Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ես ուզում եմ, որ մարդը կանգ առնի, ինչպես ծառն է կանգնած, ու իր արմատների խորքից կարողանա տեսնել աշխարհը»

«Ես ուզում եմ, որ մարդը կանգ առնի,  ինչպես ծառն է կանգնած, ու  իր արմատների  խորքից կարողանա տեսնել աշխարհը»
13.06.2017 | 08:21

«Royal Classic House» ցուցասրահում (հասցեն՝ Փ. Բուզանդի 3) բացվել է գեղանկարիչ, անիմատոր ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը` «Հայեցողը» խորագրով: Ներկայացված աշխատանքները հեղինակի մտածումների բազմապլան արտացոլանքն են՝ արտահայտված նյութի և բովանդակության այլազանությամբ: Թուղթ, յուղամատիտ, յուղաներկ, մոնոտիպ, խառը տեխնիկա գործածելով՝ Գոհար Սարգսյանը պատկերել է մարդկանց, նրանց հարաբերությունների և ծառերի աշխարհը:


-Որտե՞ղ է ավարտվում անիմատոր Գոհար Սարգսյանի աշխարհը, և որտեղի՞ց է սկսվում գեղանկարիչ Գոհար Սարգսյանը,- հարցրինք արվեստագետին:
-Նույնիսկ չեմ կարող ասել՝ անիմացիան ավարտվո՞ւմ է, թե՞ շարունակվում այս աշխատանքներում: Ինձ համար անիմացիան միջոց է՝ շարժում ստանալու և ստեղծելու մի աշխարհ, որը ես եմ տեսնում: Նույնն էլ գրաֆիկական աշխատանքների դեպքում է: Իմ բոլոր գործերում կա ընդհանուր մի բան՝ ես շատ եմ ոգևորվում մարդուց: Ե՛վ անիմացիայի մեջ, և՛ գրաֆիկայում պերսոնալիստական կերպարներ են, որոնք իրենց շարժումներով, իրենց խոսքով, իրենց գործողություններով գրավիչ են, ուժ են տալիս առաջ գնալու, ապրելու: Անիմացիայի և գրաֆիկայի տարբերությունն այն է, որ նյութն է փոխվել,- ասում է Գոհարը:


Ընդարձակ ցուցասրահում ի մի բերված գործերի մեջ շահեկանորեն զատվում է «Ծառեր» շարքը. սա իմ սուբյետիվ տեսակետն է, որի հետ, կարծում եմ, համաձայն է Գոհարի աշխատանքների պատկերագրքի տեքստի հեղինակ, արվեստաբան Վարդան Ջալոյանը: «Գոհարն ընտրել է ծառերը, քանզի նրանք օժտված են ներքին տարածությամբ և կենսունակությամբ: Մարդն զգում է իր հոգևոր հարազատությունը ծառերի հետ, որովհետև նրանց հետ կիսում է իր կեցության մենակությունը»,- ասում է արվեստաբանը:
«Իրատեսի» ճեպազրույցը Գոհար Սարգսյանի հետ անդրադառնում է նաև «Ծառեր» շարքին:
-«Ծառեր» շարքի աշխատանքները շրջանակների մեջ են, որոնք յուրօրինակ են, ոչ ստանդարտ: Բայց դրանց նայելիս այն զգացողությունն ես ունենում, թե ծառերը պարփակված չեն, շարունակվում են շրջանակից դուրս: Ծառը քեզ համար կարծես տարածական, չսահմանափակվող իրողություն է, այո՞,- հարցրինք նկարչին:


-Փոքրուց ինձ համար ծառը շատ կարևոր սիմվոլ է եղել: Ինչ ինձ հիշում եմ, ներքին երկխոսության մեջ եմ ծառի հետ: Այս տարի որոշեցի ծառեր նկարել: Երևի խիստ, երկարատև ձմռան զգացողությամբ էր դա թելադրված. ծաղկած ծառերը, կարծես, պակասում էին մեզ, և ես վերադարձա իմ մանկության զգացողություններին ու նկարեցի այդպիսի ծառեր՝ փորձելով վերականգնել երկխոսությունս նրանց հետ: Զգացողություն է, որ ծառերը կանգնած են, լուռ են: Այդ զգացողությունը փորձել եմ տալ թղթին՝ մոնոտիպ հաստոցային գրաֆիկայով: Ես ուզում եմ, որ մարդը կանգ առնի, ինչպես ծառն է կանգնած, ու իր բարձունքից, իր արմատների խորքից կարողանա տեսնել աշխարհը: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ անընդհատ վազքի մեջ են: Ինձ համար նրանց կանգ առնելը շատ կարևոր է,- պատասխանեց Գոհարը:


Նկարչուհու հայրը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը, խոստովանում է, որ ինքը խորհրդատվությամբ օգնել է դստերը, քանի որ նա հենց իր կողքին է աշխատում, այդուհանդերձ, չի կարողացել որոշում կայացնել, թե «Ծառեր» շարքի 100 աշխատանքներից հատկապես որոնք պետք է ընդգրկվեն ցուցադրության մեջ: Այս հարցում նրանք ունեցել են մասնագետի միջամտության անհրաժեշտությունը և նրա ընտրությամբ ցուցադրել շարքի 10 աշխատանք:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ