց միշտ թախծոտ տխրությամբ համակված, ինչպես իր հայրենի սարերը մշուշապատ:

Նա սիրտ էր ու համակ զգացմունք, միշտ տարվող ու գերող, վառվող ու այրվող, թերևս դրա համար էլ նրա սիրտը միշտ ցավով էր ու ցավակիր:

Նա երազող էր գերի «ոսկեշող» և «ոսկեհրի» օրերի. հայացքը միշտ հեռուն՝ Գալիքի ոսկե արշալույսի սպասումով լի.

Նա անկեղծ էր ու ազատ իր զրույցներում, իր վերաբերմունքով.

«Կարծեմ՝ կան ծաղիկներ, որոնք փակվում են, երբ մոտենում կամ ձեռք ես տալիս նրանց, կարծեմ՝ կան այդպիսի ծաղիկներ: Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է այդ կեղծիքից ու բռնությունից» (այդպես է նա գրում իր նամակներից մեկում 1914 թվին): Նրա հոգին այդ տեսակ հոգիներից էր և զրույցների ժամանակ միշտ անկեղծ էր ու բաց, ազատ, հարազատ: Նա ներքին ապրումի, ներքին աշխարհի մարդ էր, սիրում էր ինտիմը և իր մոտ ու հարազատ շրջանումն էր, որ բացվում էր Տերյանը:

Անտարբեր չէր դեպի աստղերը: Միստիցիզմը Տերյանի խառնվածքի համար հիմնական գծերից մեկն էր: Խոհում էր, խոսում. ձեռքից բաց չթողնելով իր սև համրիչը, որի հատերը գցում էր ու զրուցում էր:

Զրույցների ժամանակ, երբ գրականությունից ու գրողներից էր խոսքը, սկսում էր արտասանել իր սիրած պոետների բանաստեղծությունները զգացմունքով ու երաժշտականությամբ էր արտասանում:

Տերյանը լավ գիտեր գրականությունը ընդհանրապես, մասնավորապես նորը: Սիրում էր և հաճախ էր դառնում Վեռլենին, Բոդլերին, Սոլոգուբին և մյուսներին, մանավանդ առաջին երկուսին, և երազում էր տեսնել մեծ քաղաքի կուլտուրական կյանքը:

Էսպես էր Տերյանը, էդպիսին եմ հիշում ես նրան մինչև 1917 թիվը:

Էսպես էլ իր բանաստեղծությունների մեջ՝ նուրբ, քնքուշ, երազող, սիրող, ցավակցող. Ներքին ապրումների ու տրամադրությունների երգողն էր նա՝ կարոտի ու թախծի: Եվ ինչպես կյանքում մի հաջող լիրիկ բանաստեղծություն էր, էնպես էլ գրականության մեջ՝ տաղանդավոր լիրիկ բանաստեղծ:

Տերյանի բանաստեղծության մեջ արտաքին հնչյունականություններ էր արտահայտելու ձև բանաստեղծության մեջ նախ և առաջ երաժշտությունը՝ «de la musique avant toute chose», ինչպես Վեռելենն է ասում: Տերյանը շարունակ նուրբ ու հնչուն ձևերի որոնումի մեջ էր ապրածը հնչունով տալ նրան հաջող էր, և նա վարպետ էր էդ բանում:

Դրա հետ միասին նա բանաստեղծությունների նոր տեսակներ էր մշակում, սոնետներ, տրիոլետներ և այլն: Եվ այդ մշակույթով մեր գրականության մեջ նա առաջիններից է:

Տերյանին շատ էր զբաղեցնում մեր լեզուն, նա աշխատում էր ստեղծել մաքուր գրական լեզուն:

Վերջին տարիներին հաճախ էր խոսում իր երկրորդ հատորից՝ «Երկիր Նաիրի» -ից. Թանկ էր նրա համար Նաիրին ու նաիրականը:

Նաիրիի ցավով էր այրվում ու նրա գալիքով մտահոգվում:

«Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառը կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ, որ դա ունի իր խորին ու վսեմ իմաստը: Չէ՞ որ այդպես իմ հոգու նման այրվում է իմ հոգու մեջ «նաիրյան չքնաղ հոգին է այրվում» (Էսպես էր գրում 1916 թ․ նամակներից մեկում):

Իսկապես որ վերջին տարիները այրվում էր Տերյանը. Նա դժգոհ էր ներկայից. շատ բանի անհաշտ էր, ու խորթ էր նրան շատ բան:

Նրա հոգին երբեմն ըմբոստանում էր բողոքում դժգոհում ու ինքն իր կրակով այրվում ու ապրում Գալիքի երազանքով:

Եվ մեծ Գալիքը կարծես նա զգում էր ինտուիտիվ կերպով ու սպասում նրան:

Նա լիքն էր նոր կյանքի հավատով, արշալույսի ծագումով, որի առաջին շողերը միայն տեսավ, առանց նրա կեսօրը տեսնելու, ապրելու և տեսնելու:

Տերյանը նրա երկունքը միայն ապրեց և ինքն էլ ավա՜ղ երկունքի մեջ մեռավ:

«Պարույր Սևակ» ՖԲ էջից

Դիտվել է՝ 278

Մեկնաբանություններ