Ի՞նչ գիտենք մեր «հարազատ» թշնամու մասին, բացառությամբ՝
«Սուլթան կուզե ջնջիլ մըզի/Զարթիր լաո, մեռնիմ քըզի»։
Վստահ եմ՝ ոչինչ:
Գիտե՞նք, թե ինչպես է ձևավորվում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ովքե՞ր են ձևավորողները:
Ի՞նչ աշխարհայացք ունեն, ի՞նչ փիլիսոփայության կրողներ են:
Կամ ի՞նչ դեր են հատկացնում Հայաստանին իրենց երկրի հետագա վարվելիք քաղաքականության մեջ:
Վստահ եմ՝ անգամ նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են իմանալ ու դրանից ելնելով կառուցել հարաբերությունները մեր «հարազատ» թշնամու հետ, չգիտեն:
Ախր ինչու՞ իմանալ, երբ այնքան հեշտ է կրկնել՝ չգիտեմ ում կողմից հրապարակ նետված հիմարությունը, թե «Հայաստանը սեպ է, խրված թյուրքական աշխարհի մեջ, ու Թուրքիան ցանկանում է ոչնչացնել այդ սեպը»:
Իսկ գիտե՞ք, որ 2024 թ․ Թուրքիայի ազգային անվտանգության համակարգում բացվեց դեռ Ֆիդանի կողմից պլանավորած Հետախուզության ակադեմիան:
Իսկ այս տարի Անվտանգության տնօրեն, դոկտոր Իբրահիմ Քալընը հաստատեց
Հետախուզության ակադեմիայի Լեզվի ինստիտուտի ուսումնական ծրագիրը:
Ըստ այդ ծրագրի, պարտադիր լեզուները, որ պետք է սովորեն և իմանան Ակադեմիայի ունկնդիր հետախույզները ըստ հոսքերի, արաբերենն է, ռուսերենը և հայերենը:
Իսկ շատերը Ռուսաստանի տարածաշրջանից հեռանալն ու Հայաստանի վիլայեթացումը կատարված փաստ են համարում:
(Լոռեցին կասեր ՝ վայ ձեր քեռեկինը փլավ անի ձեր հմա...)։
Իսկ գիտե՞ք, որ Իբրահիմ Քալընը, որ արմատներով Էրզրումից է, ոչ միայն տիրապետում է գրական արևմտահայերենին, այլև Մուշի և Էրզրումի հայկական երգերի անձնական հավաքածու ունի, ինքն է անձամբ հավաքել, որ Սուրբ խաչ քոլեջում Կոմիտասյան երգարվեստ է դասավանդել:
Կամ գիտե՞ք, թե Հաքան Ֆիդանը ի՞նչ ճանապարհ է անցել, մինչև ԱԳ նախարար դառնալը:
Ի՞նչ հանգամանքներում է ծանոթացել Էրդողանի հետ ու հիմա համարվում է նրա ժառանգորդը:
Չգիտեք:
Ասեմ՝ 1997 թ․ Թուրքիայի ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանին 10 ամսով բանտարկեցին: Չորս ամիս Ֆիդանը Էրդողանի բանտային վերակացուն էր...
Հաքան Ֆիդանի աշխարհայացքը ձևավորվել է շոտլանդական փիլիսոփայության, մասնավորապես Նորման Սթոունի աշխատությունների հիման վրա:
Առանց թշնամուդ իմանալու, անհնար է նրա հետ մի կարգին թշնամություն անել, էլ ու՞ր մնաց, թե բարեկամություն։
Դուրս գալ է պետք նկուղից:
Նկուղի փառապատ պատուհանից փողոցով անցնողների միայն կոշիկներն են երևում...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ