Սիրելի ընկերներ, հարազատներ, հայրենակիցներ:
Վաղը՝ հունիսի 1-ին, ժամը 12։00-ից, մեկնարկում եմ անժամկետ, շուրջօրյա նստացույց հանուն մեր ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ արժեքների:
-Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ (Հոդված 3, կետ 1)
Խախտվել է սահմանադրական իրավունք։ Քաղաքացուն կալանավորել են ԽՈՍՔ արտահայտելու համար։
Ուստի նստացույցը կմեկնարկեմ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի մոտ (Բաղրամյան 26/1-ի դիմացի մայթը), որպես Սահմանադրության պահպանմանը հետևող թիվ մեկ պաշտոնյա:
Պահանջը կներկայացնեմ տեղում, ժամը 12։00-ին։ Այս կապակցությամբ հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը։
Իմ կյանքի ողջ գիտակից ընթացքը ապրել ու պայքարել եմ արժեքների համար։ Գիտե՛մ, որ ազատությունը մնում է ԱՆՏԵՐ, երբ նրա համար զրկանք կրողները առաջ չեն գալիս։
Այսօ՛ր, իր ազատ խոսքի իրավունքի համար բանտային պայմաններում պայքար է սկսել քաղաքացի Արթուր Օսիպյանը, ում չեմ ճանաչում, 13 օր առաջ հայտարարելով հացադուլ։
Այդ ազատ խոսքը և իրենն է, և՛ իմը, և՛ քոնը:
Իմ պարտքն եմ համարում գործել գիտակցությանս սահմաններում ճշմարտացի։ Գտնում եմ, որ այս պարագայում լռելն ու անգործության մատնվելը անկարելի է:
Կոչ չե՛մ անում ոչ ոքի միանալ իմ նախաձեռնած նստացույցին, բայց երջանիկ կլինեմ տեսնել այնտեղ յուրաքանչյուրիդ։ Յուրաքանչյուրը թող գործի իր գիտակցության ողջ զորությամբ ու խղճի ողջ նրբությամբ։
Նստացույցին կարող է միանալ յուրաքանչյուր քաղաքացի, նստացույցին չի կարող միանալ ոչ մի քաղաքական ուժ՝ սա քաղաքացիական պայքար է:
Ներողություն եմ հայցում ընտանիքիցս, գաղափարակիցներիցս, աշակերտներիցս և գործընկերներիցս՝ այս ընթացքում պլանավորած աշխատանքները չեղարկելու համար։ Բայց այդ ամենը գեղեցիկ է և արժեք ունի ազատ միջավայրում։ Չեմ ցանկանում, որ մենք ապրենք ԱՆԱԶԱՏ երկրում:
Գեղամ Օհանյան