Հայրս, ապա նաև ես, հարուստ անձնական գրադարան էինք ստեղծել։ Այդ գրադարանում մինչխորհրդային տարիներին տպագրված եզակի գրքեր կային, ապա` անխտիր տպագրված խորհրդային տարիներին։ Ցավն այն չէ, որ այդ ամենը մնսցել է իմ հայրենիքում, որը ստորաբար, դավաճանաբար ծախել են թուրքին։ Ցավն այն է, որ երեք հազար այդ գրքերի մեջ հազիվ մի քանի գրքեր կային` տպագրված հետխորհրդային, այսպես կոչված, անկախական տարիներին։
Ես նաև հարուստ երաժշտական արխիվ էի ստեղծել, որտեղ մոտ երկու հազար երաժշտական ու գրական հրաշալի ստեղծագործություններ էին` հայ և համաշխարհային դասականների, հայ կոմպոզիտորների և գուսանների պրոֆեսիոնալ կատարումներ, ինչպես նշանավոր սիմֆոնիկ ու կամերային նվագախմբերի, այնպես էլ Թաթուլ Ալթունյանի, Արամ Մերանգուլյանի անվան պետական անսամբլների կատարմամբ, նաև էստրադային գոհարներ կային` մինչ 80-ական և 80-ական թվականների աստղերի կստարմամբ։
Ցավն այն չէ, որ դրանց հազիվ 35-40 տոկոսն էի կարողացել ինքս իմ հնարավորություններով թվայնացնել ու փրկել, իսկ մնացյալը մնացել է ծախված իմ հայրենիքում։
Այլ ցավն այն է, որ դրանց մեջ շատ քիչ ստեղծագործություններ կային, որոնք ձայնագրվել են անկախական շրջսնում։ Դրանք լրիվությամբ դասական ստեղծագործություններ էին, որոնց թվում` իմ լավ բարեկամներ Սեդրակ Երկանյանի «Տաղարանը» և Տիգրան Մկրտչյանի ստղծաեծ «Վերնատունը»։ Ժողովրդական համույթներից, երգիչներից ձեռքի մատների վրա հաշված ձայնագրություններ են, որովհետև նախկին խորհրդային պրոֆեսիոնալ համույթներից գրեթե բան չի մնացել։ Գերազանցապես ռաբիսացել են, ինչպես ողջ Հայաստանն է իր քաղաքական դաշտով ու ողջ պարունակությամբ դարձել ռաբիս, գռեհիկ ու զզվելի։
Երբ ամեն տարի անկախության ու նմանատիպ տոներ եք նշում, այդպես էլ չեմ կարողանում պարզել, թե, ի վերջո, ինչ եք ստեղծել անկախական կոչվող երեքուկես տասնամյակում։
Մշակույթը, արվեստը ողբալի է, գրական որևէ արժեքավոր երկ չգիտեմ, արդյունաբերություն չկա, գյուղատնտեսությունը գետնաքարշ է, կրթական համակարգի վրա վաղուց է գերեզման փորվել։ Այն օրերից, երբ դպրոցը դարձրին 12-ամյա ու սնկի պես սկսեցին մասնավոր համալսարաններ ստեղծվել։ Այժմ արդեն այդ համակարգը թաղել ու վրան տապանաքար դնելով են զբաղված։
Երեքուկես տասնամյակում ավերումից, թալանից, պրոֆեսիոնալիզմը` մասնագետներով հանդերձ, դեն նետելուց բացի ուրիշ ոչինչ չեմ տեսնում երբեմնի ծաղկունից բալագան դարձրած այս փոքրիկ երկրում, որտեղ ավերելը, թալանելը, դավաճանությունը, երկիր ծախելը մասնագիտություն է և «տուն պահել»։
Շարունակեք տոնել ձեր «տոները», բայց դրանք իմ և ինձ նման հազարավորների տոնը չեն։
Մեծ Սարոյանը մի պատմված ունի, որի վերնագիրն է` «Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ քաղաքակիրթ են»։ Վաղուց արդեն չկա այդ քաղաքակիրթ երկիրը։ Հիմա ոչքաղաքակիրթների, սրիկաների, ստահակների, դուրսպրծուկների, տականքների, թիկունքից խփողների, մոր ծիծ կտրողների ոսկեդար է։
Վարդգես ՕՎՅԱՆ